Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՂԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է



Զինվորների սննդի կազմակերպման մասին պատմում է պարենային ծառայության պետը

Կապիտան ԲՈՐԻՍ ԲԱԲԱՅԱՆԸ ծնվել է 1986թ. Երևանում: Ութերորդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայի Վոլսկի մասնաճյուղը: 2007-ին վերադառնալով` նշանակվել է զորամասի ծառայության պետ, իսկ 2009-ից նույն պաշտոնում ծառայության է անցել գնդապետ Ա.Ցականյանի հրամանատարությամբ գործող սահմանային զորամասում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Բաբայանների գերդաստանը կարելի է անվանել զինվորական, որովհետև կապիտան Բորիս Բաբայանը երրորդ սերնդի ներկայացուցիչն է, որն ընտրել է զինվորականի մասնագիտությունը: Պապը` Բաբի Բաբայանը, եղել է խորհրդային բանակի գնդապետ, հասել է բարձր պաշտոնի: Հայրը` Համլետ Բաբայանը, այժմ զինվորական կենսաթոշակառու է, մասնակցել է Արցախյան պատերազմին, «Հատուկ գնդի» հիմնադիր վետերաններից է: Երրորդ սերնդի ներկայացուցիչը կապիտան Բորիս Բաբայանն է, որը շարունակում է պապի, հոր ճանապարհը` հարստացնելով գերդաստանի կենսագրությունը: Զորամասում իր ծառայության երեք տարիների ընթացքում երկու անգամ ճանաչվել է զորամիավորման լավագույն պարենային և իրային ծառայության պետ:

– Լավագույն ծառայության պետ ճանաչվելը ես համարում եմ իմ բոլոր ենթակաների բարեխիղճ աշխատանքի արդյունքը: Այս ոլորտում հաջողության հասնելու համար ամենից առաջ պետք է իմանալ սննդի պատրաստման տեխնոլոգիան և հետևել վերակարգի աշխատանքներին, ինչպես նաև ներկա լինել նախաճաշին, ճաշին, ընթրիքին:

Ամեն ինչ սկսվում է մթերումներից (կաղամբ, կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, սոխ և այլն): Ունենք պահեստներ, սառնարանային տնտեսություն: Եվ մնում է պահեստավորված սնունդը ճիշտ, ժամանակին և համեղ մատուցել: Իսկ դրա համար պետք է հետևել, ուշադրություն դարձնել մի շարք գործոնների:

Ամեն հինգշաբթի մեր ծառայության աշխատակիցների հետ անցկացնում ենք «Սննդի ընդունման կուլտուրան» թեմայով պարապմունք` ուշադրություն դարձնելով պահեստների սանիտարահիգիենիկ վիճակի, հագուստի մաքրության, ամանների դասավորման ու հավաքման խնդիրներին:

Զինվորը ճաշարան մտնելիս պետք է հարմարավետություն զգա, ճաշատեսակները պետք է բազմազան լինեն, ճաշերի համն ու հոտը պետք է ախորժակ բացի: Մենք հաճախ ենք զրուցում զինվորների հետ, հաշվի առնում նրանց կարծիքը:

Որպես ուղեցույց փաստաթուղթ` օգտվում ենք «Սննդի պլանավորումը զորամասերի ճաշարաններում», «Զինվորական ճաշարանի խոհարարի հուշատետր» ձեռնարկներից, ինչպես նաև վերադասի հրամաններից:

Զորամասի զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում սահմանային բարդ և դժվարին տեղանքում, որտեղ ծառայությունը պահանջում է ֆիզիկական ու հոգեբանական մեծ լարվածություն: Եվ որպեսզի զինծառայողների ծախսած էներգիան ամբողջովին վերականգնվի, անհրաժեշտ է, որ սնունդը լինի լիարժեք:

Մարտական ամեն հերթափոխից առաջ պարապմունք ենք անցկացնում հենակետեր մեկնող արտահաստիքային խոհարարների հետ: Ըստ մեր ներկայացրած հայտի` խոհարարները ծառայության են գալիս ուսումնական կենտրոնից` իրենց հետ բերելով «Անձնական սանիտարական», ինչպես նաև «Դասընթացների» գրքույկները: Գոհ ենք նրանց պատրաստվածությունից:

Մարտական հենակետերում հենակետերի ավագները հսկում են նրանց ծառայությունը: Դիրքերում նկատելի դրական փոփոխություններ են կատարվել, օրինակ` վերջերս մարտական ամենաբարձր հենակետում ճաշարան կառուցվեց: Դիրքերում պահածոյացված սննդի հետ (խավիար, խտացրած կաթ) տրվում են նաև մասուրի, ծիրանի, խնձորի բնական հյութեր, ինչպես նաև թվարկված մրգերի և դդումի, խառը մրգերի մուրաբաներ: Տոնական օրերին, ինչպես նաև երդման արարողությունների ժամանակ, լրացուցիչ սննդակարգով տրվում են թխվածքաբլիթ, շոկոլադ, ջեմ, ավանդական փլավ, լավաշ և այլն:

Դաշտային պայմաններում (զորավարժություններ, հավաքներ) հստակ գործում են թիկունքի ղեկավարման, պարենային կետերը, և սանիտարահիգիենիկ պայմանների խիստ վերահսկողությամբ` կցորդ – խոհանոցներով օրը երեք անգամ տաք սնունդ ենք մատակարարում զորքին:

Զինվորների ծնողները բազմիցս են եղել զորամասում և ես, որպես ծառայության պետ, անչափ կարևորում եմ նրանց գնահատականը (հատկապես՝ մայրերի), որը ոգևորող է, միևնույն ժամանակ` պարտավորեցնող:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը հեղինակի

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ազգային բանակ


30/05/2013