ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ՀԱՅԿԱԶ ԲԱՂՄԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն գեներալ-լեյտենանտ, ձմեռային ուսումնական փուլի «թեժ» ժամանակաշրջանը մոտենում է ավարտին: Մարտական պատրաստության ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումներից որո՞նք են առավել ուշագրավ` արդյունքների տեսանկյունից:
– Մարտական պատրաստության ծրագրով նախատեսված և իրականացվող միջոցառումներից առավել ուշագրավ են ՄՊ պլանով նախատեսված և ԶՈՒ բոլոր օղակներում անցկացվող գործնական պարապմունքները, զորավարժությունները, շտաբային մարզումները, դաշտային ելքերը, ինչպես նաև՝ հրամանատարական պատրաստությունը՝ ամբողջությամբ, որոնց արդյունքները տեսանելի են:
– Վերջին տարիներին ի՞նչն է փոխվել ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության ծրագրում: Ինչպե՞ս է կազմակերպվում նոր զինատեսակների յուրացման և մասնագետների պատրաստման գործընթացը:
– Վերջին երկու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ԶՈՒ հրամանատարական կազմի պատրաստության գործընթացին: Հատկապես կարևորվում է ձեռք բերված ժամանակակից սպառազինությանը և ռազմական տեխնիկային տիրապետելուն ուղղված խորացված մասնագիտական հավաքների անցկացումը: Ըստ իրականացված ծրագրային փոփոխությունների՝ գործնական պարապմունքների գերակշիռ մասն անցկացվում է գիշերային պայմաններում:
– ՀՀ ԶՈՒ անձնակազմը հասցնո՞ւմ է յուրացնել նոր զինատեսակները: Ունե՞նք բավարար թվով մասնագետներ:
– Այո՛, իհարկե: ԶՈՒ բոլոր ուսումնական զորամասերը համալրված են բանիմաց և գրագետ մասնագետ-սպաներով, որոնք էլ իրականացնում են կրտսեր մասնագետների պատրաստության գործընթացը՝ նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների յուրացման ուղղությամբ:
– Թշնամու անդադար սպառազինումը, նախահարձակ գործողությունների ակտիվացումը, նրա նենգ մարտավարությունը հաշվի առնելով` փոփոխվո՞ւմ է արդյոք ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության ծրագիրը:
– Անշուշտ: Բանակը կենդանի օրգանիզմ է և զարգանում է նաև հակառակորդի սպառազինության տեսակները և մարտավարությունը հաշվի առնելով: Մարտական պատրաստության ուսուցումը ներկայիս ՄՊ ծրագրերով լիովին համապատասխանում է հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների դիմակայման և հակահարձակ գործողություններ իրականացնելու պահանջներին: Ծրագիրն անընդհատ վերանայվում է և ենթարկվում անհրաժեշտ փոփոխությունների:
– Վերջին տարիների ընթացքում ի՞նչ նորարարություններ են կիրառվել զորավարժությունների նախապատրաստման և անցկացման մեթոդաբանության մեջ: Ինչո՞վ են պայմանավորված դրանք:
– ԶՈՒ զարգացման տեմպից կախված՝ վերջին տարիներին փոփոխություններ են տեղի ունեցել զորավարժությունների անցկացման գործընթացում, պարբերաբար կիրառվում են նորարարություններ՝ պայմանավորված մեր հակառակորդի հավանական գործողությունների բնույթով:
– Ուսումնասիրվո՞ւմ է արդյոք այլ երկրների բանակներում մարտական պատրաստության փորձը: Ի՞նչը և ումի՞ց է արժանի ընդօրինակման: Ուսումնասիրվո՞ւմ է արդյոք Արցախյան պատերազմի փորձը:
– Այո՛, իհարկե: 1992թ. կազմավորված հայկական բանակը բնականաբար օգտվում է նախկին խորհրդային բանակի հարուստ փորձից, ինչպես նաև Արցախյան ազատամարտում կուտակված փորձից: Ուսումնասիրվում են նաև արտասահմանյան գերտերությունների մարտավարական բացառիկ տարրեր:
– Ի՞նչ ուղղությամբ է զարգանում բանակի ուսումնանյութական բազան: Ի՞նչ է փոխվել վերջին տարիներին:
-Բանակի ուսումնանյութական բազան ներկայումս գտնվում է արդիականացման փուլում: Բացի ստացիոնար ուսումնանյութական բազայից, ՀՀ զինված ուժերում այսօր կիրառվում է նաև վաշտային կրովի ուսումնանյութական բազա: Հարկ է նշել, որ ԶՈՒ ուսումնանյութական բազան զարգանում է ՀՀ ԶՈՒ հեռանկարային պլանի համաձայն:
-Ներկայացրեք, խնդրեմ, համաբանակային մասնագիտական մրցույթների ընթացքը:
-Այս տարի առաջին անգամ Երևանում անցկացվեց ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. ՀՀ զինված ուժերը ներկայացնում էին 7 մարզիկ-զինծառայողներ, որոնցից 5-ը դարձան առաջնության ոսկե, իսկ 1-ը՝ արծաթե մեդալակիր. թիմային և անհատական հաշվարկով գրավեցինք պատվավոր առաջին տեղը:
Բացի այս՝ ՀՀ զինված ուժերի հավաքականը ամեն տարի մասնակցում է «Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարին, որի արդյունքներով ևս զբաղեցրել ենք առաջատար դիրք. անցկացված չորս մրցաշարերում 3 անգամ նվաճել ենք մրցանակային առաջին տեղը:
ՀՀ զինված ուժերը մասնակցում են նաև ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի միջև կազմակերպվող բոլոր մրցաշարերին, որոնց ընթացքում ևս գրանցում ենք լավագույն արդյունքներ: Ի դեպ, այս շրջանակներում իրականացվող ԱՊՀ անդամ պետությունների ամենամյա սպարտակիադան այս տարի վերափոխվեց առանձին մարզաձևերի մրցաշարերի: Ամեն տարի անցկացվում է նաև ՀՀ ԶՈՒ համաբանակային սպարտակիադա, որի արդյունքներով մրցանակային պատվավոր տեղեր են զբաղեցնում ԶՈՒ տարբեր զորամասեր, ստորաբաժանումներ: Ամեն տարի անցկացվում են նաև մասնագիտական մրցույթներ, մասնավորապես՝ «Լավագույն ՀՄՄ- 1,2», «Լավագույն տանկիստ» մրցույթը՝ մոտոհրաձիգների համար, «Կրակային վահան» մրցույթը՝ հրետանավորների, «Լավագույն ԻՍ դասակ» մրցույթը՝ ԻՍ ստորաբաժանումների համար, ինչպես նաև մասնագիտական մրցույթներ ՀՕՊ զորքերի, ավիացիայի և հետախուզական ստորաբաժանումների համար:
-Պարո՛ն գեներալ, ինչպե՞ս կարելի է բնութագրել իրավիճակն առաջնագծում` «դիպուկահարների՞ պատերազմ», «դիվերսիո՞ն պատերազմ», թե՞ այլ բնորոշում:
– Իրավիճակն առաջնագծում թելադրվում է մեր կողմից, սակայն հաճախ լինում են հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքեր, որոնք մեր կողմից անպայման ստանում են արժանի պատասխան: Ինչ վերաբերում է դիպուկահարների կամ դիվերսիոն հակազդեցությանը, ապա նշեմ, որ մեր դիպուկահարները (որոնք այսօր պատրաստվում են դիպուկահարների դպրոցում) արժանիորեն հակազդում են հակառակորդի դիպուկահարների ցանկացած գործողությանը: Իսկ ՀՀ պետական սահմանը խախտող դիվերսիոն հետախուզական բոլոր խմբերը ժամանակին հայտնաբերվում և վնասազերծվում են:
– Վերջին տարիներին ի՞նչ է փոխվել զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, սննդի, հանդերձանքի ապահովման ու կազմակերպման գործում:
-ԶՈՒ զինծառայողների կենցաղային պայմաններն օրեցօր բարելավվում են. զորամասում հայ զինվորի համար այսօր ստեղծված են բոլոր պայմանները՝ ծառայությունը որակով և ճիշտ կազմակերպելու համար. կացարաններում կան մարզական անկյուններ, բաղնիք-լվացարանային պայմանները բարելավված են, գործում են ակումբները, կան գրադարաններ, կազմակերպվում են կինոդիտումներ, տարբեր ստեղծագործական խմբակներ, համերգներ և այլն:
Բացի այդ, ԶՈՒ կապիտալ շինարարության ծրագրով կառուցվում են բազմաբնակարան շենքեր, որոնցում բնակարաններ են հատկացվում զինծառայողներին:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր