ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅ ԴԱՏ
«Երկրները, որոնք շահագրգռված են ներդրումներ անել Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման ոլորտում, պետք է ձեռնպահ մնան Հայոց ցեղասպանության մասին խոսակցություններից»:
ԹԱՆԵՐ ՅԻԼԴԻԶ
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար
ԱԴՐԲԵՋԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ
«Ադրբեջանը Ռուսաստանի համար լավագույն դեպքում առևտրային գործընկեր է, ոչ թե՝ քաղաքական: Ադրբեջանի քաղաքականության առաջնայնությունը տրված է ԱՄՆ-ին ու Թուրքիային: Ռուսաստանը, լավագույն դեպքում, երրորդն է: Եվ դուք ուզում եք, որ Մոսկվան դրա վրա ա՞չք փակի: Գաբալայի ՌՏԿ-ն օրինակներից մեկն է միայն:
Մոսկվան չի կարող ստիպել Բաքվին վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան: Սակայն կարող է և ուժերի ներածին չափով ավելի սերտ բարեկամություն է անում նրանց հետ, ովքեր Ադրբեջանի պես սևեռուն չեն նայում հակառակ կողմը: Եվ, ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանին Կովկասում ռազմավարական դաշնակից է պետք: Ադրբեջանն այդպիսին չէ»։
ՎԻՏԱԼԻ ՏՐԵՏՅԱԿՈՎ
«Քաղաքական դասակարգ» ամսագրի
գլխավոր խմբագիր, քաղաքագետ
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների շարունակական վատթարացումը, որի գագաթնակետը դարձավ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության դադարեցումը, չէր կարող չազդել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների վրա: Ի դեպ, դա դրականորեն է ազդել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների վրա»:
ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ
քաղաքագետ
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը տեղի ունեցավ դեռ այն ժամանակ, երբ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի պայմանագիրը խզվեց»:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՐԱՄՉԻԽԻՆ
քաղաքագետ
«Ռուսաստանը կասեցրել է ադրբեջանական նավթի տարանցումը՝ փորձելով ճնշում գործադրել Բաքվի վրա: Եթե Ադրբեջանն ընկնի, դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Այս իրավիճակում շատ կարևոր է աջակցել Ադրբեջանին, և այդ աջակցությունը պետք է հստակ ու հետևողական լինի»:
«Վրաստանը լուրջ խնդիրներ ունի հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Դադարեցվել է Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի շինարարությունը, շատ մեծ է Ադրբեջանի հետ հարաբերություններում ռազմավարական աղետի ռիսկը, դադարեցվել են Թուրքիայի հետ ներդրումային մի շարք նախագծեր:
Անձամբ ես շատ եմ ցավում այդ առթիվ, եւ, հավանաբար, դա ոչ մեկին դուր չի գալիս: Հուսով եմ, որ ցավում է կառավարությունը եւս: Այն ամենը, ինչի վրա մենք աշխատել ենք այսքան ժամանակ, չպետք է ջուրը նետվի»:
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ
Վրաստանի նախագահ
ՎՐԱՍՏԱՆ
«Վրաստանն իր հարևան երկրների համեմատ շատ քիչ ունի ծանր սպառազինություն: Սպառազինության շատ տեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները կամ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, Վրաստանն ընդհանրապես չունի` ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի: Վերջիններս մեծ առավելություն ունեն նաև տանկերի քանակի հարցում` 2-3 անգամ: Արդյունքում՝ խիստ կասկածելի է` երևակայական հակամարտության դեպքում կկարողանա՞ Վրաստանը այդ երկրների դեմ նույնիսկ պաշտպանական պատերազմ վարել: Իսկ Ռուսաստանին, Թուրքիային կամ Իրանին արդյունավետորեն դիմակայելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
Վրաստանի մարտական ավիացիան ներկայացված է միայն «Սու-25» գրոհայիններով և «Մի-24» ուղղաթիռներով, որոնց քանակը մեծ չէ: Վրաստանի ՀՕՊ-ը չափազանց թույլ է և 2008թ. պատերազմից հետո չի վերականգնել կորուստները: Դրա կազմում են իսրայելական «Սպայդեր» փոքր հեռահարության ԶՀՀ-ն, փոքր հեռահարության «Օսա» և հնացած «Ս-125» ԶՀՀ-ները: Հնարավոր է՝ 2008թ. պատերազմից հետո անվնաս է մնացել «Բուկ-Մ1» ԶՀՀ-ների մի մասը: Այդ ամենը բոլորովին բավարար չէ գոնե ինչ-որ կերպ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար:
Վրաստանը գործնականում չունի մարտունակ նավատորմ: Ըստ էության, այդ երկրի զինված ուժերը ամենաթույլն են տարածաշրջանում, թեպետ նա ամենաակտիվն է ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու իր ձգտումներում»:
ԼԵՈՆԻԴ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հայասա» կենտրոնի (Մոսկվա) ռազմական վերլուծաբան
ՍԻՐԻԱ
«Այլ պետությունների կողմից ժամանակակից սպառազինության` հակատանկային հրթիռների կամ զենիթային համալիրների մատակարարումը Սիրիայի ապստամբներին ինքնաբերաբար նշանակելու է այնտեղ գործուղել նաև ռազմական խորհրդատուների, որոնք պետք է զբաղվեն ապստամբներին այդ զինատեսակները գործածել սովորեցնելով: Իսկ դա արդեն նշանակում է ուղղակի ներգրավվածություն հակամարտության մեջ»:
ԱՔՍԵԼ ԴԻՎՐԵ
Ֆրանսիական «Ceis» մասնավոր հետախուզական
ընկերության փորձագետ
«Սիրիական իրադարձությունների մեջ ներգրավվող յուրաքանչյուր երկիր ռիսկ է անում այնտեղ տարիներով «խրվելու»: Նախընտրելի է թույլ տալ, որ հակամարտող կողմերը արնաքամ լինեն:
Սիրիայի ապստամբներին աջակցողները ստեղծում են սալաֆիայի (բողոքականության ուսմունքի նմանակը իսլամում – Ա.Յ.) հետևորդների ազգ այն դեպքում, եթե նրանք հաղթեն պատերազմում… Եթե նրանք տապալեն Ասադին, Արևմուտքին շնորհակալություն չեն հայտնելու: Նրանց միակ նպատակը կդառնա ջիհադի (սրբազան պատերազմի) արտահանումը Լիբանան և Հորդանան»:
ՌՈԲԵՐՏ ԲԱՅԵՐ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին սպա, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ
ԱՖՂԱՆՍՏԱՆ
«ԱՄՆ-ը ձգտելու է առավելագույն օգուտ քաղել Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելու գործընթացից: Ձևավորելով այսպես կոչված հյուսիսային երթուղի` ռազմական ու ոչ ռազմական բեռները փոխադրելու համար, Վաշինգտոնն ակնկալում է Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ստեղծել տրանզիտա-տրանսպորտային փոխադրումների լրացուցիչ կենտրոններ: Ընդ որում, ԱՄՆ-ը չի բացառում, որ փոխաբեռնման նման կայանները կարող են դառնալ տարածաշրջանում իրենց լրացուցիչ առաջնադիրքերը (ֆորպոստները)»:
ԼԻԴԻԱ ՊԱՐԽՈՄՉԻԿ
Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների
ինստիտուտի ավագ գիտաշխատող
«Արդյոք ԱՄՆ-ի` Կենտրոնական Ասիայում դիրքերն ամրապնդելու ձգտումը ռազմավարական նպատա՞կ է իր աշխարհաքաղաքական տիրապետությունը հաստատելու ճանապարհին, որպեսզի, օրինակ, ճնշում բանեցնի Ռուսաստանի և Չինաստանի վրա: Եվ ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեսակետը, ըստ որի ԱՄՆ-ին ձեռնտու են այդ տարածաշրջանում անկայունության ու լարվածության օջախները` իր մշտական ներկայությունն արդարացնելու համար: Այո՛, իմ կարծիքով, դա կարևոր ռազմավարական նպատակներից մեկն է»:
ԱԼԻ ԱԲԱՍՈՎ
Ադրբեջանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի
և իրավունքի ինստիտուտի բաժնի պետ
Պատրաստեց ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ռազմաքաղաքական