Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարում

ՍԵՐԺԱՆՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Կրտսեր հրամանատարական կազմի կատարելագործման ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կրտսեր հրամանատարական կազմի պատրաստման աշխատանքներին ներկայացվում են բավական խիստ պահանջներ: Դրանք են.

1. սերժանտը պետք է գիտակցի ռազմական հոգեբանության և վարքականոնի հիմունքների կարևորությունը, կարողանա լիարժեք գիտելիքներ հաղորդել ենթակա անձնակազմին, ձևավորի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ,

2. հասնի լիակատար մարտական պատրաստականության, մարտական գործողությունների ժամանակ վստահորեն կատարի իր պարտականությունները, կարողանա մարտը կազմակերպել կոնկրետ տեղանքում, բարդ ու փոփոխվող իրադրության ժամանակ,

3. ունակ լինի զարգացնելու իր հմտությունները մարտական գործողությունների կազմակերպման, ստորաբաժանման ղեկավարման ու կրակի անընդմեջ կառավարման գործում, անձնակազմի շրջանում ձևավորի բարձր մարտական ու բարոյահոգեբանական հատկություններ, ֆիզիկական տոկունություն և զինվորական կարգապահության նկատմամբ գիտակցված վերաբերմունք,

4. կազմակերպի հակառակորդի ուժերի հետախուզում ցերեկային և գիշերային պայմաններում, օգտվի դիտարկման սարքերից ու հետախուզման տեխնիկական միջոցներից, հետախուզման ընթացքում ղեկավարի ջոկը, զինվորների հետ անցկացնի տվյալ թեմայով անհատական պատրաստման, իսկ դասակի հետ` մարտավարաշարային պարապմունքներ,

5. տիրապետի անհատական ու կոլեկտիվ պաշտպանական միջոցներին, հաստիքային տեխնիկայի ու տեղանքի պաշտպանական հնարավորություններին, հակառակորդի կողմից միջուկային, քիմիական մանրէաբանական (կենսաբանական) զենքի կիրառման դեպքում կատարի ինքնօգնություն ու փոխօգնություն, հատուկ առաջադրանքներ, ենթակաների հետ անցկացնի նշված թեմայով գործնական, տեսական, մեթոդական պարապմունքներ,

6. իրադրության բարդ պայմաններում ինժեներական միջոցների կիրառմամբ կատարի ինժեներական ապահովման խնդիրները, օգտագործի տեղանքի պաշտպանական ու քողարկիչ հատկությունները, գործնականորեն սարքավորի (քողարկմամբ) խրամատները, ճեղքերն ու բլինդաժները, տեղադրի ականներ, ականազերծիչների կիրառմամբ և բացված անցումներով հաղթահարի ականապայթուցիկ արգելքները, ենթակաների հետ անցկացնի տվյալ թեմայով գործնական, տեսական, մեթոդական պարապմունքներ,

7. կապի միջոցներով ռադիոխափանումների պայմաններում կազմակերպի ծառայողական հաղորդակցություն, ժամանակին վերացնի կապի միջոցների հնարավոր անսարքությունները, կատարի կապի միջոցների տեխնիկական սպասարկում, ռադիոքողարկման անվտանգության պահանջները,

8. կարդա տեղագրական քարտեզները, քարտեզով և առանց դրա կողմնորոշվի տեղանքում, կարողանա պահպանել տեղաշարժման ուղղությունը, իր գտնվելու (գործելու) տեղի որոշման համար օգտվի քարտեզից, ենթակաների հետ անցկացնի տվյալ թեմայով գործնական, տեսական, մեթոդական պարապմունքներ,

9. պարապմունքների ժամանակ և առօրյա կյանքում պահպանի անձնական ու կոլեկտիվ հիգիենայի կանոնները, գիտենա առաջին բուժօգնության ցուցաբերման կանոնները և կարողանա կիրառել դրանք,

10. իմանա եւ պահպանի զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի (Ժնևյան) պահանջները,

11. կատարելապես տիրապետի ջոկի հաստիքային զենքերին, կատարի նշանակետերի հետախուզում, որոշի դրանց հեռավորությունը, արագորեն և առաջին իսկ կրակոցով (կրակահերթով) խոցի նշանակետը, կարողանա կիրառել հրաձգության բոլոր եղանակները, ճշգրտի կրակը` հաշվի առնելով լեռնային, օդերևութաբանական ու բալիստիկ պայմանները, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, վարպետորեն նետի ձեռքի մարտական նռնակները: Կառավարի ջոկի և դասակի կրակը, ենթականերին մեթոդապես ճիշտ ուսուցանի ինչպես հրաձգային զենքերի, այնպես էլ այլ միջոցների մարտական կիրառումը, անցկացնի գործնական, տեսական, մեթոդական պարապմունքներ,

12. շուրջօրյա վերակարգում և ամենօրյա ծառայության ընթացքում հստակորեն կատարի կանոնադրությունների պահանջները, ճիշտ անցկացնի պարապմունքները ենթակա ջոկի ու դասակի անձնակազմերի հետ,

13. դիմանա ֆիզիկական ու հոգեբանական երկարատև ծանրաբեռնվածությանը և հաջողությամբ գործի ժամանակակից մարտում, ենթակաների մեջ զարգացնի երկարատև ռազմերթ ու երթարշավ կատարելու դիմացկունություն, խոչընդոտների հաղթահարման, ձեռնամարտի վարման հմտություն, համապատասխան պարապմունքներ անցկացնի ենթակաների հետ:

Այսպիսով` պայմանագրային սերժանտը պետք է իրեն դրսևորի որպես առաջավար, կարողանա կառուցել (ստեղծել) արդյունավետ, սերտորեն համագործակցող թիմ, հոգատար լինի ենթակաների նկատմամբ, հետևի նրանց մասնագիտական աճին, մշտապես ուղղորդի նրանց, անձնակազմին սովորեցնի գործել ամենատարբեր պայմաններում և իրավիճակներում, ենթակաների համար լինի հեղինակություն, ձեռք բերի վերադասի վստահությունն ու հարգանքը, ունենա ռազմական, իրավական և հասարակական գիտելիքների անհրաժեշտ պաշար, լինի հրամանատարի խորհրդատուն, ծառայության ավելի երկար փորձառության շնորհիվ նպաստի երիտասարդ սպաների կայացմանն ու մասնագիտական աճին:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծում ենք, որ ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների պատրաստման համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ է.

– պայմանագրային սերժանտների պաշտոնեական առաջխաղացումն ապահովելու նպատակով վաշտի, գումարտակի և ավելի բարձր օղակների կազմում ստեղծել համապատասխան հաստիքներ և ներդնել որակավորման ու ատեստավորման համապատասխան մեխանիզմներ, ինչը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել զորային կառույցից սերժանտական կադրերի արտահոսքը,

– մշակել ժամանակակից չափանիշներին համապատասխանող ուսումնական ծրագրեր,

– հնարավորինս մեծացնել պայմանագրային սերժանտների իրավունքների դաշտը` ենթակա անձնակազմի կառավարման արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով,

– պայմանագրային սերժանտների համար ստեղծել բարձրագույն ռազմական կրթություն ստանալու հնարավորություն,

– պլանավորել և անցկացնել պայմանագրային սերժանտների որակավորման բարձրացման պարբերական հավաքներ և այլ միջոցառումներ, օրինակ՝ կազմակերպել «լավագույն պայմանագրային սերժանտ» մրցույթ և խրախուսել հաղթողներին,

– պայմանագրային սերժանտական կազմը համալրել հիմնականում տեղի բնակիչներով, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով օգտագործել ֆինանսական միջոցները և սահմանամերձ շրջաներում լուծել որոշ պաշտպանական խնդիրներ,

– ԶԼՄ-ների միջոցով կազմակերպել արդյունավետ քարոզչական աշխատանք:

Ա. ՏՈՆՈՅԱՆ
փոխգնդապետ
ՀՀ ՊՆ Կ և ՌԿՎ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ռազմական


06/06/2013