ԲԱՐՁՈՒՆՔԻՆ
Ինձ մի՛ փնտրեք
Հպարտ քայլերգով
Հաղթական կռվից
Դարձողների մեջ:
Եվ ոչ էլ փնտրեք
Քաջաբար ընկած
Հերոսների մեջ:
Ես տուն չդարձա,
Մնացի այնտեղ՝
Գոռ կռվի դաշտում,
Այն հերոսի հետ,
Որի սխրանքը
Ոչ ոք չտեսավ,
Որի աճյունը
Ոչ ոք չգտավ:
Եվ այդպես անհայտ
Ու անհիշատակ
Նա ընկած մնաց
Մռավի վրա՝
Բարձունքում անհաս…
ԻՄ ԵՐԳԸ
Կարո՞ղ ես երգել մի այնպիսի երգ,
Որ ուժ տա հողի անխոնջ մշակին,
Իր լուծը քաշող հոգնած եզներին:
Ուրեմն՝ երգի՛ր, երգի՛ր դու ուժգին:
Կարո՞ղ ես երգել մի այնպիսի երգ,
Որ ձայնդ հասնի հեռու աշխարհին,
Եվ տուն դարձնի թափառ պանդուխտին:
Ուրեմն՝ երգի՛ր, երգի՛ր դու ուժգին:
Եթե կարող ես, էլ մի՛ հապաղիր,
Զարկի՛ր թմբուկին,
Շեփորահարի՛ր…
Վ. ՄԻՍԱԿՅԱՆ
ենթասպա
Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Հոգևոր-մշակութային