Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿԸ



Ծառայած երիտասարդի խորհուրդը

Արթուր Հարությունյանը վերջերս է զորացրվել բանակից եւ ուսումը շարունակում է տնտեսագիտական համալսարանում: Իմ խնդրանքով պատմում է բանակային կյանքի մասին:

-Մինչեւ ծառայավայր մեկնելը, ավտոբուսում արդեն ծանոթացել էի տղաներից շատերի հետ: Երբ զորամաս հասանք, մութն ընկել էր: Եկավ զորամասի հրամանատարը, ողջունեց մեզ, ոգեւորեց:

Բայց դե ամբողջ գիշեր անքուն անցկացրի` խառնիխուռն մտքերն ինձ հանգիստ չէին տալիս. բանակի, ծառայության մասին ե՛ւ լավն էի լսել, ե՛ւ վատը, մի տեսակ անորոշության մեջ էի: Բացվեց առավոտը, ու բարեւ, զինվորական երկու տարվա կյանք, բանակային առօրյա,- ժպիտով հիշում է Արթուրը ու շարունակում: -Ասել, որ բանակում ամեն ինչ հարթ ու սահուն ընթացավ, ճիշտ չի լինի, բնականաբար, անծանոթ միջավայր, տարբեր մտածողության տեր մարդիկ, ու դու պետք է նոր միջավայրում ինքնահաստատվես:

Ասեմ նաեւ, որ զինվորական կյանքին քիչ թե շատ պատրաստ էի եկել. մեր դպրոցի (Հրազդանի Հ. Օրբելու անվան դպրոց) զինղեկ, կապիտան Նազարյանը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան այնքան լավ էր ուսուցանել, ամեն ինչ տեղը տեղին, որ ես բոլորովին չդժվարացա. շարային քայլք, զենք քանդել – հավաքել, դե երդման խոսքերն էլ անգիր գիտեի…

Բանակում ազատ ժամանակի ճիշտ տնօրինումը անչափ կարեւորում եմ: Մինչեւ զորացրվելը մարմնամարզությամբ էի զբաղվել, որոշեցի բանակում էլ մարզումներս շարունակել: Քիչ թե շատ ծանոթ էի «street workout» (բակային մարզում) մարզաձեւին, որի համար որպես մարզական գույք կարող էր ծառայել շրջապատում ամեն ինչ` ամենասովորական պտտաձողը, սովորական նստարանը, պատը, դարպասը… այսինքն` բոլորին հասանելի մարզաձեւ:

Հենց դրա շնորհիվ էլ բանակային ընկերներս ավելի շատացան. սկզբում գալիս էին, հետաքրքրված հետեւում մարզումներիս, հետո իրենք էլ սկսեցին փորձել, ես էլ սիրով բացատրում էի այս կամ այն հնարքի նրբությունները: Այս մարզաձեւը ինչ-որ առումով կախված է նաեւ մարզվողի երևակայությունից, եւ մենք էլ` զինվորներս, այս կամ այն տարրը բարդացնելով ու հարմարեցնելով զորամասային պայմաններին, անընդհատ նոր հնարքներ էինք կատարում: Սպաները եւս խրախուսում էին մեզ, ոգեւորում, ոմանք նույնիսկ մրցում էին մեզ հետ:

Այսպիսի մարզումներից մեկի ժամանակ էլ զորամասի հրամանատարը` գնդապետ Միրզախանյանը, տեսավ, կանչեց իր մոտ, գովեց մտահղացումս, եւ շատ շուտով ես ստացա «Լավագույն զինվոր- մարզիկ» կրծքանշան: Զորացրվելիս էլ ավագի կոչում ստացա:

Զորամասից մեր դպրոց եւ սովորելուս վայրը` տնտեսագիտական համալսարան, շնորհակալական նամակներ էին ուղարկել, երբ գնացի համալսարան, ինձ մեր ֆակուլտետի դեկանը կանչեց, շնորհավորեց: Անչափ ուրախացել էի. բանակիս բարեխիղճ ծառայության «արձագանքները» մինչեւ ուսմանս վայր էին հասել:

-Բանակային առաջին օրդ անհանգիստ անցավ, իսկ զորացրվելուդ օրը ի՞նչ զգացողություններ էին համակել քեզ:

-Ե՛վ ուրախ, ե՛ւ տխուր: Հաջորդ օրը, երբ արդեն տանը արթնացա, մի պահ նույնիսկ խուճապի մատնվեցի, երբ չտեսա զորամասիս սպիտակ առաստաղը, որը ուղիղ երկու տարի ամեն արթնանալիս տեսել էի, ու մի տեսակ կարոտեցի բանակային կյանքը….

-Ի՞նչ կմաղթես բանակ մեկնողներին:

-Լինեն ընկերասեր, հանդուրժող ու հարգեն միմյանց, միասին հաղթահարեն բանակային կյանքի մեծ ու փոքր դժվարությունները: Ամեն քայլ կատարելիս էլ հիշեն, որ իրենց սպասում են թանկ ու հարազատ մարդիկ:

-Ես զորացրված տղաների հետ զրուցելիս միշտ հարցնում եմ` եթե դու հրամանատար լինեիր, ի՞նչ կանեիր:

-Խստությունն ու կարգ ու կանոնը, ինչ խոսք, անչափ կարեւոր են, բայց դրա հետ մեկտեղ ոչ միայն կհամոզեի, այլ նաեւ կպարտադրեի զինվորներին, որ է՛լ ավելի կրթվեն, մարզվեն եւ ամրանան: Որ բանակային այդ երկու տարիների ազատ ամեն ժամն ու րոպեն լցնեն օգտակար զբաղմունքով: Ես ինքս անձամբ բանակում ծառայելիս է՛լ ավելի կարեւորեցի դաստիարակությունը, ուսումը:

-Արթո՛ւր, քեզ ուսման մեջ հաջողություն եմ մաղթում: Հետաքրքիր է, «street workout» -ով շարունակո՞ւմ ես զբաղվել:

– Ուսմանս զուգահեռ ոչ միայն շարունակում եմ զբաղվել, այլ նաեւ տարածում այդ մարզաձեւը: «Street workout»-ի նպատակը ծխախոտից, խմիչքից, թմրանյութերից, խաղային ազարտից դեռահասին, երիտասարդին կտրելն է եւ առողջ ապրելակերպ քարոզելը: Արդեն այս մարզաձեւով զբաղվողների մեծ խումբ ենք հավաքագրել, որոշել ենք նաեւ, եթե իհարկե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ֆեդերացիա հիմնել: Եղել ենք ՀՀ տարբեր քաղաքներում, ցուցադրական ելույթներով հանդես եկել: Ինձ աջակցում են նաև բանակային ընկերներս, նպաստում, որ մարզաձեւը տարածվի ու ճանաչում ստանա: Որոշել ենք, երբ արդեն հիմնած կլինենք ֆեդերացիա, դիմելու ենք պաշտպանության նախարարին, որպեսզի ընդառաջի այս մարզաձեւը տարբեր զորամասերում ներկայացնելու եւ տարածելու գործում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Բանակ և հասարակություն


06/06/2013