Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՎԵՐԺ ՈՒՍԱՆՈՂԸ



Օրերս ԵՊՀ պատմության ֆակուլտետի 218 լսարանում, որն անվանակոչված է Արցախյան ազատամարտում անմահացած հերոս քաջորդի Զաքար Ավանիսյանի անունով, հուշ-ցերեկույթ էր։ Միջոցառումը կազմակերպվել էր պատմության ֆակուլտետի և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի համատեղ ջանքերով։

Ներկայացվում է Զաքար Ավանիսյանի անցած հերոսական ուղին, ու զարմանում ես՝ ընդամենը 22 տարի ապրած այս երիտասարդը ինչքան շատ բան է հասցրել անել հայրենիքի համար։ Խոսում, պատմում են ներկաները, ու աչքիդ առաջ պատկերվում է Զաքարը, որը միշտ կռվի թեժ կետերում էր։ Նա միայն կռվի դաշտում չէր, մեկ նրան կտեսնեիր զինվորների հետ Թարթառի կամրջի մոտ հսկում էր ջրամբարը, որ հանկարծ թշնամին չպայթեցնի, մեկ` Կրկժանի կռվողներին զենք-զինամթերք հասցնելիս, մեկ` հետախուզության գնալիս, մեկ քարտեզ էր գծում՝ հարձակման համար։ Հատուկ անցաթուղթ ուներ, որի շնորհիվ մթերք էր հասցնում Երևանից Արցախ։ Հասցնում էր նաև մասնակցել խորհրդարանի նիստերին, օգնում էր զոհվածների հարազատներին… Անհանգիստ, պրպտուն, շտապում էր ամեն ինչ հասցնել… Դրան զուգահեռ նաև ուսանում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, բայց շուտով հայտնվում է ադրբեջանական ղեկավարության «սև ցուցակում» և ստիպված տեղափոխվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ ու դասերին մասնակցելու փոխարեն կրկին մեկնում մարտի դաշտ։ «Ցեղակրոն» կամավորական ջոկատի կազմում մասնակցում է Թալիշի,Կիչանի, Բերդաձորի, Մաղավուզի, Քարվաճառի մարտերին, Շուշիի ազատագրմանը։ Հերոս քաջորդին զոհվել է 1992թ. հունիսի 29-ին, Տոնաշենում մղված մարտերից մեկի ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» և «Թալիշի պաշտպան» հուշամեդալներով։

«Նմանաբնույթ միջոցառումները խոնարհ հերոսներին մեծարելուց զատ նաև յուրահատուկ դաս են ուսանողների համար։ Զաքարի օրինակով պետք է դաստիարակվի երիտասարդությունը»,- նշում է պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։

«Մենք Զաքարի հետ նույն կուրսում էինք սովորում։ Սուս ու փուս, համեստ տղա էր, չէր պատմում արածների մասին, իսկական հերոսներն այդպես են լինում,- հիշում է պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանը,- երբ Զաքարը զոհվեց, կուրսից շատերը նրան չէին էլ ճանաչում, որովհետև նա ավելի շատ կռվել է, քան եղել է ուսանող։ Խոնարհվում եմ նրա սուրբ հիշատակի առաջ։ Հպարտ եմ, որ շփվել եմ Զաքարի հետ»։

Պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Դարբինյանն էլ պատմում է, թե ինչպես այն տարիներին դասախոսներից եւ ուսանողներից ջոկատ կազմվեց, խոսում է ուսանող ազատամարտիկների մեծ նվիրումից ու այն սիրուց, որ տածում էին հայրենիքի նկատմամբ, և որն ավելին էր, քան իրենց սեփական կյանքը…

Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանն ավելացնում է, որ Արցախյան ազատամարտում կռվող տղերքը եկան լրացնելու մեր պատմության հերոսական էջերը, նրանցից ամեն մեկը քայլող լեգենդ էր, ասք և առասպել։ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն էլ շեշտում է, որ պետք է հիշել, չմոռանալ մեր քաջերին, նրանք կիսատ թողեցին իրենց երազանքները՝ հանուն հայրենի հողի խաղաղության, ու մենք պարտավոր ենք ամուր պահել մեր հողը ու նաև իրականացնել նրանց անկատար երազանքները։

Հուզված էր Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն, նա ևս հիշեց, պատմեց իր հերոս որդու կյանքից դրվագներ. «Անսահման էր որդուս սերը հայրենիքի նկատմամբ, այնքան շատ, որ մի օր ինձ ասաց. «Մա՛մ ջան, թե ինձ մի բան պատահի, հայրենիքը նեղության մեջ է, հազար ու մի հոգսեր կան, դու մեր պետությունից հանկարծ ոչինչ չուզես»։

Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն, ոչինչ չի ուզում, չէ՛, սխալվեցի, միայն մի բան է շատ ուզում՝ արժանիորեն հիշեն ու արժանիորեն գնահատեն հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներին…

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ճակատագրեր


06/06/2013