ՈՒՍԱՆԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Զոհված ազատամարտիկների ընտանիքներին միավորող «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը մայիսյան եռատոնի շրջանակներում այցելել էր Արցախ: Միջոցառման մասնակիցները եղան նախ Լաչինի, ապա նաև Ստեփանակերտի պանթեոններում և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին գոյամարտի զոհերի հիշատակին: Արցախի վեհացնող բնությունը և այցելությունը պատմամշակութային վայրեր, հատկապես` Գանձասար, յուրահատուկ զգացումներ էր արթնացրել միջոցառման մասնակիցների սրտերում. տեսնելով իրենց հերոս զավակների շնորհիվ ազատագրված հայոց հինավուրց հողի այս պատառիկն ու նրա սրբավայրերը` նրանք հոգեկան ամոքման պահեր էին ապրում:
Առավել հատկանշական էր այցելությունը սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային զորամաս: Այցելուներին զարմանք ու հիացմունք պատճառեցին զորամասի տարածքում ամեն քայլափոխի հանդիպող վարդերն ու տիրող մաքրությունը: Միջոցառման մասնակիցներին դիմավորեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Սաղյանը:
Զորամասի զինվորների հետ հանդիպման ժամանակ փոխգնդապետ Սաղյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ պարբերաբար զորամաս այցելելու համար: Կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանն իր հերթին շնորհավորեց զինվորներին ու սպաներին մայիսյան եռատոնի կապակցությամբ, մաղթեց հոգեկան մեծ ուժ ու կորով, հայրենի հողը պաշտպանելու բացառիկ գիտակցություն` նշելով, որ որդեկորույս մոր համար չկա ավելի ցավալի փաստ, քան թշնամու գնդակից ընկած զինվորը, սակայն առավել ցավալի է խաղաղ պայմաններում միմյանց նկատմամբ դրսեւորվող անհանդուրժողականությունը, ինչը կարող է թշնամուն հրճվանք և ուրախություն պատճառել: Զինվորների հետ զրույցի ընթացքում ժամկետային զինծառայող, սերժանտ Բորիս Միքայելյանը նշեց. «Ամենադժվարը իհարկե կարոտը հաղթահարելն է: Ծառայության ընթացքում շատ արժեքներ ես վերագնահատում` հասկանալով, որ հայրենիքի անվտանգությունը մեծ չափով նաև քեզնից է կախված: Դրան նաև մեծապես նպաստում է զորամասում տիրող կարգապահությունը»:
Միջոցառման մասնակիցները շրջեցին զորամասի տարբեր ստորաբաժանումներում. յուրաքանչյուր ստորաբաժանումում թարմ ծաղկեփնջեր էին դրված Արցախյան ազատամարտի ընթացքում գումարտակի զոհված զինվորների նկարների մոտ: Փոխգնդապետ Սաղյանի ուղեկցությամբ այցելուները տեսան փոքրիկ թանգարանը, որը պատմում էր զորամասի և նրա առօրյայի մասին` խորհրդային ժամանակներից մինչև մեր օրերը. հետպատերազմյան տարիներ, բանակաշինություն, զորավարժություն և մարտական պատրաստություն: «Կարոտի կանչ» կազմակերպության անդամները տեղեկացան, որ զորամասը Արցախյան պատերազմի ընթացքում շուրջ 350 զոհ է տվել, մասնակցել է թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական մարտերին` Արաքսից մինչև Օմար ազատագրելով տասնյակ շրջաններ, ոչնչացնելով թշնամու տասնյակ կրակակետեր: Հանդիպման ընթացքում այցի նախաձեռնողները զորամասի գրադարանին մեծ թվով գրականություն նվիրեցին, այցելեցին զորամասի պանթեոն, որի պատերին մարմարե սալիկների վրա հավերժացած էին բոլոր զոհերի նվիրական անունները:
Միջոցառման մասնակիցները եղան նաև Շուշիում, որտեղ հոգեկան մեծ բավականություն ապրեցին` տեսնելով պատերազմի վերքերից օրեցօր ձերբազատվող ու բարեկարգվող հինավուրց քաղաքը եւ Ս.Ղազանչեցոց եկեղեցին:
«Կարոտի կանչ» ԲՀԿ-ը խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությանը` հանձին նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանին` կազմակերպության անդամների այս նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար:
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Բանակ և հասարակություն