ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:
2. ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐԱԿ
Որպես կանոն, դասավանդման որակը հիմնականում կախված է ճիշտ պլանավորված ուսումնական գործընթացի կառուցվածքից ու մանկավարժական գործունեության արդյունավետությունից:
Կրթության որակը բարելավելու նպատակով ռազմական բուհերում անցկացվում են դասավանդման հմտությունների զարգացման, ուսուցման նպատակների և արդյունքների սահմանման, դասավանդման ոճերի տարբերակման, ուսուցման ոլորտների ըմբռնման հարցերի քննարկումներ:
Ռազմական բուհում բացի ուսուցման, այսպես կոչված, ավանդական ձևերից, լայն կիրառում են ստացել խմբային քննարկումները, դասախոսի ղեկավարմամբ ինքնապատրաստման պարապմունքները: Առանձնակի ուշադրություն է դարձվում ունկնդրի (կուրսանտի) մեթոդական պատրաստվածությանը, ինքնուրույն պարապմունք անցկացնելու կարողությանը:
Խմբային քննարկումները ունկնդրի (կուրսանտի) մեջ ձևավորում են թիմային մտածելակերպ, զարգացնում ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողություն, որպես ապագա հրամանատար (առաջնորդ)՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմորոշվելու ունակություն:
Ունկնդիրների (կուրսանտների) հետ խմբային քննարկման ձևով 160 րոպե տևողությամբ պարապմունք անցկացման միջոցառումների հերթականության դասական տարբերակը ներկայացված է գծապատկեր 3-ում.
Գծապատկեր 3
Ռազմական բուհում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման մյուս առանձնահատկությունը այնպիսի ուսուցման ձևի առկայությունն է, ինչպիսին ինքնապատրաստությունն է: Այն նախընտրելի է անցկացնել դասախոսի անմիջական ղեկավարությամբ՝ հատկապես կուրսանտական ստորաբաժանումներում:
Ինքնապատրաստման ժամերին ունկնդրի (կուրսանտի) գործունեության կազմակերպման հիմնական առանձնահատկությունը նպատակային, գործնական և տիպային խնդիրների լուծումն է, ինչը թույլ է տալիս նրան ուսումնական ժամանակի սահմանափակության դեպքում տիրապետել ինքնուրույն աշխատանքի ձևերին:
Ուսումնառության ընթացքում, հատկապես գործնական պարապմունքների, խմբային վարժությունների, համալիր մարզումների և զորավարժությունների ժամանակ, ունկնդրին (կուրսանտին) տրվում է վարժանքներն ու պարապմունքներն ինքնուրույն անցկացնելու հնարավորություն, երբ նա հանդես է գալիս պարապմունքի, ուսումնական կետի ղեկավարի դերում և հրամանատարական տարբեր պաշտոններում: Ուսուցման այսպիսի մեթոդը նպաստում է ոչ միայն ունկնդրի (կուրսանտի) մեթոդական պատրաստվածությանը, այլ նաև գիտելիքների ավելի արդյունավետ յուրացմանը:
Բարձրագույն ռազմական կրթություն իրականացնող հաստատություններում մշակման փուլում է մասնագիտական առարկաների ուսումնամեթոդական համալիրների գործընթացը, որը նորմացուցային և ուսումնամեթոդական փաստաթղթերի, ուսումնական պլանի համաձայն հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը որակով իրականացնելու համար բավարար և անհրաժեշտ ուսուցման միջոցների ու վերահսկման համակարգ է:
Նման համակարգի ներդրումը ռազմական բուհի համար լայն հնարավորություններ է ստեղծում կազմակերպելու սպաների ուսուցման գործընթացը՝ կտրելով նրանց ծառայությունից:
3. ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մշակվել է ռազմական բուհերում դասախոսական կազմի տարակարգեր սահմանելու, վերջիններիս ընտրության ու մրցութային կարգով պաշտոնների նշանակելու ընթացակարգը: Ընտրությունը իրականացվում է՝ հաշվի առնելով ոչ միայն մասնագիտական, այլև սոցիալ-հոգեբանական, ինտելեկտուալ զարգացման և ֆիզիկական որակները:
Դասախոսական կազմի մասնագիտական կատարելագործման գործընթացը ռազմական բուհի առանձնահատկություններից է: Եթե բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատություններում ընդհանուր գիտական, ինժեներական, հասարակագիտական առարկաներ դասավանդող դասախոսների մասնագիտական կատարելագործումը իրականացվում է ՀՀ տարածքում գործող բուհերում, ապա ռազմամասնագիտական, մասնագիտական առարկաներ դասավանդող դասախոսների մասնագիտական կատարելագործումը կազմակերպվում է հիմնականում արտերկրի ռուհերում և ուսումնական կենտրոններում:
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
գնդապետ