Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ



ԲԱՑՎԵԼ Է ՊԱՏԱՐԱ ԳՅՈՒՂԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

Արցախյան գոյամարտում մեր ժողովրդի հազարավոր քաջորդիների արյան գնով կայացավ հաղթանակը, ու հաստատվեց խաղաղությունը: Արցախում և Մայր Հայաստանում չկա որևէ բնակավայր, որ չունենա թանկ կորուստ: Ասկերանի շրջանի Պատարա գյուղում, ճիշտ է, պատերազմական գործողություններ չծավալվեցին, սակայն 155 տեղացի տղաներ մարտի ելան՝ հայրենի Արցախի պաշտպանության ու ազատության համար: Շատերը տուն դարձան հաղթանակած, իսկ 22-ը, որպես հավերժի ճամփորդներ, իրենց արյամբ սրբացրին մայր հողը:

Վերջերս կայացավ հերոս նահատակներին նվիրված հուշահամալիրի բացումը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Չնայած հորդառատ անձրևին՝ նորակերտ հուշահամալիրի մոտ մարդաշատ էր: Զինվորական նվագախումբը և պատվո պահակախումբը տողանի էին կանգնած հուշարձանի մոտ, և պատվոպահակախմբի հրամանատարը զեկույց տվեց երկրի նախագահին: Սկսվեց ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհման արարողությունը, իսկ հանդիսավոր մասը կայացավ գյուղի դպրոցի դահլիճում:

-Մեր հայրենի Պատարան նույնպես մասնակցեց պատերազմին, ունեցանք թանկ կորուստներ, որպեսզի տիրի խաղաղությունը, մեր մանուկներն ապրեն անխռով ու ապահով: Նման հուշարձանները մեր խիղճն են ու հիշողությունը,-ասաց համայնքի ղեկավարը, որը այդ օրը ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կողմից արժանացավ մայորի զինվորական կոչման:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, դիմելով ներկաներին, ասաց.

-Այստեղ ենք՝ հիշելու, օրհնությամբ եղիցի հիշատակն արդարոց: Նրանք եղան արդարության զինվորներ, և նրանց հիշատակն օրհնյալ է երկնքում և երկրում: Հուշահամալիրը միշտ կհիշեցնի, որ թանկ ենք վճարել այսօրվա համար և պետք է լինենք զգոն, որ էլ պատերազմ չլինի: Այս զոհաբերումները հատկապես ձեզ համար են, սիրելի՛ երեխաներ, հոգով ամուր եղեք:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց.

-Պատարան մեծ դեր է ունեցել նախ Մեծ հայրենականում. մոտ 600 հոգի մասնակցեցին պատերազմին, շատերն ընկան, շատերը տուն վերադարձան փառքով, և կես դար հետո նրանց թոռները կրկնեցին հերոսացումը՝ այս անգամ հայրենի Արցախի պաշտպանության գործում: Փառք հերոսներին:

ԼՂՀ նախագահը շնորհակալություն հայտնեց հուշահամալիրը կերտողներին՝ ծնունդով Պատարայից Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին, բարերարներ Ալեքսանդր Մուսայելյանին, Գերասիմ Բարսեղյանին եւ Արցախի ազատամարտիկների միությանը, ինչպես նաեւ նախագծող-ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանին, որը արժանացավ պատվոգրի և հույս հայտնեց, որ սերունդները չեն մոռանա քաջերի հավաքական սխրանքը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Բանակ և հասարակություն


13/06/2013