Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՊԱՀԻ ՊԱՏՐԱՍՏ…



Հակառակորդի հետ շփման գծի առավել վտանգավոր հատվածներն արդեն քանի տարի հսկում են ՀՀ զինված ուժերի պայմանագրային ստորաբաժանումները: Նման ստորաբաժանումների առավելություններն ակնհայտ են. առաջնագծում ավելի հասուն, արդեն իսկ ծառայության փորձ ունեցող անձինք են հերթապահում, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ավելի շատ և նպատակային զբաղվում են առօրյա մարտական պատրաստության խնդիրներով: Իսկ արդյունավետության մասին խոսում է այն փաստը, որ նման ստորաբաժանումներով համալրված տեղամասերում հակառակորդը մեծ զգուշավորություն է հանդես բերում, քանի որ մեր դիրքապահների, առավել ևս՝ բնակավայրերի ուղղությամբ, դիպուկ կրակի դեպքում պատասխանը շատ ավելի հուժկու է լինում:

Միգուցե շատերի մեջ թյուր կարծիք կա, թե պայմանագրայինները մի քանի օր հերթապահում են դիրքերում ու վերջ, սպասում են հաջորդ հերթափոխին, սակայն դա այդպես չէ: Հերթափոխից ազատ որոշակի օրերին էլ նրանք լինում են զորամասում, մասնակցում պարապմունքներին, էլ չեմ խոսում առաջնագծում հնարավոր լարված իրավիճակի մասին: Պայմանագրայինների հետ մի քանի ժամ անցկացնելով՝ կարելի է պատկերացում կազմել նրանց առօրյայի, ծառայական դժվարությունների և առանձնահատկությունների մասին:

Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի կազմում է փոխգնդապետ Հ.Մկրտումյանի հրամանատարությամբ գործող պայմանագրային գումարտակը: Գումարտակի տեղակայման վայրը գտնվում է սահմանի մոտ՝ զորամասի հիմնական տեղակայման վայրից առանձին: Դա թույլ է տալիս ավելի արագ արձագանքել առաջնագծում իրավիճակի ցանկացած զարգացման: Բացի այդ, զինծառայողների հետ շատ պարապմունքներ անցկացվում են գործնական պայմաններում, շատ դեպքերում հենակետերի անմիջական հարևանությամբ, ինչը լրացուցիչ փորձ և վստահություն է հաղորդում տվյալ տեղանքում օրեր անց հերթապահելու պատրաստվող զինծառայողին: Շենքային պայմանները հեռու են բավարար լինելուց, բայց որոշակի աշխատանքներ տարվում են անձնակազմի ծառայական և կենցաղային պայմանները բարելավելու նպատակով: Անձնակազմի անդամները, բացառությամբ մի քանիսի, տեղացիներ են, սահմանված ժամկետում հերթափոխ կատարելուց հետո վերադառնում են իրենց տները, զբաղվում հողագործությամբ, անասնապահությամբ, առօրյա ընտանեկան հոգսերով:

Ընտանիքը ընտանիք, բայց ծառայության վայրում նրանք բոլորը զինվորներ են, եւ պատրաստ են ամեն պահի հրաման կատարելու ու գործնականում ցուցադրելու իրենց վարժվածությունը: Այդ պատճառով էլ պարապմունքները բավական հագեցած և արդյունավետ են անցնում, գրեթե նույն ծրագրով, ինչը գործում է պարտադիր ժամկետային զինվորներով համալրված ստորաբաժանումներում: Բոլորն էլ հասկանում են` իրենք փորձառու են, ինքնավստահ, բայց մարտական հերթապահության ընթացքում չթերանալու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել ունակությունները:

Պարապմունքների մի մասն անցնում է հրաձգարանի տարածքում, դեպի ուր էլ մեկնեցինք գումարտակի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Կ. Խաչատրյանի հետ: Պետք է նշել, որ հրաձգարանի ողջ տարածքում պարապմունքներ էին ընթանում: Հասկանալի է, որ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների դերակատարումը որոշակի դեպքերում չի սահմանափակվում մեկ ուղղությամբ դիտարկում կատարելով կամ մեկ-երկու անկանոն կրակահերթ արձակելով: Ի թիվս այլ գործողությունների, նրանք պետք է պատրաստ լինեն նաև անհրաժեշտության դեպքում մարտ վարելու կամ հնարավոր վտանգավոր իրավիճակը չեզոքացնելու: Դրա համար անհրաժեշտ է ամբողջությամբ տիրապետել իրենց ամրակցված զենքերին, կարողանալ լավ կրակել և կողմնորոշվել համապատասխան իրավիճակում: Հիմնականում այդ ունակությունների կատարելագործմանն էին միտված տվյալ պահին հրաձգարանում ընթացող պարապմունքները:

Ավագ լեյտենանտ Ռ. Ազարյանի ղեկավարած ստորաբաժանումը ուսումնական պաստառների մոտ ևս մեկ անգամ կրկնեց մարտական դիրքի վրա հարձակման դեպքում պաշտպանվող ուժերի կրակի վարման կարգն ու առանձնահատկությունները, զինծառայողների գործողությունների հաջորդականությունը: Տարբեր պարապմունքների շարքում առանձնակի կարևորվեց նռնակի ճիշտ և նպատակային նետումը, ինչը հակառակորդի մեծաթիվ ուժերի հարձակման դեպքում կարող է որոշիչ լինել: Բոլոր զենքերի նշանոցները վերստուգելուց հետո սկսվեց բուն մարտական հրաձգությունը տարբեր հրաձգային զենքերից, որն անցնում էր զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հողմրցյանի ղեկավարությամբ: Այստեղ էլ մենք ծանոթացանք պայմանագրային զինծառայողների երևի թե գլխավոր առանձնահատկություններից մեկին: Ինչպես նշեցին սպաները, որոշ դեպքերում պայմանագրայինները «հաջողացնում են» վատ արդյունք ցույց տալ հրաձգարանում, սակայն բավական է խրամատում կանգնած ժամանակ հրաման ստանան, վայրկյանների ընթացքում լռեցնում են չափից դուրս ոգևորված հակառակորդին` ամենաուժեղ պաշտպանված թաքստոցի մի փոքր անցքով էլ մահաբեր կրակ թափելով նրա վրա: Այդ պահին որևէ մեկի մտքով էլ չի անցնի, թե այդպես կրակողը կարող է ցածր արդյունք ցույց տալ ուսումնական կրակի ժամանակ:

♦♦♦

Պարապմունքների տարբեր դրվագների հետևելուց հետո մայոր Խաչատրյանի հետ ուղևորվում ենք դիրքեր, ուր երկու օրից հերթափոխն ընդունելու էր պարապմունք անցկացնող ստորաբաժանումը: Իհարկե, առաջին անգամ չէի լինում մարտական հենակետում, դիրքեր կան, որտեղ տղաներից շատերն ինձ ծանոթ են: Եվ ամեն անգամ դիրք գնալիս նույն զգացումն եմ ապրում. հիանում եմ մեր տղաների բարձր ոգով, անձնազոհությամբ, նրանց նվիրվածությամբ իրենց ընտանիքներին ու հայրենիքին: Միևնույն ժամանակ, ցավ եմ ապրում, որ նրանք ստիպված են զրկանքներ կրել, վտանգել սեփական կյանքը՝ մեր վայ-հարևանների ագրեսիվ, հայատյաց քաղաքականության պատճառով: Նույնն էր նաև այս անգամ: Հատկապես, երբ նայում եմ նրանց ու հասկանում, որ ընտրելով հայրենիքի պաշտպանի դժվարին ուղին, կանգնել են կյանքի ու մահվան սահմանին, հասկանում եմ, որ նրանցից յուրաքանչյուրի` հերթապահությունից ողջ և առողջ վերադառնալու հավանականությունը հիսուն-հիսուն հարաբերակցությամբ է, նույնիսկ ավելի քիչ` ի վնաս իրենց: Զինծառայությունից հեռու քչերն են պատկերացնում այդ իրավիճակը: Նաև քչերը գիտեն, որ այստեղ վախ ասվածը գրեթե գոյություն չունի. վախեցողն այստեղ անելիք չունի, երբ մի քանի հարյուր, նույնիսկ մի քանի տասնյակ մետրի վրա նենգ թշնամին է:

Մայոր Խաչատրյանը պատմում է, որ հերթափոխներից մեկի ժամանակ գնդակոծությունը ոչ մի օր չի դադարել, գլուխ բարձրացնելու հնարավորություն չի եղել, բայց դիտարկումը կատարվել է պատշաճ մակարդակով: Մեզ ցույց են տալիս այն հատվածները, որոնց ուղղությամբ հակառակորդը մի քանի անգամ կրակ է բացել: Մեկը կացարանից քիչ հեռու է, մյուսը` որպես ծխարան, հանգստի ու ժամանցի անցկացման վայր ծառայող տարածքի կողքին: Կրակել են հերթափոխի անցկացման պահին, հանգստի ժամերին և այլն: Այսինքն` մի անզգույշ քայլ և կհայտնվես ուղիղ նշանառության տակ: Իհարկե, շրջակա հենակետերից պաշտպանիչ կրակ է վարվել, բայց, ինչպես իրենք են ասում, արդեն սովորել են կրակահերթերին: Եվ նույն պահին նորից եմ նկատում, որ ոչ մեկի խոսքի, պահվածքի մեջ վախի նշույլ անգամ չկա: Զրահաբաճկոններով և սաղավարտներով` նրանք կանգնած են գրեթե նույն տեղամասերում, եւ դիմացից արձակված գնդակը շատ հանգիստ կարող է հասնել իրենց: Հավատացած եղեք, նման տղաների կողքին կանգնելիս յուրաքանչյուր կարգին մարդ նույն պահին կհամակվի հայրենասիրական ոգով, կդառնա նույնքան անվախ և անզիջում հակառակորդի հանդեպ:

Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Գեղամ Մուսինյանի հետ շրջում ենք տարածքում: Արթուն հերթափոխը մարտական լրիվ հանդերձավորմամբ ուղեկցում է մեզ խրամատի ներսում. թեև պահպանում ենք անվտանգության կանոնները, հակառակորդը կարող է շարժ նկատել և ավելորդ ոգևորվել, մանավանդ որ ամիսներ առաջ դիմացի հենակետից արված կրակոցից վիրավորվել էր մեր զինծառայողներից մեկը: Ծանոթանում ենք խրամուղիների, դիտակետերի ինժեներական կահավորվածությանը, համոզվում, որ դիրքապահները սահմանված կարգով ծառայություն են իրականացնում: Ռազմական լրագրողների այցի մասին արդեն բոլորը գիտեն, բայց որևէ մեկը չի էլ մտածում մարտական խնդրի կատարումից շեղվելու մասին: Ավելին, երբ հարցուփորձ եմ անում առաջնագծում տիրող իրավիճակի, մարտական հերթապահության մասին, դիրքապահներից մեկը սկզբում պատասխանում է ինձ, ապա կտրուկ դիմում դիրքի ավագին` հակառակորդի շարժ է նկատվել: Ինչքան էլ փորձում եմ տեսնել այդ շարժը, չի հաջողվում, իսկ կրտսեր սերժանտ Մուսինյանը սկզբում անզեն աչքով, ապա տեխնիկական միջոցների օգնությամբ հաստատում է, որ դիմացի խրամատում մի զինվոր պարզապես ինչ-որ բանով զբաղված` դուրս է եկել տեսանելի հատված: Նման անզգույշ քայլը միանշանակ կարող է ցավալի հետևանք ունենալ, սակայն նման դեպքերում էլ հայ զինվորականների մոտեցումը հստակ է` կրակում ենք միայն դիպուկ կրակին պատասխանելու և տվյալ կրակակետը լռեցնելու կամ որոշակի պատժիչ գործողություն իրականացնելու համար: Թեև երբեմն ափսոսում ես, որ այսքան մարդասեր ենք…

Բավական երկար ենք մնում հենակետում: Անձնակազմը սահմանված կարգով կատարում է նախատեսված միջոցառումները` հերթափոխ, զենքի լիցքաթափում և ստուգում, ուսումնական տագնապ և այլն: Որոշակի դադարի պահին զրուցում ենք տղաների հետ: Առավելապես երիտասարդներ են: Իսկ դա շատ մեծ նշանակություն ունի: Նրանք չեն մեկնել արտագնա աշխատանքի, այլ մնացել են իրենց բնակավայրերը պահելու և շենացնելու, իրենց իսկ ուժերով դրանք պաշտպանելու: Շատերը հասցրել են ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Նրանք խոր արմատներ են գցել հայրենի հողում` ապահովելով սահմանամերձ շրջանի վաղվա օրը: Ապահովում են` վտանգելով ներկան: Բոլորը միաբերան նշեցին, որ սա է ճշմարիտ ապրելակերպը, իրենք պետք է պաշտպանեն իրենց հողն ու ջուրը, հայ մարդու խաղաղ կյանքը: Ծառայական դժվարություններից ոչ ոք չդժգոհեց, սակայն որոշ խնդիրների մասին պայմանագրայինները բարձրաձայնեցին: Օրինակ` բոլորին հուզում էր համազգեստի հարցը: Ե՛վ թիկունքային, և՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում համազգեստ ստանում են նույն ժամանակացույցով: Բայց չէ՞ որ առաջնագծում այդ համազգեստը ավելի շուտ է մաշվում: Խոսեցին նաև աշխատավարձի բարձրացման, հենակետում մշտական էլեկտրականության անցկացման հնարավորության մասին և այլն:

Իհարկե, առանց դժվարությունների զինվորական ծառայությունը չի կարող լինել, այն էլ առաջնագծում: Բայց հատկանշական է, որ տղաներից ոչ մեկը չի տրտնջում, այլ շարունակում է բարեխիղճ կատարել իր պարտականությունները` հայրենանվիրության ոգով համակելով հարազատներին: Հենակետի անձնակազմի անդամներից մի քանիսը պայմանագրային գումարտակում են ծառայում իրենց եղբայրների հետ` մի օջախից երկու կամ երեք մարդ: Արման Սազբանդյանը, Հրաչ Սահակյանը, Մանվել Ղահրամանյանը, Սոկրատ Բաբայանը իրենց եղբայրների հետ միասին գումարտակում բացառություն չեն: Նրանց նման շատերն են հասկանում, որ հայրենիքի պաշտպանությամբ պետք է ազգովի զբաղվենք և այդ դեպքում անպայման կհաղթենք:

Ա.ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուսանկարները` Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/06/2013