Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ԹՈՇԱԿԱՌՈՒ ՉԻ ԼԻՆՈՒՄ



Գնդապետ Արամ Հակոբյանը այսօր էլ շարունակում է հանրօգուտ աշխատանքը

– Ողջո՛ւյն, հրամանատա՛ր…

– Ողջո՛ւյն, պարո՛ն գնդապետ…

– Հարգանքներս, Արամ Սերգեյի…

Արդեն քանի տարի է` ամեն օր, լինի առավոտ, թե կեսօր, ականատես – վկան եմ լինում պահեստազորի գնդապետ Արամ Հակոբյանի և իր ընկերների այսպիսի ջերմ հանդիպումների: Արամ Հակոբյանը քաղաքացիական հագուստով է: Հրամանատար և գնդապետ կոչումով դիմողները նրան ճանաչում են դեռ շատ վաղուց, միասին ճանապարհ են անցել, ծառայել ինչպես խորհրդային, այնպես էլ հայոց բանակում, իսկ անուն – հայրանունով դիմողները այդ հիշողությունները, անցած օրերի բարի հուշերը պահպանողներն են: Երկու դեպքում էլ զգացվում է այն հարգանքը, որը տարիների ընթացքում վաստակել է Արամ Սերգեյի Հակոբյանը:

Իսկ այդ հարգանքն ու սերը անցնող օրերի հետ կաթիլ – կաթիլ է հավաքվել, ստեղծվել: Ի դեպ, Հակոբյանների ընտանիքի պատմությանը ծանոթանալիս զգում ես, որ այս ընտանիքի ամեն մի անդամն իր ապրած կյանքով, իր լավ ու բարի, հայրենանվեր գործերով հարստացրել է այդ պատմությունը:

Թերեզա մայրը հաճախ է կրկնում.

-Գոհ եմ Աստծուց, երեք որդիներս էլ հարգված են, սիրված: Մեծ տղաս` Աշոտը, բժիշկ է, Արամս՝ զինվորական, Պետրոսս` ինժեներ:

Արամն ու Պետրոսը զույգ են: Ծնվել են 1957թ. Ղազախստանի Ագեշկի գյուղում: Արամը քսան րոպեով մեծ է Պետրոսից: Հայրը, ավարտելով Երևանի գյուղինստիտուտը, գործուղվել էր Միջին Ասիա` որպես ագրարային տեխնիկայի մեխանիկ – ինժեներ: Զույգերի ծնվելուց երկու տարի անց (1959թ.) վերադարձել են Հայաստան և մեկ տարի Սպիտակում ապրելուց հետո տեղափոխվել են Երևան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Արամը 1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

-Դեռ մանկությունից, դեռ մանկապարտեզից երազում էի տանկիստ դառնալ,- վերհիշում է Արամ Հակոբյանը,- ու ծառայության ընթացքում, երբ զինվորական հանձնաժողովի անդամները ծանոթանում էին մեր նախասիրություններին, հարցնում էին, թե ի՞նչ զինվորական մասնագետ ենք ուզում դառնալ, երբ հերթը ինձ հասավ, ու ես ասացի` տանկիստ, ռուս գեներալը ուրախ թփթփացրեց ուսս ու ասաց. «Այ, իսկական տղամարդ, ապրե՛ս»… Այդպես ասաց, որովհետև ինձնից առաջ հարցվածները հիմնականում ուզում էին ծառայել որպես ճաշարանի աշխատող, խոզապահ և այլն…

Ուսկենտրոնն ավարտելուց հետո նշանակվեցի տանկի հրամանատար, ու երբ ցանկություն հայտնեցի ծառայելու Կամչատկայում, էլի նույն գեներալը ոգևորությամբ կրկնեց իր խոսքերը, ապա ասաց.

-Մարդիկ Եվրոպաներում են ուզում ծառայել, իսկ դու Կամչատկայում, այ, դա է իսկական հայրենասիրությունը:

Ծառայությունն ավարտելուց հետո Արամը վերադարձավ Երևան և մեկ տարի սովորելով պոլիտեխնիկական ինստիտուտում, կիսատ թողեց ուսումն ու ծառայության անցավ ներքին զորքերի համակարգում: Մանկուց տանկիստ դառնալու երազանքը չէր ուզում կիսատ թողնել: Ավարտեց Սանկտ Պետերբուրգի ներքին զորքերի բարձրագույն սպայական ուսումնարանը: Վերադարձավ արդեն որպես դասակի հրամանատար:

1990թ. ծառայության մի նոր շրջան կարելի է համարել արդեն մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Արամ Հակոբյանի կյանքում: Գումարտակի հրամանատարությունն ստանձնելուց մեկ ամիս անց Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Արցախում սկսվեցին մարտական գործողությունները:

2003 թվականին ՆԳ համակարգից տեղափոխվել և ծառայության է նշանակվել ՊՆ սահմանային զորամասերից մեկում` որպես հրամանատարի մարտական գծով տեղակալ:

Գնդապետ Արամ Հակոբյանը չի սիրում խոսել պատերազմական այն օրերի մասին:

Պատմում են ընկերները, մեկ – մեկ էլ ինքն է իր մեղմ, թախծոտ ժպիտով վերհիշում դրվագներ.

«Երասխի բարձունքի հսկա մի քարի հետևից անընդհատ կրակում էին: Երբ ուղիղ նշանառությամբ կրակեցի` թշնամին անշնչացած իր հսկա մարմնով դուրս նետվեց քարի հետևից: Տղաներից Մարատը ուրախությունից դուրս էր եկել ու պարում էր: Մինչ ռացիայով փորձում էի զգուշացնել Մարատին, զոհվեց թշնամու գնդակից: Շուշիի գրավումից մեկ օր անց գրավեցինք Սադարակի բարձունքը»:

Որտեղ եղել է Արամ Հակոբյանը, բացի թշնամու դեմ մարտնչելուց, թիկունքում, այդ բնակավայրերում աշխատել է ներքին անդորր, խաղաղություն պահպանել: Բոլորն են հիշում` լարված օրեր էին, տարբեր ջոկատներ, չկար դեռ ընդհանուր բանակային կարգուկանոնը: Իսկ այդ օրերին հարգանք ձեռք բերել ու խոսքը դարձնել լսելի` դա արդեն հերոսություն էր:

-Լաչինի միջանցքում 8 դիրք էինք պահում: Երբ հայոց բանակի առաջին զինվորները տեղ հասան, ադրբեջանցիներն սկսեցին տանկով կրակել (դա ավելի շատ հոգեբանական գրոհ էր): Կանչեցի մեր տանկիստ Աշոտին, ու նրա կրակոցից թշնամու տանկը բոցավառվեց: Մեր զինվորները ոգևորվել էին:

-Գնդապետ Արամ Հակոբյանը հրամանատար է ի ծնե,- ասում է միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության նախագահ, գնդապետ Գ.Սարգսյանը:- Ֆիզուլիի մարտերի ժամանակ մենք միասին էինք: Նա էր ընդհանուր հրամանատարը: Տեսնել էր պետք, թե ինչ հայրական սիրով ու խստապահանջությամբ էր մոտենում ամեն մի զինվորի: Տեսնել էր պետք, թե ինչպես էին նրան սիրում, վստահում զինվորները: Միայն այն փաստը, որ այդ տարիների ընթացքում նա ոչ մի զոհ չի տվել, արդեն իսկ խոսում է զինվորականի նրա արհեստավարժության մասին:

Անցած պատերազմական օրերի հուշերը է՛լ ավելի խոսուն են դառնում, երբ մի պահ պատկերացնում ես այն օրերին նրանց ծնողների, ընտանիքի անդամների ապրումները:

Արամի հետ պատերազմ էր դուրս եկել նաև եղբայրը` Պետրոսը, որին «Դավիթ Բեկ» ջոկատի հրամանատարի զոհվելուց հետո տղաները միաձայն ընտրեցին հրամանատար: Երկու տարի եղբայրները իրար չեն տեսել: Մեկը գալիս էր, մյուսն էր գնում: Հայրը (այժմ լուսահոգի) ինքնամփոփ էր, լռակյաց, ամեն ինչ ներս գցող, ոչինչ չէր ասում: «Իսկ մայրս էլ ինձ հանդիպելիս հաճախ էր կրկնում.

– Տղա՛ ջան, գոնե մեկնումեկդ մնացեք:

– Մա՛մ ջան, Պետրոսին ասա, ես զինվորական եմ,- ասում էի ես:

Երևի այդպես էր արդարանում նաև Պետրոսը, ու ճերմակում էին մեր ծնողները»,- հիշում է Արամը:

Իր ստացած պարգևների մեջ գնդապետ Արամ Հակոբյանը հատկապես կարևորում է մեր երկու հանրապետությունների` ՀՀ և ԼՂՀ նախագահների` Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի կողմից տրված «Մարտական ծառայության» մեդալները:

ՄՀՆՋ-ի վետերանների միության փոխնախագահ, գնդապետ Արամ Հակոբյանը այսօր էլ երիտասարդական ավյունով, գործնականությամբ, հոգատար վերաբերմունքով իր վետերան ընկերներին փորձում է ինչ-որ կերպ օգտակար լինել: Նրա աշխատասիրությունը, եռանդը ևս մեկ անգամ ապացուցում է, որ թոշակառու զինվորական չի լինում:

– Ճիշտ է, այսօր սոցիալ – տնտեսական դժվարին պայմաններում ենք ապրում, սակայն միության նախագահ, գնդապետ Գ.Սարգսյանի հետ անում ենք ամեն ինչ, որպեսզի ինչ – որ կերպ օգտակար լինենք նրանց, որոնք ժամանակին եղել են սահմաններին կանգնած, մեր կողքին` ոսոխի դեմ:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Ճակատագրեր


13/06/2013