ՊԱՏՇԱՃ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
Կայացավ 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում, յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին, ժամը 11:00-ից – 16:00-ը: Դիմում բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդի աշխատավայրում:
Հունիսի 6-ին հանձնաժողովի առաջին նիստն էր:
Բացելով նիստը` հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը նշում է, որ զորակոչը կարեւոր գործընթաց է, պետական նշանակության միջոցառում, եւ անչափ կարեւոր է, որ այն անցնի հասարակության վստահության մթնոլորտում: Հանձնաժողովի աշխատանքը թափանցիկ է, բաց լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների առջեւ:
Ներս է մտնում առաջին դիմումատուն` Ս. Աշուղյանը: Որդին` զորակոչիկ Գ. Գալոյանը (ծնված 1993թ.), նախկինում օգտվել է ուսումը շարունակելու համար տրված տարկետումից: Ընթացիկ զորակոչին ՏԶԿ-ի ուղեգրով հետազոտվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում, ախտորոշվել է «Աջ թիակային շրջանի մաշկի պիգմենտային նևուս մազակալումով, չափավոր դժվարացնող զինվորական համազգեստ կրելուն»:
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 13.05.2013թ. 2-34/325 որոշմամբ, ՊՆ 410 հրամանի 89դ հոդվածի համաձայն` ճանաչվել է զինծառայությանը պիտանի, ստացել է ծանուցագիր 21.06.2013թ. զորակոչվելու համար:
Դիմողը համաձայն չէ ընդունված որոշման հետ: «Որդուս խալն առաջացել է 13 տարեկանում: Նրա վիճակը վատացավ անցյալ տարի ծով գնալուց հետո,- նշում է մայրը,-խալը մեծացավ, կա սաստիկ ցավ եւ քոր»: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Գ.Թեփելիկյանը զննում է երիտասարդին եւ նշում, որ անհանգստանալու հարկ չկա, քանի որ խալը բորբոքված չէ, ապա խորհուրդ է տալիս, որ երիտասարդը մշտապես հիշի, որ իրեն հակացուցված է արեւային լոգանքը: Հանձնաժողովը միջնորդագիր է ներկայացնում ՀՀ զինկոմի ՊԺԿ-ին` զորակոչիկ Գ. Գալոյանին ԿԲՀ-ում կրկնակի փորձաքննելու համար` նկատի առնելով զորակոչիկի աջ թիակային շրջանում մազակալված խալի առկայությունը, խալի չափերը` 25×15 սմ և այն, որ որոշված չէ, թե խալը մաշկի որ տոկոսն է կազմում:
♦♦♦
Հաջորդ դիմումատուն Մ.Վարդերեսյանն է: Նրա որդին` զորակոչիկ Տ.Խաչատրյանը (ծնված 1995թ.), 20.02.1998թ. Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության համալսարանական կենտրոնում ենթարկվել է ձախ դաստակի 2-րդ մատի վիրահատության:
2011թ. կցագրման ժամանակ հետազոտվել է վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում և «Ձախ ձեռնաթաթի 2-րդ մատի հետվնասվածքային դեֆորմացիա, վիրահատական բուժումից հետո ֆունկցիայի չափավոր խանգարումով» ախտորոշման հիման վրա ՊՆ թիվ 175 հրամանի 41ա հոդվածով ճանաչվել է` «Պիտանի չէ զինծառայությանը խաղաղ ժամանակ»:
Ընթացիկ զորակոչին դարձյալ հետազոտվել է ՎՕԳԿ-ում: Չնայած նույն ախտորոշմանը` ԿԲՀ-ի 15.05.2013թ. թիվ 3-199/850 որոշմամբ կիրառվել է ՊՆ 410 հրամանի 41բ հոդվածը, որով ճանաչվել է` «Պիտանի է զինծառայությանը սահմանափակումով»:
Սրտի առնչությամբ հետազոտվել է նաև «Ս. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում և «Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա կարդիալ տիպի: Տրիկուսպիդալ հետհոսք 0-1-ին աստիճանի: Հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում» ախտորոշման հիման վրա ՊՆ 410 հրամանի 28բ և 26դ հոդվածներով ճանաչվել է՝ «Պիտանի է զինծառայությանը սահմանափակումով»:
Ստացել է ծանուցագիր` 13.06.2013թ. զորակոչվելու համար:
Դիմողը համաձայն չէ ընդունված որոշման հետ` մատնանշելով, որ նույն ախտորոշման պարագայում փոխվել է կցագրման ժամանակ կայացված որոշումը: Ակնկալում է ցուցաբերել անաչառ մոտեցում:
Հանձնաժողովը միջնորդագիր է ներկայացնում ՀՀ զինկոմի ՊԺԿ-ին` կատարելու հոլթեր-մոնիթորինգ և դրա արդյունքների հիման վրա ԿԲՀ-ում կրկին փորձաքննելու զորակոչիկին` հաշվի առնելով, որ հետազոտական ակտերում նկարագրված է սրտի ռիթմավարի վերփորոքային միգրացիա և չի կատարվել հոլթեր-մոնիթորինգ, որն ըստ ՊՆ 410 հրամանի պարտադիր է սրտի ռիթմի խանգարումների դեպքում:
♦♦♦
Ա. Ամատունին էլ հանձնաժողով է ներկայացել հետեւյալ դիմումով. ամուսինը 2003թ. մահացել է, ինքը գործազուրկ է, ունի 2 երեխա: Դուստրը բնակվում է ՌԴ-ում: Ապրում է որդու` զորակոչիկ Դ. Ասլանյանի (ծնված 1995թ.) և թոշակառու մոր հետ:
Խնդրում է որդուն, որպես միակողմանի ծնողազուրկի, զինծառայության զորակոչել բնակության վայրին մոտ տեղակայված զորամաս: Սակայն հանձաժողովը պարզաբանում է, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` զորակոչիկ Դ. Ասլանյանը ենթակա է զորակոչման ընդհանուր հիմունքներով:
♦♦♦
Ա.Հմայակյանի որդին` զորակոչիկ Հ.Հմայակյանը (ծնված 1994թ.), ընթացիկ զորակոչին ուղեգրվել և հետազոտվել է Սրտաբանության ԳՀԻ-ում, ախտորոշվել է «Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում ըստ ԷՍԳ-ի»:
ԿԲՀ-ի 17.05.2013թ. թիվ 5-280/1634 որոշմամբ, ՊՆ 410 հրամանի 26դ հոդվածով ճանաչվել է` «Պիտանի է զինծառայությանը սահմանափակումով»:
Դիմողը համաձայն չէ ընդունված որոշման հետ, խնդրում է վերանայել այն:
Հանձնաժողովը մանրակրկիտ պարզաբանում է ընդունված որոշման հիմնավորվածությունը:
♦♦♦
Սուսաննա Պողոսյանն էլ բազմազավակ մայր է, ունի 9 երեխա` 7 աղջիկ, 2 տղա: Ամուսնալուծված է: Ավագ որդին շուտով զորացրվելու է:
Կրտսեր որդին` զորակոչիկ Վ Պողոսյանը (ծնված 1995թ.), ՏԶԿ-ի ուղեգրով հետազոտվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում, որի արդյունքում ախտորոշվել է «Թեթև արտահայտված մտավոր ենթաբանականություն»: ԿԲՀ-ի 17.05.2013թ. թիվ 5-278/1632 արձանագրությամբ ՊՆ 410 հրամանի 1գ հոդվածով ճանաչվել է՝ «Պիտանի է զինծառայությանը սահմանափակումով»:
Դիմողը խնդրում է որդուն ծառայության ուղարկել բնակության վայրին մոտ տեղակայված զորամաս:
Հանձնաժողովը միջնորդագիր է ներկայացնում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին՝ ընդառաջելու դիմողի խնդրանքին` նկատի առնելով դիմողի ընտանեկան հանգամանքները, որ նա բազմազավակ մայր է, ավագ որդին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
♦♦♦
Արցախյան պատերազմի մասնակից Ռ.Այվազյանը 2-րդ խմբի հաշմանդամ է: Խնդրում է որդուն, որպես ընտանիքի միակ խնամակալի, տալ տարկետում: Նա պետք է տեղեկանք ներկայացնի ՔԿԱԳ մարմնից, որի դեպքում դիմումը ենթակա է բավարարման «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի ա ենթակետով:
♦♦♦
Օ. Մուրադյանի որդին` զորակոչիկ Ն. Զաքարյանը (ծնված 1994թ.), ունի մաշկային` վուլգար փսորիազ հիվանդություն, որով պայմանավորված` 2012թ. աշնանային զորակոչին նրան տրվել է տարկետում 6 ամիս ժամկետով: Ընթացիկ զորակոչին ուղեգրվել և հետազոտվել է «Մաշկաբանության և սեռավարակների» ԳԲԿ-ում, ախտորոշվել է «Վուլգար փսորիազ»:
ԿԲՀ-ի 17.05.2013թ. թիվ 5-32/1386 որոշմամբ ՊՆ 410 հրամանի 89դ հոդվածի համաձայն` ճանաչվել է՝ «Պիտանի է զինծառայությանը սահմանափակումով»:
Դիմողը համաձայն չէ ընդունված որոշման հետ, խնդրում է վերանայել այն:
Հանձնաժողովը միջնորդագիր է ներկայացվում ՀՀ զինկոմի ՊԺԿ-ին` զորակոչիկ Ն. Զաքարյանին ԿԲՀ-ում կրկին փորձաքննելու համար` նկատի առնելով այն, որ հիվանդությունն ունեցել է տարածուն բնույթ, որի վկայությունն են մաշկի վրա մնացած պիգմենտային հետքերը մեջքի շրջանում, ստորին վերջույթների վրա և հիվանդության պատմությունը, որ սրացումները լինում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին:
♦♦♦
Նիստը դեռ շարունակվում է, ծնողներն անհանգստանում են, տագնապում: Հանձնաժողովի անդամները չեն զլանում, մանրակրկիտ բացատրում են, պարզաբանում:
Հունիսի 1-ից մինչեւ 6-ը ընդունվել է 11 դիմում-բողոք: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը նշում է, որ դիմում-բողոքների մեջ գերակշիռ մաս են կազմում առողջության հետ կապված խնդիրները: Վերջին զորակոչին շատ արտահայտված են եղել հատկապես մաշկային հիվանդությունները:
-Կզորակոչվեն միայն նրանք, ովքեր առողջ են,- վստահեցնում է հանձնաժողովի նախագահը:
Հունիսի 10-ին մեկնարկել է զորակոչը:
Բարի ծառայություն եւ բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում