ԱՆՎՏԱՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Համաբանակային կոնֆերանս եւ փորձի փոխանակում
ԶՈՒ 2013թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով՝ ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների կենսագործման, դեպքեր-պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով սույն թվականի մայիսի 30-ին ՊԲ շտաբում «ԶԾԱ ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով անցկացվել է զինվորական ծառայության անվտանգության համաբանակային կոնֆերանս, որին հաջորդել է N զորամասի բազայի վրա «Օրվա վերակարգի նախապատրաստումն ու փոխարինումը» փորձի փոխանակման թեմատիկ միջոցառումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հ.Բաղմանյանի ընդհանուր ղեկավարությամբ:
ԶԾԱ կոնֆերանսում ներգրավվել էին ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության և ՊԲ ԶԾ բաժնի սպաները, զորամիավորումների և դիվիզիաների շտաբների պետերի ԶԾ գծով տեղակալներ, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ԶԾ գծով տեղակալը, ՊԲ-ի զորամասերի ԶԾԱ հանձնաժողովների նախագահները, հոսպիտալների ու բազաների պետեր, ներկայացուցիչներ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ, սպառազինության, ռազմաբժշկական, ՊՆ ռազմական ոստիկանության վարչություններից ու բանակի հոգևոր ծառայությունից: Փորձի փոխանակմանը մասնակցել են նաեւ ՊԲ ԶԾ բաժնի սպաները, զորամիավորումների և դիվիզիաների շտաբների պետերի ԶԾԳ տեղակալները, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ԶԾ գծով տեղակալը, ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության սպաներ:
Հիմնական զեկույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հ.Կարապետյանը նախ նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պետությունից ակնկալելու իր կենսական շահերի առավելագույն պաշտպանություն ու, կատարելով բանակում ծառայելու իր սահմանադրական պարտքը, քաղաքացին պետք է համոզված լինի, որ սահմանադրությամբ ամրագրված համամարդկային արժեքների պահպանումը իր համար երաշխավորված է պետության կողմից օրենսդրորեն:
Բանախոսը շեշտեց, որ զինվորական ծառայությունը և զինված ուժերի բարեփոխման գործընթացը պահանջում են զինվորական օրենսդրության հետագա զարգացում ու կատարելագործում, զինվորական ղեկավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության օրինականության, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների ապահովում, որոնց շարքում առանձնակի տեղ են զբաղեցնում անվտանգության հարցերը:
Գնդապետ Կարապետյանը առաջադրված խնդիրներից տարանջատեց զորքերի ամենօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրները, որոնք են`
1. Մարտական հերթապահությունում, ներքին ու պահակային ծառայություններում, մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում, սպառազինությունը և ռազմական տեխնիկան շահագործելիս, առօրյա գործունեության ընթացքում շինարարական-վերանորոգման տնտեսական աշխատանքներ կատարելիս անվթարայնության և վնասվածքային անվտանգության ապահովումը,
2. Զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների և ինքնախեղումների կանխարգելումը,
3. Զինվորական ծառայության բժշկական անվտանգության ապահովումը,
4. Հակահրդեհային պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպումը:
Նշելով, որ սկզբունքային է յուրաքանչյուր հրամանատարի (պետի) ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 78-րդ հոդվածի դրույթների անվերապահ կատարումը, որոնցում ըստ էության շարադրված է ցանկացած աստիճանի հրամանատարի (պետի)` անձնակազմի գործունեության, անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաեւ ծառայական խնդիրներ կատարելիս զինծառայողների հաշմվելու (վիրավորումների, վնասվածքների) եւ մահացության (զոհվելու) դեպքերի կանխմանն ուղղված գործունեության մեթոդականությունը:
Հ.Կարապետյանը կարևորեց նաև ԶԾԱ հանձնաժողովների դերը և ընդգծեց, որ համաբանակային կոնֆերանսի մի քանի ելույթների ընտրության նպատակը հենց դրանց աշխատանքն ուղղորդելն է:
FFF
ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ա.Պողոսյանը զինվորական ծառայության անվտանգության գաղափարական (բարոյահոգեբանական) ապահովման հայեցակարգային պահանջից ելնելով` կարևորեց.
1) Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նպատակով զինծառայողների անձնական պատասխանատվության բարձրացմանը միտված դաստիարակչական աշխատանքների հստակ կազմակերպումը:
2) Անձնակազմի հոգեբանական կայունության ապահովումը՝ բարոյահոգեբանական վիճակի մշտական վերլուծության և կանխատեսման, զինվորական անձնակազմերում բարոյահոգեբանական բավարար մթնոլորտի պահպանման, զինծառայողների հոգեբանական համատեղելիության և նրանց փոխհարաբերությունների կանոնադրական պահանջների խախտումների, իրավախախտումների կանխարգելման միջոցով:
3) Զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելումը և անհատական աշխա-տանքի կատարելագործումը՝ հատկապես առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների հետ:
4) Մարտական հերթապահության, զինված հակամարտության պայմաններում, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի աղետների վերացման շրջաններում առաջադրանքներ կատարած զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վերահսկումը:
5) Նորակոչիկներին ու առաջին անգամ պաշտոնի նշանակված ռուհերի շրջանավարտ զինծառայողներին աջակցելը՝ իրենց պաշտոնական և հատուկ պարտականությունները յուրացնելը:
6) Զինծառայողների ընտանիքների բարոյահոգեբանական լարվածության թուլացումը, պայմանագրային հիմունքներով ծառայող զինծառայողների ընտանիքների անդամներին հոգեբանական օգնության ցուցաբերումը:
7) Զորքերում տիրող սոցիալական վիճակի կանոնավոր վերլուծությունը և կանխատեսումը, զինվորական անձնակազմերում լարվածությունը թուլացնելու համար համապատասխան միջոցառումների մշակումը և իրականացումը:
8) Սոցիալական միջոցառումների իրականացումը՝ ապահովելով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը:
9) Համագործակցությունը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սպայական ժողովների, կրտսեր և ավագ սպաների պատվի դատարանների, զորամասերում գործող այլ խորհուրդների ու հանձնաժողովների հետ՝ ի շահ զինվորական ծառայության անվտանգության ապահովման:
10) Ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու համար հավաքագրված քաղաքացիական անձանցից մասնագիտահոգեբանական ընտրության կազմակերպումը:
FFF
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Գ.Թեփելիկյանն անդրադարձավ զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովմանը` այն համարելով ԶՈՒ դեպքեր-պատահարների նվազեցման կարեւոր գրավական: Նա առանձնացրեց մի քանի կարևոր ուղղություններ, որոնց արդյունավետ գործելու դեպքում դեպքերի նվազման համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ.
1) զինծառայողների կյանքի և կենցաղային պայմանների բարելավում՝ մշտական սանիտարահամաճարակաբանական հսկողության կազմակերպմամբ,
2) բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացում,
3) զորակոչիկների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունվող անձանց պարտադիր ռազմաբժշկական փորձաքննության անցկացում,
4) զինծառայողների հիվանդացության և վնասվածքների վիճակագրության պարբերական վերլուծություն:
Գնդապետ Թեփելիկյանը նշեց, որ զորամասի բուժծառայության պետը, լինելով ԶԾԱ հանձնաժողովի անդամ, պետք է լուրջ դերակատարություն ունենա հրամանատարին ներկայացվող առաջարկների մշակման ժամանակ:
FFF
ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կ.Վարդանյանն ու ՊԲ N զորամասի հրամանատարը ենթակա զորամասերում առկա ձեռքբերումները կապեցին իրականացրած կանխարգելիչ միջոցառումների և հրամանատարների կարգապահական պահանջկոտության հետ:
Նրանք առանձնացրին ՀՀ զինված ուժերի ամենօրյա գործունեության մի քանի ոլորտներ, որոնց անվտանգության ապահովման համար պարտադիր համարեցին հետեւյալ համալիր միջոցառումների իրականացումը զորամասերում:
– մարտական պատրաստության (երթերի, զորավարժությունների, մարտական հրաձգությունների) անվտանգություն,
– մարտական հերթապահության անվտանգություն,
– սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման անվտանգություն,
– հատուկ (մասնագիտական) պարապմունքների և աշխատանքների անվտանգություն,
– պահակային, ներքին և կայազորային ծառայությունների անվտանգություն:
ՊԲ շտաբի պետը յուրաքանչյուր ոլորտում դրական արդյունքի հասնելու գրավական համարեց միջոցառումների ամենօրյա, մանրակրկիտ պլանավորման գործընթացը:
FFF
Կոնֆերանսի մասնակիցները, լսելով և քննարկելով բանախոսների ելույթները, իրենց կարծիքն արտահայտեցին զինվորական ծառայության անվտանգության ապահովման հետագա զարգացման անհրաժեշտության մասին՝ հիմք ընդունելով այն իրողությունը, որ, հակառակ ձեռնարկված միջոցառումների, զինվորական ծառայության անվտանգության ապահովման համար ստեղծված պայմանները դեռևս անարդյունավետ են, եւ չի հաջողվում խուսափել զինծառայողների շրջանում մահվան ելքով դեպքերի կրկնությունից: Բարձր են տրանսպորտային միջոցների՝ հիմնականում ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման ժամանակ դեռեւս ավտովթարների դեպքերի ցուցանիշները:
Մտահոգիչ են նաև օրվա վերակարգում, հատկապես պահակային ծառայությունում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հետևանքով գրանցվող մահվան ու ստացած մարմնական վնասվածքների դեպքերի ցուցանիշները: Ցածր է նյութական միջոցների վատնման, չարաշահումների, տեղի բնակչության կյանքին, առողջությանը և ունեցվածքին, ինչպես նաև շրջակա միջավայրին վնաս հասցնող երևույթների բացառմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը զորքերում:
Արդյունքների ամփոփման ժամանակ ընդգծվեց, որ թեպետ լրջագույն աշխատանք է կատարվել զինված ուժերում զինծառայության անվտանգության ապահովման օրենսդրական դաշտի ստեղծման, մեթոդական գրականության մշակման ու հրատարակման, ԶԾԱ փաստաթղթային տնտեսության ստեղծման ու վարման, անվտանգության հանձնաժողովների աշխատանքները խթանելու ուղղությամբ, այնուամենայնիվ, զորային օղակում ԶԾԱ հարցերը լիարժեք չեն լուծվում: Այդ իսկ պատճառով զորքերի ղեկավար կազմի և պաշտոնատար այլ անձանց հիմնական ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն զինծառայողների կյանքի, պատվի, արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն, զանցանք ու հնացանք հայտնաբերելու եւ կանխելու՝ վերը նշված միջոցառումները կյանքի կոչելուն:
FFF
Պլանավորված միջոցառումների շրջանակում անց է կացվել նաև ԶԾ փորձի փոխանակում հետևյալ հարցերի շուրջ`
1.Օրվա վերակարգի (հիմնականում պահակախմբերի) նախապատրաստումը, օրվա վերակարգի փոխարինումը, ծառայության անցկացման վերլուծությունը վաշտում:
2. ԶԾ ուսումնանյութական բազայի վիճակն ու նպատակային շահագործումը:
Զորամասի հրամկազմը ներկայացրեց զորամասի ու ստորաբաժանումների հրամանատարության փորձը` օրվա վերակարգի ծառայության կազմակերպման և նորակառույց շինությունների կահավորման, անձնակազմի տեղավորման ու ներքին կարգուկանոնի կազմակերպման ուղղությամբ:
ՈՒսումնասիրվող հարցերի շուրջ տարակարծություններ չառաջացան, հարցերին պարզաբանումներ տվեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հ.Կարապետյանն ու ՊԲ ԶԾ բաժնի պետ, փոխգնդապետ Վ.Առստամյանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ ԵՎ
ԶԾԱԱ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ