ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում օրերս տեղի ունեցավ զորամիավորման ենթակա ստորաբաժանումների հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն: Այն նվիրված էր ենթակա զորամասերում զինվորական կարգապահության վիճակին, իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցության կազմակերպմանը, գերատեսչական խմբերի, հանձնաժողովների և հասարակական ակտիվների աշխատանքների վերլուծությանը:
Թեմատիկ զեկուցումով հանդես եկավ զորամիավորմաան հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արսեն Համբարձումյանը: Նա իր խոսքում մասնավորապես ասաց. «2013 թ. անցած ժամանակահատվածում զորամիավորման ենթակա զորամասերում և ապահովման ստորաբաժանումներում նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվել անձնակազմի դաստիարակության, ուսուցման կազմակերպման, զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու, զինվորական կարգապահությունը և կարգուկանոնը պահպանելու ու ամրապնդելու, իրավախախտումների կանխարգելման, դրանց պատճառների բացահայտման, բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվել գաղափարական դաստիարակության, իրավաքաղաքական տեղեկատվության, հասարակական ակտիվների, ինչպես նաև` անձնակազմի հանգստի և ժամանցի հետաքրքիր և բովանդակալից կազմակերպման համար»:
Զորամիավորումում զինծառայողների կանոնագրքային հարաբերությունների վրա բացասաբար ազդող արատավոր երևույթների, դրանց գնահատման, բացահայտման և կանխարգելման, ձեռնարկվող միջոցառումների մասին ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ, գնդապետ Սերժ Առուշանյանը:
Ուսումնադաստիարակչական աշխատանքների կենտրոն հանդիսացող համապատասխան օղակների կայացման գործում հասարակական ակտիվի դերի, անօրինական, քայքայիչ գործունեություն ծավալող աղանդավորական կազմակերպությունների բացասական ազդեցության, դրանց դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շուրջ սեմինարներ անցկացրին ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության բաժնի պետ, գնդապետ Ա. Ալեքսանյանը, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ա. Ամիրզադյանը:
Թեստերի միջոցով անցկացվեցին ստուգողական պարապմունքներ, որոնց արդյունքները վկայեցին, որ տեղակալները լավ են տիրապետում զինվորական գիտելիքներին, որոնք կկիրառվեն ծառայության մեջ:
Հավաք-խորհրդակցությունը ցույց տվեց, որ գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում բարձր և հուսալի հիմքերի վրա են զինծառայողների հետ տարվող կարգապահական և դաստիարակչական խնդիրները:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #23 (990) 13.06.2013 - 19.06.2013, Ազգային բանակ