ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ
Յուրաքանչյուր պետություն ունի իր խորհրդանիշները, որոնք բնութագրում են տվյալ երկրի պատմությունն ու ներկան, մշակույթն ու արժեքները: Խորհրդանիշների շարքում իրենց ուրույն տեղն ունեն զինանշանը, դրոշը եւ օրհներգը: ՀՀ զինված ուժերը եւս ունի իր խորհրդանիշները. ՀՀ ԶՈՒ զինանշանը զետեղված է ՀՀ ԶՈՒ մարտական դրոշի, ՀՀ ՊՆ պատվոգրերի, շնորհակալագրերի, զինվորական համազգեստի, ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ գտնվող շինությունների վրա:
Պաշտպանության նախարարությունում գործում է Զինանշանագրային բաժինը, որը 2008թ.-ից ղեկավարում է գնդապետ ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ: Նա զինված ուժերում է արդեն 20 տարի: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նրա հետ հարցազրույցը:
-Պարոն Մելքոնյան, ի՞նչ գործառույթներ է իրականացնում Զինանշանագրային բաժինը:
– Զինվորական խորհրդանիշների` հատկապես զինանշանների եւ դրոշների դերը բոլոր ժամանակներում մեծապես կարեւորվել է: Հնում դրանք նպաստել են բանակի կամ առանձին զորախմբի ռազմական ներուժի համախմբմանը, հանդես եկել որպես հավաքականության եւ միասնականության արտահայտություն, հաղթանակի խորհրդանիշ: Մարտի դաշտում հակառակորդի տարբերանշանը (զինանշան, դրոշ եւ այլն) նվաճելը համարվել է հաղթանակի վավերացում: Հայկական մատենագիտության մեջ բազմաթիվ օրինակներ են պահպանվել ռազմական շքերթների, մարտադաշտ դուրս բերված զինանշանների եւ դրանց խորհրդանշական իմաստների վերաբերյալ:
Ներկայիս զինանշանագրության համակարգում ներառվում են նաեւ դրոշը, դրոշակները, պարգեւները, խորհրդանշական հուշանվերները:
Զինվորական խորհրդանիշները համարվում են զինվորական արարողակարգերի, հանդիսությունների կարեւոր եւ բաղկացուցիչ մասը: Մեր բաժնի գործառույթն է բանակը ապահովել զինվորական խորհրդանիշներով, նաեւ կատարելագործել եւ զարգացնել զինվորական խորհրդանիշների առկա համակարգը: Յուրաքանչյուր նոր աշխատանք մանրամասն քննարկվում է, պատահական նշաններ չկան, ամեն տարր պետք է համապատասխանաբար ունենա իր նշանակությունը: Մենք, օրինակ, փոխեցինք ԶՈՒ ժամկետային զինծառայողների կրծքանշանը` համապատասխանեցնելով հերալդիկայի չափանիշներին:
Մեր բաժինը համագործակցում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, նկարիչների, դիզայներների, ազգագրագետների, հնագետների հետ: Էսքիզները քննարկվում են ե՛ւ ԶՈՒ ԱՀՏԱ, ե՛ւ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների հետ, ապա ներկայացվում պաշտպանության նախարարին: ՀՀ պաշտպանության նախարարը պատշաճ ուշադրություն է դարձնում զինանշանագրային համակարգին` կարևորելով դրանց դերը զինվորականի մարտական եւ բարոյական ոգին բարձր պահելու գործում:
Պաշտպանության նախարարությունը համագործակցում է տարբեր երկրների զինված ուժերի հետ, եւ այս առումով կարեւորվում են նաեւ ՀՀ զինված ուժերը խորհրդանշող արարողակարգային հուշանվերները: Զինվորական խորհրդանիշները տեղեկություն են հաղորդում տվյալ երկրի մասին: Չպետք է մոռանալ, որ այս խորհրդանիշներն ունեն զինծառայողի վրա նաև հոգեբանական, դաստիարակիչ ազդեցություն գործելու ներուժ, եւ բոլոր զարգացած երկրներում ձգտում են այս հանգամանքը հնարավորինս օգտագործել:
-Մեր խմբագրություն այցելած զինվորների ծնողները հպարտությամբ են նշում, որ իրենց զավակը ծառայության ընթացքում արժանացել է այս կամ այն պարգեւին, շնորհակալագրին: Առանձնակի ոգեւորությամբ են շեշտում, որ իրենց որդին պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է ժամացույցով:
-Այդ ժամացույցով խրախուսվում են հատկապես սահմանին կանգնած զինվորները: Բարեխիղճ եւ նվիրված ծառայությունը միշտ էլ պետք է գնահատվի: Օրինակ` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի անձնակազմին խրախուսելու նպատակով էլ ստեղծվել է ՀՀ ԶՈՒ «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալը:
Մեդալը հեռվից էլ տեսանելի է, և տեսնողը կիմանա, որ այն կրող զինծառայողը արժանապատվորեն է ծառայում:
-Որո՞նք են Ձեր բաժնի առաջիկա խնդիրները:
-Բազմաթիվ նոր ծրագրեր ունենք: Առաջին հերթին՝ պլանավորում ենք ստեղծել շտանդարտներ բանակային կորպուսների հրամանատարների համար:
Ինչպես գիտենք, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը ունեն համապատասխան շտանդարտներ, իսկ կորպուսների հրամանատարները` ոչ: Այս բացը, կարծում եմ, պետք է անպայման լրացնել: Նախատեսել ենք նաև պատրաստել ՊՆ վարչական համալիրի մանրակերտը` ընդգրկելու համար ԶՈՒ խորհրդանշական հուշանվերների շարքում: Վերջերս էլ լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվեց «Գեւորգ Վարդանյան» նորաստեղծ գերատեսչական մեդալով, որով այսուհետ պարգևատրվելու և մյուս գերատեսչական մեդալների կողքին հպարտությամբ կրելու են Հայոց բանակի լավագույն զինծառայողները:
-Պարոն գնդապետ, հայ զինվորը ճանաչո՞ւմ է, գիտի՞ մեր զինված ուժերի խորհրդանիշները:
-Միանշանակ պատասխանել չեմ կարող: Տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակություն և հոգեկերտվածք ունեցող տղաներ են զորակոչվում: Այս առումով բանակում մեծ աշխատանք է կատարվում անձնակազմի հետ: Պետք է ամեն կերպ նպաստել, որ զինվորը ոչ միայն ճանաչի, այլեւ հարգանք տածի դրանց նկատմամբ:
Զինվորական խորհրդանիշների արդյունավետ, ճիշտ եւ տեղին գործածումը, կարծում եմ, նաեւ կարեւոր միջոց է` բարձրացնելու զինվորական ծառայության հեղինակությունը: Ի դեպ նշեմ, որ մեր ԶՈՒ զինանշանը պաշտպանված է օրենքով. առանց պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի թույլտվության ոչ ոք իրավունք չունի այն կիրառելու: Զինանշան կրող իրը ենթակա չէ վաճառքի:
– Ձեր աշխատասենյակում են զինանշանագրային բաժնի ստեղծած հուշանվերների` սրերի, դաշույնների, գրիչների, ժամացույցների, արձանիկների, ինչպես նաև մեդալների, կրծքանշանների, հուշատախտակների նմուշները: Չափազանց գեղեցիկ են ու տպավորիչ, հատկապես` Հաղթանակած հայ զինվորի արձանիկը:
– Ժամանակի ընթացքում մեր զինվորական խորհրդանիշների համակարգը գուցեեւ փոփոխության ենթարկվի, բայց Աստծո օգնությամբ թող միշտ նույնը մնա հայ զինվորը` ուժեղ, անպարտ ու հաղթանակած:
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ