ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հասարակության համար ամենաթափանցիկ ուժային կառույցն է աշխարհում, որը պատերազմի մեջ լինելով` այսքան տեղեկատվություն է տրամադրում իր գործունեության մասին»,- հունիսի 8-ին հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված սեմինարի ժամանակ: Նախորդ օրը պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրատվամիջոցների մի մեծ խմբի այցելությունը հյուսիս-արեւելյան զորամաս, որտեղ մայիսի 15-ին տեղի էր ունեցել մահվան ելքով ցավալի միջադեպը: Պաշտպանության նախարար Ս.Օհանյանի խոսքով, զորամասի ընտրությունը պատահական չէր. նպատակն էր ցույց տալ, որ թեև ցավալի միջադեպ է տեղի ունեցել, սակայն զորամասը լավագույններից մեկն է և լիարժեքորեն կատարում է իր առջև դրված խնդիրները: «Անցյալ տարի այս զորամասի մարտական հենակետերից մեկում հակառակորդը փորձել էր դիվերսիա իրականացնել, և մեր զինվորները հերոսաբար պահել էին դիրքը` մեկ զոհ և մեկ վիրավոր տալով»,- ասաց նախարարը` հանդիպման վերջում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Լրագրողները զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Ասատրյանի առաջնորդությամբ շրջեցին զորամասի տարածքում, եղան շտաբում, ճաշարանում, զորանոցում, ռազմական տեխնիկայի հավաքակայանում և պահակատանը, որտեղ կատարվել էր սպանությունը, լուսանկարեցին, տեսանկարահանեցին և հարցազրույց արեցին զինվորների ու սպաների հետ: Զորամասի հետախուզական ստորաբաժանումը ցուցադրեց ձեռնամարտի հնարքներ, հակառակորդի մարտական հենակետի ոչնչացման ռազմագործողություն:
Այնուհետև լրագրողները մեկնեցին հրաձգարան, որտեղ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ դիտեցին վաշտի կազմով հոգեբանական պատրաստության և հրաձգության պարապմունքներ, իրենք էլ կրակեցին ինքնաձիգով:
Հրաձգարանից լրագրողներն ուղևորվեցին առաջին գծի մարտական հենակետ, որտեղ նախարարի հետ միասին ծանոթացան պայմանագրայինների ծառայությանը: Վերջիններս ցուցադրեցին հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակումը հետ մղելու ռազմագործողություն:
Այս ամենից հետո պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
♦♦♦
Ս.Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնում իր վերանշանակվելու 50-րդ օրը լրանալու առթիվ ներկայացրեց նախորդ 5 տարիների ընթացքում պաշտպանության նախարարության հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները: Դա արվեց հասարակության առաջ յուրահատուկ հաշվետվության ձևով:
Նախարարի խոսքով, հաշվետու ժամանակաշրջանում`
– ձևավորվել է ռազմավարական պլանավորման նոր մշակույթ: Պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլը կսկսվի 2014թ. և կընդգրկի 2014-2020թթ. ժամանակահատվածը:
– տարանջատվել են ՊՆ և ԳՇ գործառույթները,
– մշակվել է ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը, մշակման փուլում է ռազմարդյունաբերության զարգացման ծրագիրը,
– ներդրվել է հանկարծակի ստուգումների ինստիտուտը, որի շնորհիվ զորքերը մշտապես զգոն վիճակում են,
– զորահավաքային ռեսուրսը սկսել է ներգրավվել զորավարժություններում,
– ավելի մեծ ուշադրություն է դարձվել մարդկային ռեսուրսների կառավարմանը, այսուհետ ավելի արդարացի է իրականացվելու զորակոչը: Հրամանատարները հատուկ ուշադրություն են դարձնում նորակոչիկների հարմարվողական (ադապտացիոն) գործընթացին: Նորակոչիկների անհատականության ավելի համակողմանի ուսումնասիրության նպատակով դպրոցներին և զինկոմիսարիատներին հանձնարարվել է «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկում» բնութագրական տվյալներ տրամադրել զորակոչիկի մասին:
– ձևավորվել է ռազմական կրթության հայեցակարգը, ըստ որի` այն սկսվում է ՆԶՊ առարկայի դասավանդումից, ներառում ռազմամարզական, կադետային դպրոցները, ռազմական ինստիտուտները (մարտավարական օղակ` բակալավրի որակավորումով), վերապատրաստման դասընթացները տարբեր օղակների հրամանատարների համար: Հաջորդ փուլում` 2014թ., ստեղծվելու է ռազմական ակադեմիա` մագիստրոսի որակավորումով սպաներ պատրաստելու համար (հրամանատարաշտաբային օղակ): Իսկ դրան կհաջորդի ամենաբարձր` ռազմավարական և անվտանգային մակարդակի ուսումնական հաստատության ստեղծումը` ՀՀ ՊՆ ԱՌՀԻ հիման վրա:
– ներդրվել է պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ինստիտուտը, որի շնորհիվ հատկապես սահմանամերձ շրջաններում լուծվում են նաև տեղի բնակչության սոցիալական խնդիրները,
– ավելի մեծ ուշադրություն է դարձվել կադրային աշխատանքին: Այս ոլորտում գնահատվել են կոռուպցիոն ռիսկերը և մշակվել դրանք նվազագույնի հասցնելու մեխանիզմներ: Ռազմական ակադեմիայում ուսումը շարունակելու նպատակով սպաների ընտրության գործընթացում նախադրյալներ են ստեղծվել արդարության ու անաչառության սկզբունքների պահպանման համար (ընտրությունը կատարվում է հանձնաժողովների միջոցով),
– լուրջ աշխատանք է կատարվել մարտական հերթապահությունը (որը ԶՈՒ ամենակարևոր խնդիրն է) ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ: Դրա համար բարձրացվել է զինծառայողների արհեստավարժության և հոգեբանական պատրաստության աստիճանը, կատարվել են ինժեներական մեծածավալ աշխատանքներ, ստեղծվել են պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներ,
– որակական նոր մակարդակի է բարձրացվել ուսումնական գործընթացը, ինչը վկայում են մեր բանակում և միջազգային համագործակցության շրջանակներում ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ անցկացված համատեղ զորավարժություններն ու գործողությունները,
– կատարելագործվել է բանակի ուսումնանյութական (այդ թվում` վաշտային կրովի) բազան, հրաձգարաններում ստեղծվել են որակյալ ուսումնական կետեր: Պարապմունքների 30%-ը և զորավարժությունների մի մասն անցկացվում է մարտական դիրքերում, ինչը լիարժեք է դարձնում մարտական պատրաստությունը,
– բարձր մակարդակի վրա է դրվել նյութատեխնիկական ապահովումը բոլոր զորատեսակների համար: Այս խնդիրը ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի` ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է: ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ստեղծվել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, որն զբաղվում է միայն գնումներով, իսկ գլխավոր շտաբը պատվիրատուն է: Այս ոլորտում նույնպես գնահատվել են կոռուպցիոն ռիսկերը, և գնումների գործընթացը դարձել է ավելի արդյունավետ,
– խստացվել է վերահսկողությունը ֆինանսական և նյութական միջոցների օգտագործման նկատմամբ,
– ամրապնդվել է կարգապահությունը. 2008-2011թթ. գրեթե 40%-ով նվազել են մարդկային կորուստները: 2012թ. պահպանվել են կարգապահության առումով լավագույն` 2011թ. ձեռքբերումները, իսկ 2013թ., նույնիսկ մահվան ելքով վերջին պատահարների հաշվառմամբ, նույնպես նկատելի է մարդկային կորուստների նվազման միտում:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ մարդկային կորուստների խնդրին` նշելով դրանց երկու հիմնական պատճառ: Առաջինն այն է, որ ՀՀ ԶՈՒ անձնակազմի 1/3-ը ամեն օր առնչվում է զենքի հետ (մարտական հերթապահության ժամանակ և մարտական պատրաստությամբ զբաղվելիս), իսկ երկրորդը միջանձնային հարաբերություններում տեղ գտնող բախումներն են, որոնք թեև հնարավոր չէ վերացնել, սակայն պետք է բացառել դրանցում զենքի գործածումը: Այդ ուղղությամբ ձեռնարկվում են բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներ` զորամասերում զինվորական ծառայության անվտանգության ապահովման, ինքնավնասումների կանխարգելման հանձնաժողովների գործունեությունից մինչև դաստիարակչական աշխատանք, որն իրականացնում են ինչպես հրամանատարները, այնպես էլ իրավապահ մարմինները: Ներկայումս մշակվում է դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու մեծ ծրագիր: Խոսքը նախևառաջ հրամանատարների մանկավարժական կուլտուրան բարձրացնելու մասին է:
Նախարարի խոսքով, 2013թ. մեծ ուշադրություն է դարձվելու կրտսեր` վաշտ (մարտկոց) օղակի հրամանատարներին, որոնց հատուկ աջակցություն է ցուցաբերվելու: Այդ օղակներում կարևորվելու է նաև հասարակական ակտիվների գործունեությունը, ինչը կարող է էապես բարելավել միջանձնային հարաբերությունների մթնոլորտը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ