ՄԵԿ ՀՐԹԻՌ` ՄԵԿ ԻՆՔՆԱԹԻՌ
Չափազանց մեծ է գնդապետ Տ. Ասլիկյանի ՀՕՊ զորամասի պատասխանատվությունը հանրապետության օդային տարածքների անվտանգության ապահովման գործում: Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ վերջին մեկ-երկու տարում զորամասի բոլոր դիվիզիոններում կատարվել են հսկայական շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ դիվիզիոնները ձեռք են բերել կեցության եւ գործունեության գերազանց պայմաններ, տեղադրվել են լավագույն` Ս-300 համակարգեր: Օրերս զորամասի փոխգնդապետ Ստեփան Քյոխվյանցի հրամանատարությամբ գործող դիվիզիոն այցելեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը: Նա քաջածանոթ է բոլոր խնդիրներին, բայց, մեկ անգամ եւս հրամանատարական կազմի հետ ստուգելով մարտական հերթապահության ընթացքը, քննարկելով որոշ կադրային խնդիրներ, նա անձնակազմի հետ անցկացրեց մտերմիկ զրույց:
-Հարգարժան զինակիցներ, այն վիթխարի աշխատանքը, որ կատարվեց մեր աչքի առաջ, նաեւ մեր անմիջական մասնակցությամբ, լավագույն փաստն է ՀՕՊ զորքերի նկատմամբ եղած առանձնահատուկ վերաբերմունքի: Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, պատերազմները գալիս են ապացուցելու, որ այն երկիրը, որը չունի մարտունակ ՀՕՊ համակարգ, դատապարտված է: ՈՒժեղ հակաօդային պաշտպանությունը խաղաղության, ապահովության երաշխիքն է: Այս ամենը հաշվի առնելով էլ մեր երկրի ղեկավարությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անում են հնարավորը, որպեսզի զորատեսակը տարածաշրջանում լինի լավագույնը: Հավատացեք` մեր հակառակորդը հենց զգաց, որ իր ավիացիան կարող է անպատիժ մեր սահմաններից ներս խուժել եւ հեռանալ, կանցնի հարձակման: Դրա համար մենք պետք է գիշեր ու զօր պարապենք, պատրաստվենք: Մեր նշանաբանն է` բաց թողնված մեկ հրթիռ, հակառակորդի ոչնչացված մեկ ինքնաթիռ:
Այնուհետեւ դիվիզիոնի անձնակազմը, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ, վաստակած հանգստի ճանապարհեց դիվիզիոնի հիմնադիր զինծառայողներից մեկին` մայոր Մայիս Մաթեւոսյանին:
-Դիվիզիոնի ստեղծման, կայացման գործում շատ մեծ է մեր ընկերոջ, համեստ մարդու՝ մայոր Մայիս Մաթեւոսյանի ավանդը: Հենց նրա մասնակցությամբ է տեղի ունեցել դիվիզիոնի առաջին մարտական կրակը, երբ խոցված ինքնաթիռն ընկավ Նախիջեւանի տարածքում:
Գնդապետը շնորհակալություն հայտնեց Մ. Մաթեւոսյանին՝ երկարամյա բարեխիղճ ծառայության համար եւ զորատեսակի բոլոր զինծառայողների անունից նրան մաղթեց առողջություն ու երկար տարիների կյանք:
Մայոր Մ. Մաթեւոսյանը ծնվել է 1962թ.: 1978թ. ավարտել է միջնակարգ դպրոցը եւ ընդունվել գյուղատնտեսական տեխնիկում: 1982-1984թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում: Ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: Եվ հենց այդ օրերին էլ կազմավորել է ինքնապաշտպանական «Քոլատակ» ջոկատը՝ մասնակցելով սկզբից Խնձորեսկի, Շուռնուխի, այնուհետեւ Լաչինի ուղղությամբ մղվող մարտերին: 1992թ. դեկտեմբերից ընդգրկվել է ՀՕՊ դիվիզիոնի կազմավորման աշխատանքներում ու նշանակվել հաշվարկի հրամանատար: Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
Մայոր Մ. Մաթեւոսյանը պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «ԶՈՒ 20-ամյակ» մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով:
-Պարտքս հայրենիքին մաքուր սրտով հատուցեցի,- ասաց Մայիսն իր շնորհակալական խոսքում:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուսանկարը՝ հեղինակի