Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԲԺԻՇԿ



Առօրյա կյանքում, երբ շփվում եմ մարդկանց կամ որոշ այժմյան պաշտոնյաների հետ, միանգամից հիասթափություն եմ ապրում և դառնում եմ կասկածամիտ` արդյոք անտեղի՞ էր մեր թափած արյունը, այն ծանր պահերն ու տարիները, որ ապրեցինք Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ: Բայց միանգամից փարատվում են կասկածներս, երբ առնչվում եմ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալի աշխատակազմի հետ, որը ղեկավարում է փոխգնդապետ Ա.Ա.Ասատուրյանը: Դեռ ընդունարանում, հանդիպելով ընդունարանի պետ մայոր Վ.Ա.Էլիզբարյանի ջերմ ընդունելությանը, բարձր մակարդակով բոլոր հետազոտությունները անցնելուց և հիվանդությունն ախտորոշելուց հետո (աղեստամոքսային արյունահոսություն) ինձ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, որը ղեկավարում է փոխգնդապետ Հ.Ռ.Անտոնյանը: Լինելով այնպիսի բարձրակարգ բժիշկ-մասնագետների մշտական հոգատար հսկողության տակ, ինչպիսիք են առաջատար վիրաբույժ, փոխգնդապետ Ա.Ռ.Գևորգյանը, վիրաբուժական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վ.Գ.Գևորգյանը, բուժող բժիշկ ԵՊԲՀ-ի ՌՊՊ-ի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, վիրաբույժ կապիտան Ս.Լաբոյանը, ես ինձ զգում եմ միանգամայն ապահով ձեռքերում: Վերոհիշյալ բաժանմունքներում բոլորն էլ իրենց գործին անմնացորդ նվիրված, բարեխիղճ և անշահախնդիր (ի տարբերություն որոշ կլինիկաների), ընտրյալ մասնագետներ են:

Սիրելի՛ խմբագրություն, ձեր թերթի միջոցով ես իմ խորին գոհունակությունն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել այս գովելի, ընդօրինակելի անձնակազմին և ցանկանում եմ, որ նրանք ունենան քաջառողջություն, որպեսզի այդ առողջությունը կարողանան փոխանցել դրա կարիքն ունեցողներին:

Ք.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ազատամարտիկ,
2-րդ խմբի հաշմանդամ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Բանակ և հասարակություն


20/06/2013