3. ՍՈՒՖԻԶՄԸ ԵՎ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ
ՍԱԻԴ ՆՈՒՐՍԻՆ, ԳՅՈՒԼԵՆԻԶՄԸ ԵՎ ՔՐԴԵՐԸ
Ըստ քուրդ գիտնական Յուրի Նաբիևի` Ռ.Էրդողանը գյուլենիզմի միջոցով փորձում է լուծել քրդական հարցը: Բանն այն է, որ Գյուլենի գաղափարների հիմքում ընկած է ազգությամբ քուրդ, սուֆի շեյխ (այսինքն` սուֆիզմի կրոնափիլիսոփայության տեսության և պրակտիկայի ուսուցիչ) Սաիդ ալ-Քուրդի (Նուրսիի) հոգևոր ժառանգությունը:
Սաիդ Նուրսին ծնվել է 1876թ. Թուրքիայի հարավում, Էրզրումի մոտ: Իր գավառում դարձել է ճանաչված աստվածաբան: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է Ռուսաստանի դեմ, գերի ընկել: Թուրքիայի Հանրապետության ստեղծման պահին նա, որոշ հետազոտողների կարծիքով, աշխատում էր նոր պետություն ստեղծել, որի սահմանադրությունը հիմնված կլիներ իսլամի սկզբունքների վրա: Սա տրամագծորեն հակառակ էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ դիրքորոշմանը, ուստի Ս.Նուրսին հեռանում է քաղաքականությունից և ստեղծում իսլամի իր միստիկական ուղղությունը, որի նպատակը բնակչության մեջ աստվածապաշտություն ամրապնդելն էր: Գրում է Ղուրանի իր մեկնությունը` «Լույսի տրակտատներ» (Ռիսալե ի Նուր) վերտառությամբ: Նուրսիի ստեղծագործությունները գյուլենիստների համար ունեն այն նշանակությունը, ինչ կոմունիստների համար` մարքսիզմ-լենինիզմի դասականների աշխատությունները: Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը Նուրսիին համարում է «թուրք ազգի խիղճը», առանց որի «չկա թուրքական բարոյականություն ու բարոյագիտություն»:
1920-30-ական թթ. Թուրքիայում քրդերի ապստամբության ժամանակ Նուրսին, լավ հարաբերությունների մեջ լինելով Աթաթուրքի հետ, քուրդ զինյալներին և թուրք զինվորներին կոչ էր անում չսպանել միմյանց: Նա ասում էր, որ քրդերն ու թուրքերը եղբայրներ են` «թուրքական հողի աղը»: Օգտագործելով Նուրսիի կյանքի այս դրվագը` Էրդողանը քրդերին կարծես կոչ է անում հրաժարվել քաղաքական պահանջներից, ինչպես քուրդ մեծ մտածող Նուրսին: Սա Յու.Նաբիևի մեկնաբանությունն է:
Քուրդ գիտնականը փաստում է, որ գյուլենիզմը թուրքական դպրոցների «նուրջուլար» միջազգային ցանցի միջոցով այսօր տարածվում է նաև Իրաքի Քրդստանում, որտեղ քրդերին նախևառաջ դաստիարակում են իրենց օսման լինելու ոգով, և հետո միայն` քուրդ. դասը սկսվելուց առաջ նրանք զգաստ կեցվածքով երգում են Թուրքիայի օրհներգը: Ուսուցման մակարդակը դպրոցներում շատ բարձր է. այդ գործը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի անմիջական հովանավորությունն է վայելում: Ուշագրավ է, որ թուրքական այդ դպրոցներում սովորում են Իրաքի Քրդստանի ղեկավարների` Մասուդ Բարզանիի (Իրաքի Քրդստանի նախագահ և Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ղեկավար) և Ջալալ Թալաբանիի (Իրաքի նախագահ) երեխաները:
Քրդերի միջավայրում քարոզչություն իրականացնելիս Գյուլենի դպրոցներն օգտագործում են նաև կրոնական ընդհանրության գործոնը. բանն այն է, որ Թալաբանիի և Բարզանիի նախնիները սուֆի շեյխեր են, որոնց սրբությունը, սուֆիզմի հետևորդների կարծիքով, փոխանցվում է ժառանգաբար: Այնպես որ՝ շեյխեր են նաև Թալաբանին և Բարզանին: Եվ քանի որ Ֆ.Գյուլենը նույնպես սուֆի է և իրեն շեյխ է անվանում` հայտարարելով, թե օծումը ստացել է Նաքշբանդիյա եղբայրության վերոհիշյալ շեյխ Սաիդ Նուրսիից, ստացվում է, որ քրդերի այսօրվա իշխանական վերնախավն ու Թուրքիայի իշխանությունները նույն դավանանքն ունեն (սուֆիզմ), ինչով էլ փորձում են ավելի ամուր դաշինքի հիմք ստեղծել:
ԷՐԴՈՂԱՆԸ` ԴԱՎԱՃԱ՞Ն
Ուշագրավ հանգամանք. ինչպես նշեցինք, Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Նաքշբանդիյա եղբայրության (օրդենի) շեյխի հետնորդ է, իսկ Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը` նույն եղբայրության մյուրիդ, այսինքն` աշակերտ: Վերջերս Էրբիլ (Իրաքի Քրդստանի մայրաքաղաք) կատարած այցի ժամանակ Էրդողանը Բարզանիին վերաբերվում էր ինչպես մյուրիդը շեյխին, այսինքն` աշակերտը ուսուցչի նկատմամբ: Յու.Նաբիևի կարծիքով, այս փաստը բացարձակացնել պետք չէ, բայցև չի կարելի անտեսել:
Ռ.Էրդողանի` մյուրիդ (աշակերտ) լինելը նշանակում է, որ նա իր ուսուցչին հնազանդվելու ուխտ է արել, այսինքն` պատրաստ է կատարելու նրա կամքը: Մի բան, ինչը սկզբունքորեն դուռ է բացում Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա սուֆի շեյխերի ունեցած ստվերային ազդեցության առաջ: Եթե շեյխերը քրդերի առաջնորդներն են, ապա չի բացառվում, որ նրանք Էրդողանի միջոցով իրականություն դարձնեն անկախ Քրդստանի երազանքը: Այս դեպքում թուրք ազգայնականները Էրդողանին կարող են մեղադրել դավաճանության համար, սակայն դա կլինի «կրոնական համոզմունքներից և շարժառիթներից բխող դավաճանություն», այսպես ասած` «մեղմացուցիչ դեպք հանցանաց»:
Յուրի Նաբիևի խոսքով, թուրքերի քարոզչությանն ինչ-որ չափով սկսել է հակազդել քրդերի` իրենց իսկ միջավայրում իրականացվող մահմեդականության քարոզչությունը: Քրդերի մեջ կոմունիստական գաղափարախոսությանը փոխարինելու է գալիս իսլամը. Թուրքիայի քուրդ պատգամավոր Ալթան Թանը վերջերս ստեղծել է Քրդստանի մահմեդական կուսակցություն, իսկ Քրդստանի բանվորական կուսակցությունը սկսել է լոյալ վերաբերվել մահմեդականության նկատմամբ: Թուրքիայի կրոնի գործերով նախարարությունը (դիանաթը) խանդով է վերաբերվում այս գործընթացին, քանի որ շարիաթի օրենքների համաձայն` իրավունք չունի միջամտելու քուրդ մահմեդականների գործերին:
ՔՐԴԵՐՆ ՈՒՆԱԿ ԵՆ ԵՐԴՄՆԱԴՐԺՈՒԹՅԱՆ
Այդուհանդերձ, կարելի է արձանագրել, որ առայժմ քրդերը լուրջ ակնկալիք ունեն Թուրքիայից և ինչ-որ չափով հույս են կապում Թուրքիայի իշխանությունների խոստացած իրավունքների և ազատությունների հետ: Այդ է վկայում հետևյալ դրվագը. ապրիլի 29-ին թուրքական «Միլիեթ» թերթը, վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի և Իրաքյան Քրդստանի կառավարությանը, գրեց, որ Իրանի հետախուզությունը Քրդական բանվորական կուսակցությանը առաջարկել է ծանր սպառազինություն և նյութատեխնիկական աջակցություն, որպեսզի քուրդ զինյալները շարունակեն պայքարը և չհեռանան Թուրքիայից: ՔԲԿ-ի ռազմական թևի առաջնորդ Մուրադ Կարայիլանը մերժել է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի առաջարկը:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ քրդերը, առաջարկը մերժելով, միաժամանակ մատնել են իրանցիներին` ապացուցելու համար իրենց հավատարմությունը թուրքերին տրված խոստմանը: Մ.Կարայիլանը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում շեշտել է. «Մենք կարող էինք ստանալ օտարերկրյա օգնություն, բայց տվյալ դեպքում դա չենք անում»: Սա նշանակում է, որ քրդերի ակնկալիքը Թուրքիայից բավականին մեծ է, և որ նրանք վախենում են այն կորցնելուց:
Այն, որ քրդերը հակված են առայժմ դաշնակցելու թուրքերի հետ, վկայում է «lragir.am»-ի լրագրողին սիրիացի ծանոթ հալեպահայի պատմածը քրդերի դիրքորոշման մասին. «Մի քանի օր առաջ վտանգավոր վիճակ էր ստեղծվել, երբ ապստամբ խմբավորումները մտել էին քրդաբնակ Շեյխ Մախսուդ թաղամաս, որը գտնվում է հայկական թաղամասի հարեւանությամբ ու բարձր դիրք ունի: Սկզբում քրդերը հայերի նման պաշտպանում էին իրենց թաղամասերը (կառավարությունը խոստացել է ամեն ինչով օգնել բնակիչներին, եթե նրանք պաշտպանեն իրենց թաղամասը), բայց նրանց մեջ անհամաձայնություն կար, քանի որ քրդերի մի մասը կողմ էր ապստամբներին հանձնվելուն: Մոտ քսան օր առաջ քրդերը փողի դիմաց իրենց թաղամասը հանձնեցին ապստամբներին, ինչը սպառնալիք էր ստեղծում հայկական թաղամասի համար: Կառավարական բանակը հասկացավ` անկարելի է, որ թաղամասը մնա նրանց ձեռքում, ուստի մտավ քրդական թաղամաս, թեժ կռիվներ մղեց ու հետ գրավեց այն»:
Այս դրվագը ցույց է տալիս նաև, որ քրդերը վստահելի գործընկեր չեն ո՛չ կառավարական ուժերի և ո՛չ էլ ապստամբների համար. նրանց հեշտությամբ կարելի է գնել: Հավանական է նաև այն, որ առաջին իսկ հնարավորության դեպքում քրդերը կստեղծեն իրենց անկախ պետությունը, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի դրժելու թուրքերին տված խոստումը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Ռազմաքաղաքական