ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:
Ներկայումս հանրապետության ռազմական բուհերում աշխատանքներ են տարվում դասախոսական կազմի ռազմամասնագիտական և մեթոդական կատարելագործման դասընթացները կազմակերպելու ուղղությամբ: Որպես կանոն, ռազմական բուհում գիտամանկավարժական կադրերը առաջնորդվում են ուսումնական գործընթացի հիմնական գործոններով, դրանք են՝
ա. գիտական, գիտահետազոտական աշխատանքների բնագավառում.
-ռազմական կրթության կարևորագույն խնդիրների բազմակողմանի հետազոտությունները,
-ունկնդիրների (կուրսանտների), մանկավարժական կադրերի պատրաստման համակարգում ուսումնական գործընթացի հիմնարար միջոցառումների իրականացումն ու զարգացումը,
-ուսումնական գործընթացում զորքերի մարտական պատրաստության, զորավարժությունների անցկացման արդյունքների, առաջավոր փորձի ներդրումը,
-ռազմագիտական, ռազմատեխնիկական կոնֆերանսների, գիտական ժողովների ու սեմինարների անցկացումը,
-կանոնադրությունների, հրահանգների և իրավական այլ փաստաթղթերի, ինչպես նաև գիտական զեկույցների, հոդվածների, ռեֆերատների և ուսումնական ձեռնարկների մշակումը,
-դասախոսական կազմի գիտական և մասնագիտական ունակությունների բարձրացման, գիտահետազոտական, ռազմագիտական բնույթի միջոցառումների անցկացումը, գիտական կադրերի պատրաստումը և այլն,
բ. մեթոդական աշխատանքների բնագավառում.
-բուհի, ֆակուլտետների և ամբիոնների մեթոդական աշխատանքների պլանավորումը,
-ուսումնական պլանների և ծրագրերի բազմակողմանի ու մանրակրկիտ վերլուծումը,
-մեթոդական, հրահանգչամեթոդական հավաքների, մեթոդական խորհրդակցությունների, ժողովների, կոնֆերանսների, սեմինարների, պարապմունքների կազմակերպումը և անցկացումը,
-ուսումնական պարապմունքների վերահսկումը և արդյունքների վերլուծումը,
-ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքները,
-առարկայամեթոդական հանձնաժողովների և ամբիոնների նիստերը,
-մեթոդական լսարանների աշխատանքը,
-ելնելով դասավանդվող առարկայի առանձնահատկություններից՝ դասավանդման հատուկ մեթոդների մշակումը,
-դասախոսների անհատական պլանները և այլն:
Ռազմական բուհում գիտական, գիտահետազոտական աշխատանքների գործընթացի կարևորագույն գործոններից է առավել շնորհալի ու տաղանդավոր ունկնդիրների (կուրսանտների) հայտնաբերումը և ներգրավումը գիտական, գիտահետազոտական աշխատանքներում, նրանցից ապագա ռազմական գիտնականներ կրթելը:
Գիտական աշխատանքը ռազմական բուհի գործունեության հիմնական տեսակներից է, և արդյունքները համարվում են վերջնական, եթե դրանք.
-օգտագործվել են ռազմական գիտության կարևոր հարցերը լուծելիս, ընդգրկվել են կանոնադրություններում, հրահանգներում, ձեռնարկներում և այլ ուղեցույց փաստաթղթերում,
-օգտագործվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշներ ստեղծելիս և սպառազինության առկա նմուշներն արդիականացնելիս, դրանք շահագործելիս, վերականգնելիս և նորոգելիս, ինչպես նաև հատուկ կառույցներ ու օբյեկտներ նախագծելիս, կառուցելիս ու շահագործելիս,
-օգտագործվել են ՀՀ զինված ուժերում զինվորական դաստիարակության պրոբլեմային խնդիրները լուծելիս,
-ներդրվել են ռազմաուսումնական հաստատությունների և զորքերի կրթական գործընթացում, օգտագործվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ռազմատեսական աշխատություններ ու մենագրություններ մշակելիս:
Ունկնդիրների ուսուցման գործընթացի տեղափոխումը online դաշտ դասախոսական կազմից պահանջում է մշակել շփման նոր ռազմավարություն: Անհրաժեշտություն է առաջանում մշակելու հեռահար ուսուցման համար նախատեսված փաստաթղթերի էլեկտրոնային ընտրանի, որն ընդգրկում է.
-առարկայի դասագիրք (մեթոդական ձեռնարկ),
-առարկայի ուսումնական ծրագիր,
-հիմնական և լրացուցիչ գրականություն,
-մեթոդական առաջարկություններ ունկնդրին՝ առարկան սովորելու և ինքնուրույն աշխատելու համար,
-մեթոդական առաջարկություններ՝ գործնական աշխատանքներ, վարժություններ կատարելու համար,
-մեթոդական ցուցումներ՝ ունկնդրի ինքնավերահսկման և դասախոսի կողմից ուսուցման արդյունքները վերահսկելու համար,
-ցուցումներ՝ կուրսային, դիպլոմային աշխատանքներ կատարելու համար,
-առարկայի համալիր քննության հարցեր և թեստեր, անհրաժեշտ կրեդիտներ,
-համակարգչային դասագրքեր, տեղեկատու և այլն:
Անչափ կարևոր է ռազմական առարկաներ դասավանդող դասախոսների անձնական պատասխանատվությունն իր կատարած աշխատանքի որակի համար, քանի որ դրա սկզբնական գնահատականը տրվում է ռազմական բուհում՝ ունկնդիրների (կուրսանտների) հերթական քննությունների, իսկ վերջնականը՝ զորքերում, սպաների մասնագիտական գործունեության ժամանակ:
Դասախոսական կազմի աշխատանքի կարևորագույն գործոններից է ոչ միայն բարձրակարգ ռազմական մասնագետներ, այլ նաև հայրենիքին նվիրված ապագա սպաներ պատրաստելը, պատասխանատվության գործում բարձր որակներ ձևավորելը:
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
գնդապետ