Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒ ԿՅԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԽՐԱՆՔ



Իմ գզրոցում պահպանվել են գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հետ հարցազրույցի գրառումները եւ ձայնագրությունները, իսկ նրա առինքնող ներկայությունը վայելելու բավականությունը անանց է իմ հոգում: Արտուշ Հարությունյանի առերեւույթ խիստ ու պրագմատիկ կերպարը իրականում ողողված էր լույսով, բարությամբ, սիրով: Նրա կրծքի տակ ազնիվ ու փխրուն, միեւնույն ժամանակ քաջ ու աննկուն սիրտ էր տրոփում: Այս ակնարկը փոքրիկ ներբող է հրաշալի մարդուն եւ իսկական զինվորականին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Սկիզբը՝ նախորդ համարում

«Արտուշ Հարությունյանի ծառայությունը խորհրդային զինված ուժերում անթերի էր: Նրա խիզախությունն ու ինքնակառավարումը ռիսկային իրավիճակներում վճռորոշ գործոն էր Աֆղանական պատերազմի ժամանակ:

Արտուշ Հարությունյանը անձամբ մասնակցել է 80-ից ավելի մարտական գործողությունների` ցուցաբերելով արիություն եւ հերոսություն»,- 40-րդ բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Երմակով:

Աֆղանական պատերազմից ինձ մնաց պատերազմի բոցերում թրծված մարտական ընկերությունն ու այն հարազատությունը, որը մինչ օրս ջերմացնում է ինձ:

«Ես չեմ ուզում թվարկել բոլորը, բայց մենք գիտենք, որ մեր գնդի հրամանատարի` Արտուշ Հարությունյանի հմուտ ղեկավարման շնորհիվ տասնյակ, գուցեև հազարավոր կյանքեր են փրկվել: Այդ մասին խոսելն ընդունված չէ, բայց մենք հո գիտենք»,- գրում է իմ սպաներից մեկը:

1982-ին Աֆղանստանում մարտական ծառայություն կատարող մեր գունդը անձնակազմի համար ստեղծված կենցաղային պայմանների առումով ճանաչվեց լավագույնը Թուրքմենստանի ռազմական օկրուգում: Օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Մաքսիմովը ժամանեց Ֆայզաբադ՝ իր հետ բերելով օկրուգի բոլոր գնդերի հրամանատարներին, որպեսզի վերջինները սովորեն, թե ինչպես կարելի է կազմակերպել լավագույն պայմաններ անձնակազմի համար նույնիսկ պատերազմական իրավիճակում:

Արտուշ Հարությունյանը արժանացել է «Լենինի շքանշանի», «Կարմիր դրոշի շքանշանի», 3-րդ աստիճանի «Աստղ» աֆղանական մարտական շքանշանի և բազում այլ մեդալների: Երկու անգամ ներկայացվել է «Խորհրդային Միության հերոսի» կոչման…

1982-ին բարձր գնահատելով Արտուշ Հարությունյանի ծառայությունը, նրան առաջարկում են զբաղեցնել Թուրքմենիայում տեղակայված մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվում է և խնդրում է իրեն տեղափոխել Անդրկովկասյան զինվորական օկրուգ՝ հայրենիքին մոտ լինելու նպատակով:

1982-ին նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 10-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 28-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հրամանատար, հետո Անդրկովկասյան զինվորական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 147-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ: Իսկ 1986-ի մարտին նշանակվում է Հայկական ԽՍՀ զինվորական կոմիսարի պաշտոնում: 1989-ին ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը Արտուշ Հարությունյանին շնորհում է գեներալ – մայոր զինվորական կոչում:

Անկախ Հայաստանի ղեկավարությունը 1991 թ. դեկտեմբերին որոշում ընդունեց գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

1993 թ. սեպտեմբերին գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ:

1993 թ. հակառակորդի հարձակումը կանխելու նպատակով անհրաժեշտ էր իրականացնել մասնակի զորահավաք` ընտրելով նրանց, որ կունենային մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության փորձ: ԳՇ կազմզորահավաքային վարչությունը Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ կարճ ժամանակահատվածում հաջողությամբ իրականացրեց պահեստազորի լայնածավալ զորահավաք, ինչի շնորհիվ հաջողվեց կայունացնել իրավիճակը ռազմաճակատում, իսկ հետագայում` ստիպել թշնամուն դադարեցնել ռազմական գործողությունները:

Գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՀ զինվորական կոմիսարիատը (ընդհանուր առմամբ 19 տարի):

-Ես հայրենիքից հեռացել էի որպես կոմպրեսատորների գործարանի 18-ամյա խառատ և 25 տարի անց վերադարձա որպես հանրապետության զինվորական կոմիսար:

Ինքնապաշտպանական ուժերի հիման վրա զորամասերի ձեւավորումը բարդ խնդիր էր, քանի որ պետք էր հաղթահարել ստորաբաժանումների հրամանատարների նկրտումները. նրանցից ոմանք հրաժարվում էին գործել ինչ-որ մեկի ղեկավարությամբ: Մեզ հաջողվեց բացատրել, ներկայացնել ենթարկվելու անհրաժեշտությունը, պատերազմի ժամանակ անձնական հավակնությունները պետք էր ստորադասել հայրենիքի շահերին:

1992 թ. հունիսին օգտագործելով բրոնետեխնիկան և օդուժը, փորձառու վարձած օդաչուների և այլ զինվորական մասնակիցների աջակցությամբ, Ադրբեջանին հաջողվեց 3 օրում գրավել Շահումյանի շրջանը: Շահումյանի շրջանից գաղթականների մուտքը Մարտակերտ ու Ստեփանակերտ, հոգեբանական հարված էր Արցախի ինքնապաշտպանական բանակին ու ժողովրդին: Դրանից հետո ադրբեջանական զորքերը հարվածի սլաքը ուղղեցին Մարտակերտի շրջանի վրա, սկսվեց Ղարաբաղյան պատերազմի նոր փուլը, երբ ադրբեջանական կողմից կռվում էին կանոնավոր բանակային զորամիավորումները: Հենց այդ օրերին ես մեկնեցի Մարտակերտ` կազմակերպելու տեղի ինքնապաշտպանությունը: Անհրաժեշտ ուժեր, միջոցներ չկային, ես Մարտակերտ հասա 4 սպաների ուղեկցությամբ։ Պետք էր ամեն գնով ժամանակ շահել` հնարավորություն տալով Արցախի եւ Հայաստանի ղեկավարությանը համատեղելու եղած ռեսուրսները, կազմակերպելու կանոնավոր զորամիավորումներ և զինելու դրանք: Հակառակ ուժերի մեծ տարբերությանը մեզ հաջողվեց մինչև հուլիսի սկիզբ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Հետո մենք կազմեցինք նոր պաշտպանական գիծ` Վաղուհաս-Չլդրան, որի պաշտպանության համար համալրում ստացանք: Մարտակերտի ճակատում վիճակը որոշ ժամանակ կայունացավ: Այդ օրերին էր, երբ ես մեկ անգամ ևս համոզվեցի` մարդկային ուժը բացառապես նրա ներաշխարհում է, հոգու եւ սրտի մեջ: Եվ այդ ուժը կարող է հրաշքներ գործել:

1992 թ. օգոստոսին, երբ հրաման ստացա գլխավորել Հադրութի շրջանի պաշտպանությունը, ուժերը դարձյալ անհավասար էին, բայց շուտով մենք կարողացանք ինքնապաշտպանությունից անցնել հարձակողական գործողությունների:

1992-ի աշնանը հրաման ստացա ղեկավարել Գորիսի օպերատիվ ուղղությունը, որը ներառում էր Գորիսի շրջանը եւ Լաչինի միջանցքը: Հակառակորդը ուժերը կենտրոնացրել էր Լաչինի միջանցքի ուղղությամբ և փորձում էր վերագրավել հայերիս համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհը: Գորիսը անընդմեջ ռմբակոծվում էր: Բայց Ադրբեջանին չէր հաջողվում կոտրել ժողովրդի և ռազմիկների ոգին: Ամենաօրհասական պահին անգամ մենք` բոլորս միահամուռ վանում էինք պարտությունը մեզնից ու հավատում էինք մեր հաղթանակին: Այդ միասնականությունն ու հավատն էին, որ փակեցին թշնամու ճանապարհը, դարձան հզոր պատնեշ անկասելի թվացող ուժի առաջ: Հավատ և միասնականություն` ահա Արցախյան պատերազմի ամենամեծ պատգամը մեր ժողովրդին: Մեր գալիք հաղթանակներ տանող միակ ճանապարհը:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու քաջության, ինչպես նաև մարտական առաջադրանքը հմուտ կատարելու համար Արտուշ Հարությունյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արտուշ Հարությունյանը արժանացել է նաև «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության» եւ ՌԴ «Վետերան-ինտերնացիոնալիստ», «Մարշալ Ժուկով» եւ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալներով (ընդհանուր առմամբ՝ 25 պետական մեդալ): Գորիսի շրջանի եւ Լաչինի միջանցքի պաշտպանությունը հաջող կազմակերպելու համար Արտուշ Հարությունյանին շնորհվեց Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը:

Հայկական բանակի սկզբնավորման տարիներին մի կողմից ձևավորվում էին պաշտպանական համակարգի կառույցները, մյուս կողմից բանակի համալրումը ուղեկցվում էր բազում խնդիրներով: Ու ամենադժվարը առավոտից մինչև ուշ գիշեր տքնաջան աշխատանքը չէր, այլ հոգեբանական լարվածությունը. ստիպված էինք զինակոչիկին բանակ հասցնել՝ երբեմն միջոցների մեջ խտրություն չդնելով:

…Կարևորն այն է, որ շուրջկալով, պարտադրաբար սահման բերված զինվորը սխրանք էր գործում, հերոս էր դառնում: Նա տեսնում էր իր հողին, իր երկրին, իր ժողովրդին սպառնացող վտանգն ու դառնում էր հայրենիքի պաշտպան, ռազմիկ էր դառնում: Ու դա մեր ամենամեծ հաղթանակն էր:

2007-ին, 46 տարվա զինվորական ծառայության վաստակով 65-ամյա Արտուշ Հարությունյանը զորացրվում է ՀՀ զինված ուժերից և համալրում պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական կազմի հանձնաժողովում:

Հիմա անցել եմ խաղաղ հանգստի: Ժամանակ ունեմ հետ նայելու, արժեւորելու անցած ճանապարհս, ջերմանալու անցյալի հուշերով:

Ես մեծապես պարտական եմ կնոջս` Արմիդային: Նա եղել է իմ մարտական ընկերը` բառի ամենաիսկական իմաստով: Մենք պատահաբար հանդիպեցինք: Ես Սամարղանդում էի ծառայում այդ ժամանակ: Որոշ ժամանակ անց ամուսնացանք, ու իմ կյանքը միանգամից փոխվեց: Իմ կյանք մտավ մեկը, որն իր ուսերին առավ հոգսերիս զգալի մասը, խնամեց ինձ, մեծացրեց երկու որդիներիս: Արմիդան Աֆղանստանում ծառայող սպաների կանանց խորհրդի նախագահն էր ու ակտիվ գործունեություն էր ծավալում: Նրանք կազմակերպում էին զոհված սպաների արարողակարգերը, այցելում էին նրանց ծնողներին, մխիթարում էին, օգնություն էին ցուցաբերում: Առավոտյան որքան էլ վաղ տնից դուրս գամ, կինս, որպես կանոն, մեկ ժամ առաջ արթնանում է ու ինձ ազատում բոլոր կենցաղային հոգսերից: Ես միշտ կարողացել եմ անմնացորդ նվիրվել աշխատանքիս, որովհետև թիկունքս ամուր է եղել` ի պատիվ կնոջս: Ես 2 որդի ունեմ: Ավագս` Արմենը, դպրոցը մեդալով ավարտեց, բժշկական համալսարանը և Ամերիկյան համալսարանը` կարմիր դիպլոմով: Կրտսեր տղաս` Արսենը, ավարտել է Հունաստանի ցամաքային զորքերի զինվորական ակադեմիան, ծառայում է ազգային բանակում: Որդիներս տարբեր են բնավորությամբ, բայց երկուսի հետ էլ ընկերություն եմ անում: Երբեմն բանավիճում ենք: Փորձում եմ հասկանալ նրանց` նոր սերնդին: Մտածող, ինքնուրույն, կենսունակ սերունդ է բարձրանում: Իմ ամենամեծ վայելքը թոռնիկներիս հետ խաղալն է: Պաշտում եմ նրանց: Ես նաև շարունակում եմ ծառայությունս, ընդգրկված եմ պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի կազմում: Փորձում ենք օգնել բանակին: Բանակը մեր հասարակության ամենազգայուն հատվածն է` ամենակարևորը, ամենասիրելի բանակը կարող է դառնալ բարոյական առաջնորդ հասարակության համար, բանակը կարող է չափանիշներ հուշել:

«…Հորս մահը նույնքան հերոսական էր ու արժանապատիվ, որքան նրա կյանքը։ Նա երկու տարի պայքարում էր ծանր հիվանդության դեմ, ինչպես հատուկ է իրեն` անսահման խիզախությամբ վերջին ուժերով ու անտրտունջ: Ուժերն անհավասար էին, բայց նա չէր հանձնվում: Նա ասում էր հայ եւ գերմանացի բժիշկներին` ապրելու եմ… Դա յուրօրինակ մարտահրավեր էր` հանուն կյանքի: Նրա ամբողջ կյանքն էր մարտահրավեր, պայքար ու անտրամաբանական հաղթանակ: Հայրս չմահացավ, նա ընկավ ճակատամարտում` պայքարելով մինչև վերջին շունչը, մինչև սրտի վերջին զարկը»,- Արմեն Հարությունյան:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Ճակատագրեր


20/06/2013