ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ՝ ՀԱՋՈՂՎԱԾ
Փետրվարի 13-22-ը ՌԴ` աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման 2011-2015թթ. պետական ծրագրի շրջանակներում Պերմի երկրամասի ներքին գործերի վարչության ոստիկանության վարժարանում անցկացվեց «Պատանի հայրենասերների 9-րդ միջազգային հավաք»-ը, որին մասնակցեց երեսուներկու թիմ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից եւ առաջին անգամ` Հայաստանից: Կազմակերպիչները նախապես գործունեության մասին տեղեկացել, ապա եւ հրավեր էին ուղարկել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Պերմ էին մեկնել վարժարանի տասը սաներ, նրանց ուղեկցում էին վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը, պետի տեղակալ մայոր Կ. Ավագյանը, ֆիզպատրաստության ավագ հրահանգիչ ենթասպա Ն. Սարգսյանը, կրթօջախի բուժծառայության պետ կապիտան Ե. Մխչյանն ու ավագ բուժքույր ենթասպա Իրինա Ոսկանյանը:
Առաջին իսկ մասնակցությունը միջազգային ստուգատեսին մեր տղաների համար արդյունավետ էր եւ հաջողակ. ընդհանուր հաշվարկով թիմը զբաղեցրեց երրորդ պատվավոր տեղը, պարգեւատրվեց պատվոգրով ու մրցանակային տեղեր գրաված թիմերի համար նախատեսված գավաթով` Պերմ քաղաքի խորհրդանիշ արջի տեսքով՝ «Մրցույթի հաղթողին» մակագրությամբ: Ռուսաստանից վերադառնալուց հետո վարժարանի սաներին ազատ արձակում էր տրվել, երբ հանդիպեցինք նրանց հետ, զրուցեցինք մրցույթի մասին:
Բոլորն էլ ոգեւորված պատմում էին այդ մի քանի օրվա անցուդարձի մասին, նշում տղաների հաղթելու վճռականությունը, դժվարին տարբեր իրավիճակներից պատվով դուրս գալու կարողությունը:
-Ռուսաստանի Դաշնությունում այս միջոցառումն ավանդական է եւ արդեն իններորդ տարին է, ինչ անընդմեջ անցկացվում է, ընդ որում՝ պետական մարմինների ամենաբարձր հոգածության ներքո: Բավական է նշել, որ ներկա էին երկրամասում ՌԴ նախագահի ներկայացուցիչը, մարզային բոլոր ուժային կառույցների ղեկավարները, արարողակարգային հանդիսավոր հատվածներին մասնակցեցին Կրեմլի նախագահական գնդի զինծառայողները, ներքին գործերի նախարարության երգի ու պարի պետական համույթը` գեներալ Ելիսեեվի ղեկավարությամբ: Հավաքի գերակա նպատակ հռչակված էր մասնակից պատանիների մեջ հայրենասիրության, տարբեր ազգերի ներկայացուցիչների միջեւ բարեկամության եւ համագործակցության, ռազմական ուղղվածության վարժարանների հետ փորձի փոխանակման ամրապնդումը: Վստահաբար կարող եմ նշել, որ առաջին իսկ օրից մեր սաները լիարժեք ներգրավվեցին իրականացվող միջոցառումներում, եւ շատ շուտով ձեռք բերեցին բազմաթիվ ընկերներ՝ արժանապատվորեն ներկայանալով մյուս ազգերի ներկայացուցիչներին: Գործնականում որեւէ բարդություն չունեցանք, միակ դժվարությունը անտանելի ցուրտն էր (մինչեւ -40 աստիճան), եւ դեռ այդպիսի եղանակային պայմաններում բացօթյա դասեր էին անցկացվում: Բայց ցուրտն էլ կարողացանք հաղթահարել եւ հիմնականում գերազանց կատարեցինք բոլոր առաջադրանքները, շատ պատվիրակությունների ղեկավարներ մոտենում էին ինձ եւ իրենց զարմանքն ու հիացմունքն էին հայտնում մեր սաների ընդհանուր պատրաստվածության վերաբերյալ, շատերը նույնիսկ հարցնում էին՝ արդյոք նրանք հատուկ նշանակության ջոկատներում չե՞ն վերապատրաստվել,- նշեց գնդապետ Ոսկանյանը:
Մրցույթի ընթացքի մասին խոսեց նաեւ մայոր Ավագյանը.
-Քսան առարկայից մի քանի մրցափուլ անցկացվեց, որոնց մի մասը նորություն էր մեզ համար, ինչպես, օրինակ, արտակարգ իրավիճակում գործելն ու հրդեհի մարումը: Առարկաներն էլ բավական ընդգրկուն էին` մարտավարություն, ականազերծման աշխատանքներ, քաղաքացիական պաշտպանություն, արգելագոտիների հաղթահարում, ռազմական տեղագրություն եւ այլն: Ճիշտ է, մերոնք աչքի էին ընկնում իրենց գիտելիքներով, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածությամբ, սակայն այդպիսի դժվար պայմաններում անցկացվող միջոցառումների առաջին անգամ էին մասնակցում, եւ միայն փորձի պակասը թույլ չտվեց ավելի բարձր տեղ գրավել: Բայց եւ առաջին մասնակցության համար սա եւս շատ բարձր արդյունք է:
Պերմ մեկնած տասը տղաների ընտրությունը պատահական չէր. նրանք վարժարանի լավագույն սաներից են՝ Ռոման Հակոբյան, Գոռ Աբրահամյան, Գեղամ Ուզունյան, Աշոտ Գալյան, Նվեր Գրիգորյան, Շահեն Բալոյան, Վարուժան Թորոսյան, Ռաֆիկ Սարգսյան, Թորգոմ Համբարյան, Սերգեյ Առաքելյան, որոնք բարձր պահեցին իրենց երկրի ու վարժարանի պատիվը:
-Հավաքի կանոնների համաձայն, մասնակիցներից կազմվեցին դասակներ, յուրաքանչյուրում մեկական անդամ ամեն թիմից: Ամեն երեկո դասակների անդամներից մեկն ընտրվել է օրվա հերոս՝ ընկերներին օգնելու, հանձնարարությունները ճիշտ կատարելու, հավաքի նպատակներն ամբողջությամբ իրագործելու համար: Դասակի ավելի քան քսան պատանիներից միայն չորսը կարող էին ընտրվել, մենք բոլորս էլ ճանաչվել ենք օրվա հերոս, ընդ որում՝ Սերգեյ Առաքելյանը երկու անգամ: Հենց առաջին օրն ընդամենը մի քանի ժամ ճամբարում գտնվելուց հետո օրվա հերոս ճանաչվեց Նվերը: Իր գիտելիքների խորությամբ, անգամ դասախոսներին զարմացրեց մեր թիմի ավագը` Ռոմանը: Նա մեզ ոգի տվողն էր, ընդհանուր վարժանքները նաեւ նրա շնորհիվ կատարեցինք: Նախնական կազմակերպչական հարցերը կարգավորելուց հետո դասակները 12 կիլոմետրանոց երթ կատարեցին դեպի ուսումնական կետ, որտեղ վրանային ավան բացազատեցինք: Մի քանի օր ապրեցինք զինվորական դաշտային կյանքով. տարաբնույթ դասընթացներն անցկացվում էին բացօթյա պայմաններում, սնունդը նույնպես մատակարարում էր դաշտային զինվորական խոհանոցը: Խառը դասակների կազմում անհատական գործողությունները գնահատելուց հետո արդեն հավաքի ղեկավարությունը ընդհանուր թիմային առաջադրանք տվեց: Հիմնականում մեր սովորածի շուրջ էին առաջադրանքները, անծանոթ խնդիրներն էլ կարողացանք հեշտությամբ հաղթահարել: Ծանր ուսապարկերով 12 կմ-անոց երթը մեզ համար սովորական էր, քանի որ նման երկար երթեր հաճախ ենք կատարում, որից հետո տվյալ մրցափուլը կարծես խաղուպար լիներ: Մրցափուլերից մեկն էլ մշակութային էր: Մենք ներկայացրինք մեր երկիրը, պատմությունը, մշակույթը, ռուսերեն «դասախոսություն» կարդացինք` նկարներ, պաստառներ ցուցադրելով, ապա ավանդական քոչարին ու բերդապարը պարեցինք ազգային տարազներով: Ակտիվորեն մասնակցել ենք ամեն օր կազմակերպվող մշակութային երեկոներին, հատկապես մեծ արձագանք գտավ մեր Վարուժանի` «Մոնթեի երգը»:
Բոլորս էլ մեծ փորձ կուտակեցինք այս օրերի ընթացքում եւ հաստատ կարող ենք ասել, որ հետագայում ավելի մեծ հաջողությունների կարող ենք հասնել,- ասացին տղաները:
Առավել ուրախալի է այն փաստը, որ տղաները բոլորն էլ ցանկություն ունեն հետագայում ուսումը շարունակել ռազմական բարձրագույն հաստատություններում, որտեղ նրանց կարողությունները կբազմապատկվեն, եւ մեր բանակը կհամալրվի երիտասարդ, կիրթ, արդեն պատանի տարիքից միջազգային ասպարեզում Հայաստանի պատիվը բարձր պահող սպաներով:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ