Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍԻՆ ԿՌՎԵԼ ԵՆՔ, ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹԵԼ



ՊՆ մեդալներ` եզդի ազատամարտիկներին

Արցախյան ազատամարտին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ հայաստանաբնակ եզդիները: Դժվար, օրհասական պահին կանգնեցին հայերի կողքին ե՛ւ զենքով, ե՛ւ նյութական աջակցությամբ:

Մեր հայրենիքին ծանր կացության ժամանակ ձեռք մեկնած այլազգի եղբայրների վաստակը չի մոռացվել. նրանք բազմիցս պարգեւատրվել են պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով: Եվ ահա օրերս պարգեւատրման հերթական արարողությունն էր:

Ալիկ Թամոյանը, Ուսուբ Մհոյանը, Սուտո Հասոյանը, Ասո Հասանյանը, Ղուլիխան Խուդոյանը, Ֆերո Մստոյանը, Սիաբանդ Բաքոյանը, Սոս Շամոյանը, Բրո Հասանյանը, Սերժիկ Ավետիսյանը արժանացան ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Զորավար Անդրանիկ», «Դրաստամատ Կանայան» մեդալների:

Հանրային ռադիոյի «Եզդիների համար հաղորդումների» ավագ խմբագիր Հասան Թամոյանը նշեց, որ մեդալները ե՛ւ պատիվ են բերում, ե՛ւ հպարտություն, նաեւ հիշողություններ արթնացնում. Զորավար Անդրանիկը, Դրոն եւ Վազգեն Սարգսյանը եզդի համայնքի հետ ջերմորեն համագործակցել են, եղել եզդի ժողովրդի լավ բարեկամները:

Հասան Թամոյանը իր ելույթում ասաց նաեւ, որ եզդիները միշտ էլ հայերի կողքին են եղել ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր օրերին: Երբ վտանգվեց Հայաստան աշխարհի խաղաղությունը, նրանք եւս միացան հայերին, կռվեցին այն հողի համար, որտեղ ապրում են:

500-ից ավելի եզդիներ մասնակցել են Հայաստանի սահմանամերձ տարբեր հատվածներում ընթացող մարտերին:

ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ լրացրեց. «Արցախյան պատերազմի ժամանակ 30-ից ավելի եզդի քաջորդիներ զոհվեցին: Նրանցից չորսը հանգչում են Եռաբլուր սրբավայրում: Մեր խոնարհումը բոլոր հայ եւ եզդի ազատամարտիկերին»: Իր ելույթի վերջում Ազիզ Թամոյանը նաեւ շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որ միշտ ընդառաջում է իրենց բոլոր դիմումներին:

«Վազգեն Սարգսյան» մեդալի արժանացած Ասո Հասանյանին խնդրեցի կիսել տպավորությունները:

-Անչափ հուզված եմ, ե՛ւ հպարտ եմ, ե՛ւ ուրախ, եւ նաեւ տխուր: Հուշերիս ալիքն ինձ տարավ պատերազմական օրերը: Հիշեցի ընկերներիս, այն տղաներին, որոնք զոհվեցին … Ես Լաերտ Սաղաթելյանի (Ատաման) զինվորն եմ եղել»:

Մեդալները հանձնելիս համառոտ ներկայացվում էր եզդի ազատամարտիկների անցած մարտական ուղին. նրանցից ամեն մեկի մասին կարելի է մի ակնարկ գրել:

Մեդալները ազատամարտիկներին հանձնեց ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ավագ սպա Թորգոմ Նալբանդյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.

«Այսօր հանդիսավոր օր է` մեկ անգամ եւս հիշելու, գնահատելու, արժեւորելու մեր անցած հերոսական ուղին: Թափված արյունը չի մոռացվում: Մենք իրար հետ կռվել ենք, կիսել պատերազմական օրերի բոլոր դառնությունները եւ իրար հետ էլ կիսեցինք նաեւ հաղթանակի բերկրանքը»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Բանակ և հասարակություն


20/06/2013