Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է



Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքում առաջընթաց արձանագրվեց

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունիսի 11-13-ը զորամիավորումների և զորամասերի դաշտային կառավարման կետերում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության գլխավոր նպատակը զինված ուժերի կառավարման համակարգի վիճակի, համապատասխան օղակների ունակությունների, պատրաստվածության աստիճանի ստուգումն էր: Բոլոր միջոցառումների ծրագիրը կազմվել էր որոշ հավանական մարտական իրավիճակների կանխատեսմամբ: Պայմանական սցենարով ռազմաքաղաքական իրադրությունը ծայրաստիճան սրվել էր ազդեցության ոլորտի ընդլայնման համար աշխարհի ուժային կենտրոնների մրցակցության, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների շահերի բախման պայմաններում: Նման իրավիճակում մեր հարևան պետություններից մեկը որոշում է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի Հանրապետության դեմ, հարվածել պետական ու ռազմական կարևոր օբյեկտներին` լայնորեն կիրառելով հատուկ նշանակության և դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները: Այնուհետև հաջողություն ունենալու դեպքում զարգացնել հարձակումը տարբեր ուղղություններով:

Ըստ սցենարի, հայկական կողմը փորձում է քաղաքական բանակցությունների միջոցով կանխել պատերազմի սանձազերծումը և միաժամանակ միջոցներ է ձեռնարկում հակառակորդի ագրեսիային դիմագրավելու համար: Վերջինիս գործողությունների բնույթով պայմանավորված` պլանավորվում են ՀՀ ԶՈՒ պաշտպանական և հակահարձակողական օպերացիաներ: Որոշվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ՀՀ անվտանգության ապահովմանը: Համաձայն նախորոշված պլանների` անհապաղ քայլեր են ձեռնարկվում զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու, սեղմ ժամկետներում դրանց օպերատիվ ծավալումն իրականացնելու և պաշտպանության անցնելու համար:

«Զինված ուժերի կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանական օպերացիա նախապատրաստելիս» թեմայով զորավարժության ժամանակ նախորոշված շրջաններում բացազատվեցին հրամանատարական կետեր: Համապատասխան կարգադրություն ստանալուց հետո ՀՀ ԶՈՒ հրամանատարական կետի աշխատանքային խմբերը նախապատրաստեցին և կենտրոնական ենթակայության զորամասեր ուղարկեցին նախնական կարգադրություններ, զորքերին կողմնորոշեցին սպասվելիք մարտական գործողությունների վերաբերյալ: Արդեն տեղերում մարտական կառավարման կետերում ստացված խնդիրը պարզաբանվեց, գնահատվեց իրադրությունը, կատարվեցին օպերատիվ-մարտավարական հաշվարկներ, հիմնավորված եզրահանգումներ և առաջարկություններ զինված ուժերի կիրառման պլաններում փոփոխություններ և ճշտումներ մտցնելու համար: Ռազմական գործողությունների ժամանակ անհրաժեշտ մի քանի այլ միջոցառումներ իրականացնելուց հետո զինված ուժերի հրամանատարական կետը հայտարարեց պաշտպանական օպերացիայի մտահղացման մասին:

Իհարկե, ամբողջ աշխատանքը զուտ տվյալ օպերացիայի կազմակերպմանը չէր միտված: Այդ ընթացքում աշխատանքներ տարվեցին օպերատիվ և մարտավարական օղակների շտաբների սպաների, ստեղծվող աշխատանքային խմբերի գործնական հմտությունները բարձրացնելու ուղղությամբ: Նաև կատարելագործվեցին կառավարման մարմինների և ապահովման ուժերի ներդաշնակ աշխատանքը, գլխավոր շտաբի, բանակային կորպուսների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների փոխգործակցությունը:

Հրամանատարական կետում զորավարժության անցկացման բոլոր օրերին հսկայական աշխատանք էր կատարվում: Նշեմ, որ մարտական իրավիճակին համապատասխան ծավալվել էր մեծ վրանային ավան` անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Գործում էին տարբեր ծառայությունների ղեկավարման կետերը` ՀՕՊ, հրետանի, թիկունք, կապի հանգույց և այլն: Բոլոր կետերը քողարկված էին: Որոշ դեպքերում օգտագործվել էին նաև ժամանակակից հատուկ վրաններ, որոնց պաշտպանիչ ծածկույթը հակառակորդի համար անտեսանելի էր դարձնում թե՛ մարդկանց, թե՛ աշխատող տեխնիկան, այն ապահովված է նաև տաքացման և հովացման ինքնաբավ համակարգով:

Պետք է նշել, որ եռօրյա այս մարզումները բավական հագեցած և արդյունավետ անցան: Առաջին հայացքից դրանք այնքան էլ հետաքրքիր չէին. չկային մարտական կրակոցներ, զորքերի և զրահատեխնիկայի տեղաշարժեր մարտականին առավել մոտեցված պայմաններում: Սակայն ակնհայտ է, որ հենց նման վարժանքների ժամանակ են հղկվում մարտական ղեկավարման հրամանատարական որակները: Ի վերջո, քարտեզի շուրջ ընդունված որոշման հիման վրա են մարտի դաշտում գործում զորքերը: Թերևս վաղ է որևէ գնահատական տալ տվյալ զորավարժության ընթացքում յուրաքանչյուր օղակի ունեցած դերակատարմանը, սակայն, ինչպես նշեցին պատասխանատուները, արծարծված ուսումնական հարցերի շրջանակներում նկատելի առաջընթացն ապահովված է: Մասնակիցները ևս մեկ աստիճանով կատարելագործեցին իրենց հմտությունները՝ որպես ԶՈՒ կառավարման մարմիններ առաջադրանքներ ստանալու, մարտական խնդիրներ նախապատրաստելու, որոշումներ ընդունելու, սահմանված մտահղացումների և ընդունված որոշումների հիմնավորմամբ օպերացիաների կիրառման հարցերում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/06/2013