Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅՈՒՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ



Զորամիավորման լավագույն զորամասում ամփոփում են ուսումնական փուլի արդյունքները

Զորամասը, որի հրամանատարը գնդապետ Կարեն Սերոբյանն է, փառահեղ մարտական ուղի է անցել, հաղթել է բազմաթիվ վճռորոշ ճակատամարտերում, իսկ հրադադարից հետո երկար ժամանակ մարտական հերթապահություն էր կատարում հակառակորդի հետ շփման ամենաբարդ հատվածներից մեկում: Լինելով զորամասում` հետևեցինք ավարտվող ուսումնական փուլի վերջին պարապմունքների ընթացքին, զրուցեցինք հրամանատարի, սպաների, զինվորների հետ, ուսումնասիրեցինք ծառայությունների կազմակերպման գործընթացը, զինծառայողների շրջանում տարվող ընկերային, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային աշխատանքների բովանդակությունը:

Գնդապետ Կարեն Սերոբյանը ծնվել է Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում: Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, ասել է թե՝ «գերազանցիկների դպրոցում»: Ավարտելուց հետո ընդունվել է նորաբաց Ռազմական ինստիտուտ, այժմ՝ Վազգեն Սարգսյանի անվան: Ավարտելով ուսումը՝ ծառայության է նշանակվել որպես դասակի հրամանատար, հիմնականում կատարել է մարտական հերթապահություն: Մեկ տարի անց նշանակվել է գումարտակի շտաբի պետ: 2005-2007թթ. սովորել է ՌԴ համազորային ակադեմիայում, 2008-2012թթ. ծառայել է տարբեր զորամասերում՝ որպես շտաբի պետ:

-Անցած ուսումնական տարին զորամասը եզրափակել է «լավ» գնահատականով և զորամիավորման կազմում ճանաչվել լավագույնը: Թեեւ այս ձեռքբերումը նախկին հրամանատարի վաստակն է, բայց ես դրա համար ուրախ եմ, որովհետև անձնակազմը, ոգևորված հաջողությամբ, ձգտում է բարձր պահել լավագույնի պատիվը: Ընդհանրապես, զորամասը վերջին տարիներին առանձնանում է պատրաստականության եւ կարգապահական կայուն ցուցանիշներով:

-Պարոն գնդապետ, խնդրում եմ անդրադառնաք ավարտին մոտեցող ուսումնական փուլի առանձնահատկություններին, ինչպե՞ս են անցել ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները, ինչպիսի՞ն է ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը:

-Ինչպես գիտեք, մեր զորամասը մոտոհրաձգային է և ունի ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Ձմեռային ուսումնական փուլն սկսել ենք եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով, որին հետեւել է ջոկերի ներդաշնակման գործընթացը: Տեսական և գործնական նպատակասլաց պարապմունքների արդյունքում ունեցանք բավական բարձր արդյունքներ և արդեն մարտի սկզբին սկսեցինք դասակների ներդաշնակման ուսուցումը: Պետք է ասեմ, որ եղանակը բարենպաստ էր, ուստի կարողացանք ժամանակին կատարել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Դասակների ու վաշտերի ներդաշնակման ընթացքում անցկացրինք վաշտի ցուցադրական զորավարժություն, որն ինքս էի ղեկավարում: Հրաձգային գումարտակների համար կազմակերպել ենք ճամբարային հավաքներ, որոնց ժամանակ բոլոր առարկաներից անցկացվել են պարապմունքներ ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին: Չեմ կարող դրվատանքի խոսքեր չասել հրետանային Դ-30 դիվիզիոնի մասին: Հրամանատար, մայոր Ա. Մկրտչյանը, իրոք, լավ աշխատանք է կատարում: Ճամբարային հավաքին հաջորդած զորավարժության մարտական կրակն էլ նորից ինքս եմ ղեկավարել և համոզվել, որ ինչպես մարտկոցները, այնպես էլ բոլոր հաշվարկները լիարժեքորեն են տիրապետում իրենց գործին: Ասեմ նաև, որ զորամիավորման հրետանավորների միջև անցկացված մրցույթի ընթացքում մրցանակների յոթանասուն տոկոսը շահեցին մեր հրետանավորները: Այդուհանդերձ, մեր ամենալավ ստորաբաժանումն իմ գնահատմամբ զրահատանկային գումարտակն է: ՈՒսումնական կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս անցկացնելու մեքենավարման և մարտական կրակի գործնական լիարժեք պարապմունքներ, որոնց շնորհիվ էլ անձնակազմերը ձեռք են բերում պատշաճ գիտելիքներ ու հմտություններ: Ի դեպ, անցած տարի ապրիլին նախարար Սեյրան Օհանյանը հետևել է գումարտակի զորավարժությանը և ծափահարել մեր տանկիստներին:

-Վերադաս հրամանատարության կողմից ի՞նչ ստուգումներ են եղել:

-Ուսումնական փուլի ընթացքում հանկարծակի ստուգումներ են անցկացրել ինչպես մեր, այնպես էլ զորամիավորման և ԶՈՒ ԳՇ հանձնաժողովները: Տագնապով ոտքի են հանվել տարբեր ստորաբաժանումներ: Էական թերություններ չեն հայտնաբերվել: ՈՒսումնական գործընթացում առկա բոլոր դրական միտումները սպայակազմի նվիրված աշխատանքի արդյունքն են:

Խոսելով զորամասի պայմաններից՝ գնդապետ Կ. Սերոբյանը նշեց, որ կառուցվել է նոր զորանոց եւ շուտով կշահագործվի, գույքն արդեն ստացվել է: Իսկ կարգապահության, զինծառայողների միջանձնային հարաբերությունների մասին ասաց հետեւյալը.

-Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպք քննարկվում է ստորաբաժանումներում: Հարց է դրվում, իսկ մե՞նք ինչ ենք անում, ծառայությունն ինչպե՞ս ենք կազմակերպում, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան: Բարձրացրել ենք հասարակական ակտիվների դերը: Անում ենք ամեն ինչ, որ նրանց գործունեությունը ձևական չլինի, և կարող եմ ասել, որ այժմ արդեն չունենք դժվար դաստիարակվող զինվորներ: Ի դեմս ավագ սերժանտ Արթուր Գաբրիելյանի՝ ունենք հրաշալի սերժանտական խորհրդի նախագահ: Պատասխանատվության բարձր զգացումով է ծառայում ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Պետրոսյանը: Սերժանտների դերը բարձրացնելու նպատակով խորհուրդը հրատարակում է «Սերժանտ» ամսագիրը, իսկ հրաձգային գումարտակի հասարակական խորհուրդն էլ հրատարակում է «Գանձասար» ամսագիրը: Շատ ամուր է զորամասի կապը մեր քաղաքի կրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների, ԵԿՄ և ազատամարտի վետերանների, վարչական կառույցների հետ: Նրանք հպարտանում են զորամասի անցած մարտական ուղիով և ձգտում են լինել մեր կողքին:

Հ.Գ. Զորամասի առանձին ստորաբաժանումների, զինծառայողների և մարտական պատրաստության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին` հաջորդիվ:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/06/2013