ՓՈՐՁԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հրաձգային գումարտակի ստորաբաժանումները զորամասի հրաձգարանում են: Նրանք ուսումնական փուլի ընթացքում ոչ մի պարապմունք բաց չեն թողել, ընդհակառակը՝ ձմեռվա ընթացքում նպաստավոր եղանակային պայմանները թույլ են տվել նախատեսվածից ավելի շատ գործնական պարապմունքներ անցկացնել, ինչի շնորհիվ էլ թե՛ զինվորները և թե՛ սպաները հրաձգությունից այժմ ցույց են տալիս բավական բարձր արդյունքներ: Նրանք վաղ առավոտից մեկ անգամ ևս փորձարկում էին երկրորդ ստուգողական վարժությունը: Երկրորդ ստուգողականից կրակողներին տրվում էր տասնվեց փամփուշտ, երեքը` լուսածիր:
-Նռնականետորդներն արդեն կրակել են, ինը զինվորներ ստացել են «գերազանց» գնահատական,-ասաց վաշտի հրամանատար, կապիտան Կարո Սարգսյանը:
Գնդացրորդ, շարքային Ռուստամ Մելքոնյանը և հրաձիգ, շարքային Հրաչյա Մղդեսյանը նույնպես նորմատիվային լավագույն ժամանակում բոլոր դիրքերից խոցեցին թիրախները: «Լավ» գնահատական ստացավ հրաձիգ Արտակ Սարգսյանը:
– Զինվորներիցս հինգը` գնդացրորդ, շարքայիններ Կոստան Մխոյանը, Տելեմակ Խալաթյանը, Արմեն Հախվերդյանը, ինչպես նաև հրաձիգ, շարքայիններ Հ.Մղդեսյանը, Ռ.Մելքոնյանն արդեն ապացուցել են, որ կարող են քննության ժամանակ էլ բարձր գնահատականներ ստանալ, բայց «հինգ» ստացողների ցուցակը դեռ համալրվելու է, քանի որ լավ կրակողներ շատ կան, դեռեւս չեն կրակել ջոկերի հրամանատարները,- ասաց դասակի հրամանատարը:
Վաշտի հրամանատար, կապիտան Կ.Սարգսյանը զորամասի հեռանկարային, եռանդով լի երիտասարդ սպաներից է: Նա Արմավիրի Շենավան գյուղից է: Դպրոցից հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտել է ուսումը և ծառայության անցել որպես դասակի հրամանատար: Խոսելով մարտական պատրաստության աշխատանքների մասին` նա մասնավորապես ասաց.
-Բոլոր միջոցառումներն արել ենք ժամանակին` նկատի ունեմ ջոկերի, դասակների ներդաշնակումները, անցկացրել ենք առանձին վաշտի մարտավարական զորավարժություն և մասնակցել ենք գումարտակի մարտավարական զորավարժությանը, որի ժամանակ առանձնապես աչքի են ընկել դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Գեղամ Գևորգյանը, ջոկերի հրամանատարներ, ավագ սերժանտ Խաչատուր Խեչումյանը, կրտսեր սերժանտ Հակոբ Սարգսյանը և նրանց զինվորները, գնդացրորդ Դավիթ Կարապետյանը, նռնականետորդ Ապրիկյանը, վարորդ Ս. Գասպարյանը: Կարծում եմ՝ ուսումնական ժամանակաշրջանն անցկացրել ենք բավական լավ, և անկախ նրանից, թե ինչ գնահատական կստանա վաշտը քննությունից, ես համոզված եմ, որ այն մարտունակ է և ամբողջությամբ կկատարի իր առջև դրված մարտական առաջադրանքները:
Մի քանի ժամ հետևելով պարապմունքի ընթացքին` համոզվեցինք, որ վաշտի հրամանատարի լավատեսությունը իսկապես էլ անհիմն չէ:
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի