ԲԱՑ ՆԱՄԱԿ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» ԹԵՐԹԻՆ
Կարդացի իմ և որդուս՝ հայկական բանակի զինվոր Վարանդ Մկրտչյանի մասին պատմող «Զինվորի մայրը» վերտառությամբ հոդվածն ու այնքան հուզվեցի, որքան չէի հուզվել որդուս ծառայության երկու տարիների ընթացքում: Դուք հրաշալի էիք ընկալել զինվորի մոր ապրումներն ու մտատանջությունները և կարողացել էիք կենդանի ու համոզիչ գրչով ներկայացնել:
Ես շնորհակալական խոսք եմ ուզում ասել ոչ միայն իմ, այլև բոլոր մայրերի անունից, քանզի դուք մեկի անունը տալով՝ խոսել եք բոլոր զինվորների մայրերի ապրումներից ու մտահոգություններից:
Կուզենայի հատկապես ընդգծել այն, որ Ձեր թերթը իրավացիորեն արժեւորում է հայ մայրերի դերը ինչպես մեր հասարակության առողջացման, այնպես էլ մեր բանակի բարոյական նկարագրի հստակեցման, մեր զինվորների բարոյակամային հատկանիշների ամրացման գործում: Այո՛, մենք՝ մայրերս, պարտավոր ենք հոգով ու մարմնով առողջ զինվոր մեր բանակին տալ, և միևնույն ժամանակ մեր պարտքն ու իրավունքն է մեր որդիներին տեսնել միայն ու միայն օրենքի ու արդարության դաշտում գործող զինված ուժերում: Մայրերիս երազած բանակը կարգապահ բանակն է, որում գերիշխում են միայն օրենքն ու օրինականությունը, իսկ շարքային զինվորն ընկալվում է որպես գերագույն արժեք… Մայրերիս երազած բանակը բանիմաց ու կիրթ, զինվորի համար հոգի տվող, նրան որպես կրտսեր եղբայր ընկալող սպաներով համալրված բանակն է… Մենք՝ մայրերս, թանկ որդիներ ենք կորցրել մեր ազգային բանակը ստեղծելու և կայացնելու ճանապարհին, և մեր ձայնը պետք է լսելի լինի անգամ ամենաբարձր ատյաններում…
Սկսվել է զորակոչը: Եվ ես կուզեի, որ իմ անկեղծ խոսքը հասներ բոլոր այն մայրերին, ովքեր զինվորացու որդի ունեն: Հիշեք՝ մոր համար չկա ավելի մեծ աչքալուսանք, քան որդու առողջ լինելը և զինվորական ծառայությանը պիտանի լինելը, հայ մոր համար չի կարող ավելի մեծ երջանկություն ու հպարտություն լինել, քան երբ որդին զենքը ձեռքին պաշտպանում է իր հայրենքը, մորը, ընտանիքը…
Եկե՛ք մեր Հայրենիքին արժանի զինվոր դաստիարակենք՝ վեհ, առաքինի, ներողամիտ, բարի ու մարդասեր, եկե՛ք մեր որդիների միջից հանենք, արմատախիլ անենք մեր ազգին պատիվ չբերող մանր-մունր հաշիվները, չափումները, քենը, ցածրոգի մտքերն ու կրքերը, տղամարդկային պատվի ու արժանապատվության այն կեղծ ու փուչ ընկալումների արժեհամակարգը, որը բումերանգի նման վերադառնալու ու խոցելու է առաջին հերթին մեր մայրական անպաշտպան սրտերը…
Դուք դեռ չգիտեք, թե ինչպիսի աննկարագրելի երջանկություն և հպարտություն է ձեր Զինվոր որդու և մեր բանակի բոլոր զինվորների համար մոմեր վառելը և աղոթելը: Դուք դժվարին սպասումներով երկու տարի կանցկացնեք և կարժանանաք հայ զինվորի մայր լինելու հիրավի բարձր պատվին:
Հիրավի, ինչպես մեծն Նժդեհն է ասել՝ ազգի ապագան գտնվում է մեր մայրերի ձեռքերում:
Ես շնորհակալ եմ «Հայ զինվոր» թերթին բարձրաձայն արտահայտվելուս այս հնարավորության համար, շնորհակալ եմ մասնավորապես լրագրող Գևորգ Ասատրյանին՝ որդու տունդարձին սպասող մոր տագնապների ու ապրումների մասին պատմող ջերմ ու անկեղծ ակնարկի համար…
Հզոր է գրչի ուժը, բայց այն շատ ավելի զորեղ է դառնում, երբ հեղինակին առաջնորդում են մասնագիտական խիղճն ու վարպետությունը:
ԱՆԱՀԻՏ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Զինվորի մայր
ք. Արթիկ