ՕՐՀՆԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ
-1993 թվականի դեկտեմբեր ամիսն էր: Ահեղ մարտեր էին ընթանում Մարտակերտում,- վերհիշում է «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:-Թշնամին ուզում էր ամեն գնով կոտրել մեր դիմադրությունը: Նոր տարվան հաշվված օրեր էին մնացել, և ոսոխն ուզում էր այն վերածել ողբ ու կականի:
Կռիվ էր, որտեղ զոհվում էին, վիրավորվում, հերոսանում տղաները… Տղաներից մեկի ձեռքը պետք է անդամահատեին, սակայն չէր թողնում, չէր համաձայնում` երևի սպասում էր հրաշքի: Զինվորական հոսպիտալները լցված էին վիրավորներով: Բժիշկներն անքուն, գիշեր ու զօր աշխատում էին օգնել, փրկել, կյանք տալ մեր վիրավոր տղաներին:
Այդ օրերին Արցախում էր Սերժ Սարգսյանը, որ մի քանի ամիս առաջ էր նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար: Շտապ պետք էր Երևան հասցնել մեր վիրավոր տղաներին, մեր զոհված ընկերների աճյունները: Օդանավակայանում խառնաշփոթ էր, իրարանցում: Էլի կային զոհեր, վիրավորներ: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ արտասահմանյան պատվիրակություն կար, որոնք նույնպես պատրաստվում էին Երևան վերադառնալ: Երբ ուղղաթիռը վայրէջք կատարեց նրանց տեղափոխելու համար, նախարար Սերժ Սարգսյանը, իրադրությանը քաջատեղյակ, հետաձգեց պատվիրակության մեկնումը և փոխարենը կարգադրեց ուղղաթիռ բարձրացնել զոհված և վիրավոր ազատամարտիկներին: Վիրավորների թիվը շատ էր: Նրանք փրկվեցին, բուժվեցին: Մեր ընկերոջ ձեռքը չանդամահատեցին: Անկեղծ ասած` չգիտեմ` նախարարը ինչ խոսեց, ինչպես բացատրեց պատվիրակության անդամներին, սակայն արդեն տարիների հեռվից ավելի պարզ ես պատկերացնում այն օրերը և ուզում ես երախտագիտության այն խոսքերը կրկնել, որոնք մեր տղաների մայրերը, կանայք, հարազատները այս էլ քանի տարի ամեն պատեհ առիթով ասում են Սերժ Սարգսյանի հասցեին:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Հոգևոր-մշակութային