Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ՆՌՆԱԿ



– Շոգ էր, ամառ: Երկար կրակահերթերից տաքացել էին զենքերի փողերը: Մեր բուժքույրը վիրավորին շալակած` դուրս էր բերում մարտի դաշտից: Երկու կողմից էլ կրակոցներ էին: Բուժքույրը, որը կորցրել էր բժշկական պայուսակը, զգաց, որ թիկունքը տաքանում է ազատամարտիկի արյունից: Ցած իջեցրեց վիրավորին ու առանց երկար-բարակ մտածելու` վրայից հանեց զինվորական վերնաշապիկն ու արագ պատռելով՝ վիրակապեց արնահոսող վերքը, ապա, առանց ուշադրություն դարձնելու սուրացող գնդակներին, նորից շալակն առավ վիրավորին ու քայլեց: Վերնաշապիկը հանելուց հետո արդեն երկու կողմից էլ տեսանելի եղավ, որ բուժքույրը մնացել է միայն կրծկալով: Արդեն թշնամու կողմից հատուկենտ կրակոցներ էին գալիս այդ ուղղությամբ: Սակայն մի փոքր տարածությունից հետո հանկարծ կտրվեց կրծկալը, ու կրծքերը սկսեցին օդում թպրտալ: Երկու կողմից էլ միանգամից դադարեցին կրակոցները և օրերով տնից, ընտանիքից կտրված ազատամարտիկները, ասես վերացած, զմայլված դիտում էին այդ գեղեցկությունը, կյանք պարգևող մայրական թրթռացող ստինքները: Մի պահ մոռացվել էր պատերազմը:

Տղաներից մեկն արտասանեց Պարույր Սևակից.

Երկու նռնակ կրծքիդ վրա`

Երանի թե նրանց պայթյունն ինձ սպաներ.

Անտառի մեջ փասիանների ներկայությամբ

Կամ սենյակում` վարագույրի վկայությամբ…

Բոլորը լսեցին այդ տողերը, սակայն լռությունը ոչ մեկը չփորձեց խզել: Միայն հայացքներով, սևեռուն հայացքներով երկու կողմից էլ ուղեկցում էին վիրավորին շալակն առած բուժքրոջը: Բուժքույրը վիրավորին բարեհաջող հասցրեց թիկունք: Վիրավորի կյանքը փրկված էր:

…Այս պատմությունը գրի առա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ազգական Սիրակ Սողոմոնյանից, որն էլ լսել էր ազատամարտիկ տղաներից… «Այսպիսի պատմություն է եղել, հաստատ եղել է, ափսոս, չեմ հիշում, թե որ ջոկատի տղաներից եմ լսել: Միգուցե կարդալուց հետո ինչ-որ մեկն արձագանքի…»,- ասաց ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած մտավորականը` հետախույզը, ինչպես նաև ՀՕՊ-ի այն օրերի եզակի մասնագետներից մեկը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Հոգևոր-մշակութային


27/06/2013