ԽՈՍՔ ԶԻՆՎՈՐԻՆ
Սիրելի՛ զինվոր, ուզում եմ քեզ հետ խոսել քրիստոնեական սիրո մասին: Հասկանալու համար, թե ի՞նչ է քրիստոնեական սերը, ուզում եմ նախ ներկայացնել Պողոս առաքյալի նկարագրությունը սիրո մասին. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի՛ նախանձում, չի՛ ամբարտավանանում, չի՛ գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի՛ փնտրում, բարկությամբ չի՛ գրգռվում, չար բան չի՛ խորհում, անիրավության վրա չի՛ ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա: Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում, սերը երբեք չի անհետանում» (Ա. Կորնթ 13:4-8):
Սիրելի՛ զինվոր, տեսնու՞մ ես, թե որքան դրական հատկություններ է իր մեջ պարունակում սերը: Եթե Դու ծառայությանդ ընթացքում ունենաս սեր հանդեպ ծառայակից ընկերդ, որի հետ ուտում ես, ապրում ես, կիսում ես ուրախությունդ և տխրությունդ, ապա քո մեջ ունենալու ես այն դրական բոլոր հատկությունները, որը Պողոս առաքյալի կողմից վերը նշվածի մեջ կարդացիր:
Բայց ուզու՞մ ես իմանալ, թե ում կնմանվի նա, ով սեր չունենա հանդեպ ընկերը: Ահա, տե՛ս, թե ինչ է ասում Եկեղեցու նշանավոր հայրերից մեկը՝ Եփրեմ Ասորին, այն մարդկանց մասին, ովքեր սեր չունեն իրենց մեջ. «Ում մեջ սեր չկա, նա շուտ է բորբոքվում, շուտ է զայրանում, շուտ է ատելությամբ լցվում: Ում մեջ սեր չկա, նա ուրախանում է ուրիշների մասին անիրավություն լսելով, չի կարեկցում անկյալին, ձեռք չի մեկնում ընկածին, խորհուրդ չի տալիս տապալվածին, չի սատարում տատանվողին: Ում մեջ սեր չկա, նա մտքով կուրացած է, սատանայի ընկերն է, նա ամենայն նենգության գյուտարարն է, նա վեճեր սկսող է, նա չարաբանների ընկերն է, զրպարտիչների զրուցակիցը, վիրավորողների խորհրդատուն, նախանձողների ուսուցիչը, գոռոզության սպասավորը, նա մեծամտության անոթ է: Մի խոսքով, ով սեր ձեռք չի բերել, նա հակառակորդի զենքն է, դեգերում է` դես դեն ընկնելով, և չգիտի, որ խավարում է քայլում»:
Սիրելի՛ ընկեր, չեմ կարծում, որ յուրաքանչյուրս՝ ես և դու, կուզենանք լինել սատանայի ընկերը, ինչպես Եփրեմ Ասորին է անվանում այն մարդկանց, ովքեր սեր չունեն իրենց մեջ:
Յուրաքանչյուր մարդ, ապրելով երկրավոր այս կյանքում, կրում է որոշակի դժվարություններ: Դժվարություններ լինում են նաև ծառայության ընթացքում: Լինում են անհանդուրժողականության դրսևորումներ, լինում են տարաբնույթ վեճեր: Բայց եթե դու չարությանը պատասխանես չարությամբ, որքանո՞վ ես տարբերվելու այն մարդուց, ով չար գործեց հանդեպ քեզ:
Ավետարանում Քրիստոս Երկնքի Արքայությունը նմանեցնում է վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում (Մատթ. 13:45): Մենք ևս ցանկացած իրավիճակում մեզանից հեռու պետք է վանենք հոգին աղտոտող ատելությունը, վրեժխնդրությունը, սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիքը և բոլոր բացասական ու ժխտական զգացումները, այսինքն՝ պետք է նմանվենք մարգարտի, որն իր հատկությունը պահպանում է նույնիսկ փոշու և ցեխի մեջ: Այսպես վարվելով՝ գուցե կհասկանանք Քրիստոսի այն խոսքերը, որոնք հաճախ շատ մարդկանց համար դժվարըմբռնելի են. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարություն արե՛ք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5:44): Եթե Քրիստոս պատվիրում է սիրել թշնամուն (խոսքը չի վերաբերում հակառակորդին, ով ծառայության ընթացքում տենչում է վնասել քեզ), ապա, որքան առավել, պետք է սիրես և հարգես քո ընկերոջը, որը քեզ թշնամի չէ:
Միշտ հիշի՛ր` սերը և հարգանքը կարող են վերափոխել նույնիսկ մեր հանդեպ հակակրանք ունեցող մարդկանց, որովհետև սերը նման է կրակի: Կրակը հալեցնում է մոմը, որը դառնում է փափուկ ու փխրուն, և մենք արդեն կարող ենք մոմին մեր ուզած ձևը տալ: Նույնպես սերը և հարգանքը կարող են դիմացի մարդուն դարձնել հարգալից, քանզի սերը և հարգանքը նույնն են մարդու համար, ինչ կրակը մոմի համար: Բայց որպեսզի կեղծավոր չլինենք, պետք է մեզանում ունենանք սիրելու և հարգելու անհրաժեշտության համոզումը՝ իմանալով, որ սիրելը նաև Աստծո պատվերն է, և մեր կողմից հակակրանքի արժանացած մարդը նույնպես ստեղծված է Աստծո պատկերով:
Ուզում եմ Քեզ սիրո կատարյալ օրինակ բերել, որպեսզի իմանաս, թե մենք որքան առավել պետք է սիրենք մեր ընկերոջը: Երբ որ Քրիստոսին խաչում էին, անարգում էին, թքում էին վրան, լեղի էին տալիս, որ խմի, հենց այդ ժամանակ է, որ Քրիստոս ցույց տվեց իր անսահման մարդասիրությունը, երբ իրեն խաչողների, անարգողների և ծաղրողների համար աղոթում էր ու ջանում փրկել նրանց. «Հա՛յր,- ասում էր նա,- ների՛ր նրանց, քանի որ չեն հասկանում, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34):
Սիրելի՛ զինվոր, ես, որպես ընկեր քեզ, առաջարկում եմ՝ այն գրվածը, որը կարդացի՛ր, մտաբերես այն ժամանակ, երբ ուզում ես վիրավորել ընկերոջդ, կամ էլ մեկ ուրիշ վատ արարք գործել ընկերոջդ նկատմամբ: Եվ մտաբերելով գիտակցես, որ դրանով մեկ անգամ ևս խաչում ես Քրիստոսին:
Զրույցս ուզում եմ ավարտել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերով. «Եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա. Կորնթ. 13: 2):
ՎՈԼՈԴՅԱ սարկավագ ՆԱՋԱՐՅԱՆ
Պաշտպանության բանակի զորամասի հոգևոր սպասավոր