Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳՈՒ, ՈԳԵՂԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ



Դարձյալ ազգովին բախվեցինք ահռելի կորստին, և կորստի անփարատ կսկիծը երկրի վրա վայր ընկնող երկնաքարի պես մեր հոգիներում անլցնելի խորշեր է բացել: Մեզ մնացած կարճ, թե երկար ճանապարհն այսու առանց Վրեժի, առանց Վրեժ Իսրայելյան անունը կրող երևելի գրողի, հայրենի եզերքի նվիրյալ զինվորի ու պահապանի ենք անցնելու, և այդ ճանապարհը շատ չափով սառը, անհրապույր ու դատարկ է լինելու: Ինչ խոսք, հայ մարդը շարունակելու է իր երթը, և ցավ ի սիրտ, պիտի վկայենք, որ այդ երթը մեզ բոլորիս համար առավել է դժվարացնելու, քանզի բացակայելու է Վրեժ Իսրայելյանի թևեր տվող, ոգևորող ու ոգեշնչող ձայնը: Դժնի իրողության դեմ շվարած, խոսում եմ անդառնալի կորստի մասին, բայց ուղեղիս ծալքերում ծիլ է տալիս ծածուկ մի միտք, աղոտ հույսի պես թրթռացող ցնորական մի ցանկություն, որ այն, ինչ ասվում և իբրև իրականություն է ընկալվում, զառանցանք է, և Վրեժը, ուր որ է, երևալու է, և տարածությունն ու ժամանակը լցվելու են նրա տաք ժպիտով, նրա ջերմ խոսք ու զրույցով: Վրեժը երբեք ճոխություն ու հարմարավետություն չփնտրեց, և տոհմիկ հայի, սասունցու նրա միտքը ոչ թե առնելիքի, այլ տալիքի վրա էր սևեռված, իսկ ինքը աշխարհին տալու, պարգևելու շատ բան ուներ: Եվ Վրեժի հեռահար հայացքը փնտրում ու գտնում էր այն կածանը, որը հայ մարդուն դեպի փրկություն և դեպի հոգևոր ազատություն էր տանելու:

Գրականությունը Վրեժի համար պատրվակ էր, որ նա անխոտոր արժանապատվությամբ, այրորեն զուսպ ու անմռունչ կրեր հայ ոգու և ոգեղեն արժեքների բերդակալի իր ծանր խաչը: Վրեժի կորստյան առջև մե՛նք պարտվեցինք, կորստյան դավադիր ցավը մեզ` ապրողներիս է անգթորեն կալանել, իսկ ինքը գնաց հաղթանակած, բաց, մաքուր, խիզախ ու ազնվական: Վրեժի մահվան գույժը նման էր թշնամու այն դավադիր գնդակին, որի արձակվելուց հետո խարխլվում է զորքի դասավորությունը, և միջնաբերդում տագնապ է հայտարարվում: Եթե Հայաստան աշխարհում անավարտ ինչ-որ որմ, ինչ-որ կառույց էր մնացել և աջակից ձեռքի էր սպասում, ապա Վրեժը հաստատապես կար, Վրեժը չէր զլանա: Եթե անվերջորեն փորձությունից փորձություն անցնող հայ մարդուն լույս ու գեղեցկություն ճառագող գիր- գրականություն էր անհրաժեշտ, ապա հեռագրի պես տեղ էր հասնելու Վրեժի հերթական պատմվածքը: Եթե անհրաժեշտ էր հայ զինվորին օժտել բարձր, պետական մտածողությամբ և իր քաջարի նախնիների արիությամբ և հերոսականությամբ, ապա Վրեժ Իսրայելյանը Հայոց բանակի «Հայ զինվոր» թերթի խմբագիրն էր, իր գիրն ու գրականությունը զանց առած, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվության ծանր գործն էր ղեկավարում:

Երևելի գրողի իր վարպետությունը Վրեժը ողողել էր անդուլ մի չարքաշությամբ և ջանք, կորով, գեղեցկություն էր զետեղում իր յուրաքանչյուր տող ու պատկերի մեջ, և թել-թել, դերձան առ դերձան հյուսվում էր գունագեղ մի պատում, որն ընթերցողին միշտ էլ անակնկալի էր բերելու իր շարունակական գյուտերով: Վրեժը իր կորուսյալ երկրի` Սասունի չափ սիրում էր իր Աշնակը, իր Երևանը, իր Հայաստանի Հանրապետությունը և յուրաքանչյուր քար ու թփի, քիվ ու կամարի մեջ հայրենիք էր տեսնում և այդ ամենը, ինչը փորձում էր պարուրել որդիական անկեղծ սիրով ու գուրգուրանքով: Հենց ինքը` Վրեժը գիտեր, թե ինչ ասել է կորուսյալ Էրգրի զավակ լինել և մշտապես շոշափել համազգային հիշողության պրկված նյարդը, բայց հենց ինքը իր լավատեսությամբ, անկոտրում կամքով, հավատով ու պայծառությամբ պիտի սատարեր ու ոգևորեր բոլորին: Վրեժը բոլորից լավ գիտեր, որ կենաց փորձության ամենածանր պահին անգամ չի կարելի վհատվել և իր ճանապարհը անցնում էր Էպոսի կերպարների պես հաստատաքայլ ու տիրական: Վրեժի դեմքին մշտապես մի լույս էր թրթռում, որը հաստատապես հեռվից էր գալիս, ժամանակներ ու տարածություններ կտրելով: Այդ լույսը գալիս էր իր պապերի երկրից, գալիս էր Սասունից և Շուշնամերկից: Եվ այդ լույսը հաստատապես քամված էր անզիջելի կարոտից և դեպի Էրգիր տանող անկորնչելի հույսից: Իսկ այդ լույսը գալիս էր ամոքելու, գալիս էր գոտեպնդելու և զորեղացնելու: Մենք դեռ ճանապարհ ունենք կտրելու, հաղթահարելու բազում հոգևոր ու բարոյական խոչընդոտներ, և իր հետագա դժվարին վերելքի վրա, զորեղացնելու և խանդավառելու ակնկալիքով, հայ մարդը Բակունցի Հազրոյի, Դաշտենցի Խոդեդանի և ողջ Ֆիդայական փաղանգի, Քոչարի Նահապետի, Գալշոյանի Ձորի Միրոյի կողքին փնտրելու և հաստատապես գտնելու էր Վրեժ Իսրայելյանի Տոնապետին: Հենց Դաշտենցի և Գալշոյանի բացած մաքրամաքուր ակունքներում բարձրացավ Վրեժը և ասպետաբար, տիրաբար ասաց` Տե՛ր եմ Կարոտին, Ցավին, Հուշին եւ վերադարձի Հույսի նվիրյալ զինվորն եմ լինելու: Բաց անենք Վրեժի հեղինակած յուրաքանչյուր էջը, և այդ էջերից բոցկլտալու է հայ մարդու ոգին` խիզախ ու անընկճելի: Այդ ինչ անպարագիծ ու անանձնական սեր էր, որ այդքան ապրած, առինքնող ու հավաստի դարձրեց Վրեժի խոսքն ու խոսքի ելևէջը:

Հիշում եմ՝ երբ առաջին անգամ տեսա Վրեժին Երևանի համալսարանի նախասրահում, անկեղծ ասած, առաջին հայացքից քաղաքաբնակ, չափից դուրս նրբակիրթ երիտասարդի տպավորություն թողեց: Բայց հետագայում Վրեժն իր պահվածքով, վարքով, գրականությամբ, ինչ խոսք, նաև արտաքինով փաստում էր, որ ինքը գալիս է Էրգրից, բերելով այդ աշխարհի անկրկնելի բույրերն ու գույները: Աշխարհի հետ հարաբերվելու իր ուրույն կերպով Վրեժը փաստում էր, որ ինքը դավադրաբար գերեվարված, ծվատված երկրի զտարյուն ժառանգորդն է և Կատարվածի մասին գիտե ամեն ինչ: Գրական անվարձ մշակի իր գործը Վրեժ Իսրայելյանն անում էր շինականի պատվախնդրությամբ, այնպես, որ ոչ մի հունդ ոտնատակ չգնա: Մեծագույն Ցավի արծարծումը Վրեժ Իսրայելյանի արձակի տիրույթներում երբեք չխճողեց մաքուր, բարձր գեղարվեստի զարդակար սյուներն ու խոյակները, և պատմվածքի իր յուրաքանչյուր դրվագում Վրեժը նույն այդ Ցավի դուռը իր ընթերցողի առջև բացում էր անկողոպտելի հայերենով, հայի զսպվածությամբ ու արժանապատվությամբ:

Ես գիտեմ, թե Վրեժը ստեղծագործական տառապանքի ինչ վիհերի վրայով է անցկացրել իր հույսն ու սպասումը, իր սերն ու երազը, իր ոգեղեն տենչանքներն ու մաքառումը: Ընթերցողը մշտապես սիրով ու ջերմությամբ էր ընդունում նրա յուրաքանչյուր տողը, բայց ինքը երբեք ինքնագոհացման էյֆորիաներ չունեցավ, քանզի ինքն իր հետ և աշխարհի շարունակական վեճերի մեջ էր: Ինքն իրենից և աշխարհից պահանջում էր առավելագույնը: Միայն դառը ճշմարտության աչքերին անայլայլ նայող խիզախորեն պարկեշտ հայը, հայ արձակագիրը կարող էր այդպես նրբորեն հյուսել հայ և ադրբեջանցի որդեկորույս մայրերի կյանքի եղերական պատմությունը: Վրեժ Իսրայելյանը հայոց լեզվի դժվար կեղևի միջից դուրս էր բերել գեղագիտական այնպիսի կերպարներ, որոնք ուղենշային եղան հայ նորագույն արձակի ընթացքի համար: Իսրայելյանական արձակում մշտապես բողբոջում էր գոյության լույսը, և մարդը վստահորեն թոթափում էր մահկանացուի իրեն կաշկանդող վախն ու երկվությունը: Մաքառման և հուսալքումի, հուսալքումի և մաքառման ճամփաբաժանի վրա Վրեժը մշտապես փնտրում էր մաքառման անդնդամերձ կածանը և դեպի իր նվիրական երազն էր մղվում ինքն իրեն հոգեպես ծվատելով, և «Հեղնոն գնում էր կոճղեզի»: Ավազների միջից գլուխը վեր ցցած էն զարմանալի տղան, նրա կողքին Տիգրան Մեծն ու Հայկ Նահապետը, Հնոցապան Անդրոն, կարծես Արցախյան պատերազմի բոցերից ծնված այդ հրեղեն Սոնան, այդ Մռովի արծիվը` Հակոն, Մերուժանը, Հորեղբայրը, Մուքոն, Իշխանը, Գոհարը, Հերոն, Իսրայելյանի ստեղծած մյուս կերպարները առաջացան, կայացան և միասնության մոգական մի ուժով ծվարեցին մի հարկի տակ, որ նորից զնգար ու ղողանջեր հայոց տան, օջախի, գերդաստանի հարատևության հիմնը:Հող, ժողովուրդ, պետություն, և Վրեժ Իսրայելյանի ամենակենցաղային թվացող պատումներն անգամ խարսխվում էին անհատին անխոցելի պահող այդ բարձրագույն արժեքներին, և ամեն ինչ դիտարկված էր ներքին տեսողությամբ:

-Որտե՞ղ կարող է ի մի բերվել, և որտե՞ղ կարող է մսխվել Ցեղի հավաքական կենսական ուժը,- հարցի հստակ պատասխանն էր փնտրում և հեռավոր ու մոտ Էրգրի աղոտացող պատկերն էր փորձում ճերմակ թղթին դաջել այդ խենթ ու անզիջում պահանջատերը, արձակագիր Վրեժ Իսրայելյանը: Ամենամեծ տաղանդը պարկեշտությունն է: Ինքնահռչակ, ինքնամեծար, փուչ ու ծանրամիտ տերեր ու տիրակալներ, աջ ու ահյակ ցփնվող ծառայամտություն, քծնանք ու ընչաքաղցություն, և դիմադիր ելնում ու տողան են կազմում Վրեժ Իսրայելյանի Ձենով Օհանատիպ, Դավթատիպար, ըմբոստ, շիտակ ու մաքրակենցաղ հերոսները` ոտից գլուխ գութ և հիշողություն, ոտից գլուխ կամք և ընդվզում: Գրասեղանին անավարտ պատմվածք է, բայց Վրեժի հայացքը դիմացի լեռնալանջի կանաչ ծփացող հողակտորին է. հանկարծ այդ մի նշխարն էլ անտերության մատնված չքայքայվի, չամլանա: Վրեժի գրականությամբ մեզ փոխանցված ուղերձներից մեկն է` Տե՛ր կանգնել, տիրություն անել այն ամենին, ինչը Հայրենիք է կոչվում: Վրեժի գիրը մեզ նաև պատասխանատվության է կոչում, որ յուրաքանչյուրի թերացումն ու նահանջը կործանարար է լինելու բոլորի համար: Եվ դարձյալ ոգեղեն արժեքները թևի տակ առնելու, վերահաս կործանումից փրկելու այդ տիտանական ճիգը, որ բոլոր ժամանակներում իմաստ, շուք ու փայլ է հաղորդել մարդ- աստվորի անցողիկ և ունայն հորջորջվող կյանքին, իսկ Վրեժը նույն այդ ոգեղեն արժեքները պաշտպանողների առաջին գծում էր և է՛: Ժամանակի հողմերը, ցուրտը, սովը, նույնիսկ պատերազմը անզոր են մարդու տոկունության առեղծվածի դեմ: Մարդն աշխարհ է եկել, որ թեկուզ կյանքի գնով հաղթի: Հաղթության գիրը ի սկզբանե դաջված է մարդու ճակատին: Եվ նահանջել չկա, և պատսպարվել ու պարտվել չկա: Հաշվենկատությունը հերոսներ չի ծնում, միշտ ու բոլոր ժամանակներում հերոսացել են ինքնուրաց խենթերը. «Չէ, արծիվ Հակոն չարության բույն չէ, կյանքի վաշխառու չէ: Մռով սարն էլ ակնկալիքների դաշտ չէ: Հակոն կռվեց իր կռիվը, երեխեքին տալու բան չուներ` իր կենսագրությունը տվեց, որը հյուսել էր Մռովի անհանգիստ գիշերներից վերջին շառաչով ու մայր մտնող արեգակի բոսորագույն նահանջով:Հակոն իր կռիվը չի բացատրում:Եթե բացատրի, կդառնա Մելո: Այնպես, ինչպես անբացատրելի էր Մռով սարի այն օրը, երբ տղերքը մեկիկ-մեկիկ ըմբոշխնում էին արևի վերջին ցոլքերը:Պատերազմը, ինչպես և խաղաղությունը, մաքրվելու տեղ ունի: Կգան Մռովի հերոսների ժառանգները ու պատերազմի էլ, խաղաղության վրայից էլ կքերեն կեղտը եւ կասեն իրենց հայրերին. «Էս ի՞նչ արեցիք, տղե՛րք, ախր ձեր արածը պատմություն է»:

Եկավ Վրեժ Իսրայելյան անունով գրողը, սասունցին, հայը, սիրեց, մաքառեց, հավատաց և կայացրեց իր կենաց ճշմարտությունը, և նրա ընթացքն այս երկրի վրա հաղթանակած զորավարի երթ էր հիշեցնում:Եվ անկասկած Վրեժի հետերկրային կյանքի ծիրը արտացոլվելու է հայոց գալիքից մեզ նայող պարման-պարմանուհիների խիզախորեն վճիտ աչքերում: Եվ գրող-ընթերցող երկխոսությունը ծավալվելու է հեռավոր ժամանակների գալիք հորիզոններում: Վրեժ Իսրայելյանն իր ապրած կյանքով, իր կուռ ու կառուցիկ գրականությամբ, մահապարտ զինվորին վայել իր վախճանով ևս մեկ անգամ ապացուցեց, որ Մարդն անմահ է, ճանապարհը`անվերջ…

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Խորագիր՝ Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


27/06/2013