Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳՈՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԲԺՇԿՈՒՀԻՆ



Մայոր Աղավնի Գեւորգյանը կենտրոնական պոլիկլինիկայի պետի բժշկական գծով տեղակալն է։ Ծնվել է Երեւանում, սովորել Պարույր Սեւակի անվան միջնակարգ դպրոցում։ Մինչեւ այժմ էլ խնամքով պահպանում է Պարույր Սեւակից ընծայագրով ստացած «Մարդը ափի մեջ» ժողովածուն։ Անցյալ դարի 70-ական թվականներին մայրաքաղաքի N123 միջնակարգ դպրոցը մշտապես հյուրընկալում էր հայ գրականության, մշակույթի մեծերին՝ Պարույր Սեւակին, Համո Սահյանին, Վահագն Դավթյանին, Շիրազին, Վլադիմիր Աբաջյանին, Սուսաննա Գաբրիելյանին եւ շատ այլ գործիչների, իսկ բոլոր այդ միջոցառումներին իր ակտիվությամբ, արվեստի, մասնավորապես` պոեզիայի նկատմամբ ունեցած բացառիկ սիրով առանձնակի շունչ ու հոգի էր հաղորդում դպրոցի գերազանցիկ աշակերտուհի Աղավնի Գեւորգյանը։

Ունենալով մեծ սեր գրականության նկատմամբ՝ Աղավնին, սակայն, ընտրեց բժշկի մասնագիտությունը։

Ոսկե մեդալով ավարտելով դպրոցը, նա ընդունվում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

Բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողուհին շատ էր ուզում զինվորական բժիշկ դառնալ, բայց այդ ժամանակ համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետ կամ բաժին չկար և երրորդ կուրսից սկսում է, որպես բուժքույր, աշխատել Սարի թաղի հիվանդանոցում, իսկ ավարտելուց հետո տեղափոխվում է թիվ 6 պոլիկլինիկա եւ աշխատում որպես տեղամասային մանկաբույժ։ Այդ ընթացքում մասնակցում է վերապատրաստման դասընթացների եւ ձեռք բերում ինֆեկցիոն հիվանդությունների բժշկի որակավորում։ Շատ չանցած՝ տեղափոխվում է թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոց, աշխատում որպես ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ, իսկ 1986թ. աշխատանքը շարունակում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպես սուր աղիքային հիվանդությունների գծով բժիշկ-ինֆեկցիոնիստ։ Հետագա աշխատանքի ընթացքում դարձյալ մասնակցում է վերապատրաստման դասընթացների եւ ինֆեկցիոն հիվանդությունների գծով բարձր որակավորման բժշկի կարգ ստանում։

-2001թ. ինձ իր մոտ հրավիրեց ռազմաբժշկական վարչության պետ, լուսահոգի Գրիգոր Աղայանը եւ առաջարկեց ծառայել բանակում, երբ ինֆեկցիոն հիվանդություններն անհանգստացնող չափերի էին հասել։ Ես չէի համարձակվում ընդունել այդ առաջարկը, բայց նա ինձ համոզեց։ Երկրորդ օրն ինձ գործուղեցին հարավարեւելյան սահմանագոտի։- Այսպես իրականանում է Ա. Գևորգյանի երազանքը՝ նա դառնում է զինվորական բժիշկ։ Նկատելի է, որ նրա աշխատասենյակի դուռը երբեք փակ չի լինում։ Մարդիկ անընդհատ մտնում ու դուրս են գալիս։

-Աշխատանքի ծավալը շատ մեծ է,- շարունակում է տիկին Աղավնին,- սպասարկում ենք ոչ միայն մեր, այլեւ ռուսական բանակի զինծառայողներին եւ բոլոր նրանց, ովքեր ազգային բանակի բուժծառայությունից օգտվելու իրավունք ունեն, երբեմն հոգնում եմ, բայց աշխատում եմ դիմանալ, մինչեւ վերջ լսել ու հասկանալ բոլոր այցելուներին։ Պոլիկլինիկան առաջին օղակն է, ուր դիմում են հիվանդները, եւ մենք սխալվելու իրավունք չունենք։ Բարեբախտաբար, չի եղել մի դեպք, որ մեր ախտորոշումը սխալ լինի։ Մեր մասնագետներն ամեն ինչ անում են, որ մեր զինծառայողները հոգեպես եւ ֆիզիկապես առողջ լինեն եւ իրենց ծառայողական պարտականությունները կատարեն լիարժեք։

Տիկին Աղավնին հազարավոր հայուհիների պես երկրի եւ ընտանիքի խաղաղության, անդուլ աշխատանքի մեջ է գտնում անձնական երջանկությունը։

Ծնունդդ շնորհավոր, հարգարժան բժշկուհի։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ազգային բանակ


27/06/2013