Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ



Գնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային ստորաբաժանումները վերջերս ճամբարային հավաք անցկացրին նախանշված տեղանքում: Հավաքի նպատակը անձնակազմի մասնագիտական ունակությունների ամրապնդումն էր, զինծառայողների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործումը, ինչպես նաև ուսումնական փուլի ընթացքում յուրաքանչյուր զինվորի ու սպայի գործողությունների արդյունավետության ստուգումը: Տագնապ ազդանշանը ստանալուն պես ստորաբաժանումները ռազմերթ կատարեցին դեպի կենտրոնացման շրջան, ապա տեղակայվեցին վրանային ավանում: Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո համապատասխան վայրերում սկսվեցին պարապմունքները: Դաշտային պայմաններում գործնական վարժանքները այնպես են կազմակերպված, որ զինվորները կարողանան լիարժեք տիրապետել մարտական տեխնիկային, գործել մարտականին մոտ իրավիճակում, կողմնորոշվել համապատասխան տեղանքում, ինչպես նաեւ կատարել հրամանները: Հագեցած և բովանդակալից պարապմունքների ընթացքը վերահսկում են փոխգնդապետ Հ. Քոսակյանը և ստորաբաժանումների հրամանատարները:

Հավաքի ընթացքում մեր լուսանկարչի ֆոտոխցիկը մի քանի ուշագրավ դրվագներ է որսացել, որոնք էլ հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու ճամբարային հավաքի մասնակիցների առօրյայի և մասնագիտական պարապմունքների բովանդակության մասին:

Ջոկի հրամանատար, սերժանտ Վահե Դավթյանը նախնական դիտարկում է կատարում՝ ուղղորդելու հաշվարկի կրակը:

Ականանետը հզոր զենք է, իսկ ականանետային մարտկոցի ճշգրիտ կրակից, կարելի է ասել, փրկություն չկա: Մարտկոցի կազմով արդյունավետ գործելու համար կարևոր նախապայման է յուրաքանչյուր հաշվարկի բարձր պատրաստվածության աստիճանը: Այդ իսկ պատճառով ոչ մի մանրուք անգամ սպաների ուշադրությունից չի վրիպում:

Ուսումնական կետում ավագ լեյտենանտ Դ. Մկրտումյանի ղեկավարած դասակի զինվորներն են: Հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Օլբիկ Ստեփանյանը, հաշվարկի համարներ Արմեն Մկրտումյանը, Հրաչիկ Սեդրակյանը, նշանառու Էդուարդ Սահակյանը, մեխանիկ-վարորդ Նարեկ Հարությունյանը հերթականությամբ մարտական միավորը երթայինից բերում են մարտական վիճակի և հակառակը: Նրանք պետք է ունենան գերազանց վարժվածություն մարտականին մոտ իրավիճակում հակառակորդին խոցելու և մյուս ստորաբաժանումներին արագ և ճշգրիտ կրակով աջակցելու համար:

Նկարում հաշվարկողներն են: Իրականում հենց նրանց՝ քարտեզների միջոցով կատարված ճշգրիտ հաշվարկների շնորհիվ է, որ մարտական միավորները իրականացնում են ճիշտ նշանառություն, ապա և խոցում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ազգային բանակ


27/06/2013