Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարներում

1992թ. փետրվարի 19-ին Ղարագալի գյուղի մոտ նորից հայտնվեցին ուղղաթիռներ, այս անգամ՝ ադրբեջանական օդուժի: Դրանք վարում էին նախկին ԽՍՀՄ-ի՝ տարբեր ազգությունների օդաչուները, որոնք պայմանագրով ծառայության էին անցել Ադրբեջանի ԶՈւ-ում: Նրանք օդային գրոհներով զգալի վնաս էին հասցնում ե՛ւ ազատամարտիկներին, ե՛ւ խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական բանակի ագրեսիան ուղեկցվում էր ուղղաթիռների օրեցօր հզորացող հարվածներով: 1992թ. ապրիլի 8-ին ադրբեջանական ՌՕՈւ-երն «ստանում են» իրենց առաջին ինքնաթիռը` «Սու-25»-ը: Օդաչու, լեյտենանտ Վաղիֆ Բախտիար-օղլի Կուրբանովը գրոհիչը գողացել էր Սիտալ-Չայ քաղաքում տեղակայված ռուսական օդանավակայանից: Ավելորդ չենք համարում նշել, որ այս օդաչուին իր նախկին գնդի հրամանատարը բնութագրում էր որպես միջակից ցածր պատրաստությամբ սպայի: Ռուսական կողմը սկզբում ձեւացնում է, թե անհանգստացած է փաստից: Հրաման էր տրված Վազիանի (Վրաստան) օդանավակայանից կործանիչներ պատրաստ պահել՝ փախստական գրոհիչը խոցելու համար, սակայն ամեն ինչ ձեւական էր: «Սու-25»-ն անցնում է ակտիվ գործունեության եւ մարտի 8-ից սկսում ռմբակոծել Ստեփանակերտը: Առաջին մարտում Կուրբանովը միայնակ չէր. նրա հետ ամենաքիչը չորս մարտական ուղղաթիռ էր գրոհել հայկական գյուղերի վրա:
Հավանական է, որ հենց Կուրբանովն է մայիսի 9-ին խփել հայկական «Յակ-40» ինքնաթիռը, որը Ստեփանակերտից դուրս էր բերում ծերերին եւ վիրավորներին: Կուրբանովի զոհն էին դառնում նաեւ խաղաղ բնակիչները: Միայն մայիսի 8-ին եւ 9-ին նրա հարձակումներից զոհվեց 30 եւ վիրավորվեց 120 մարդ: Կուրբանովը Շուշիի ազատագրման հաջորդ օրը խնդիր է ստանում ղեկավարվող օդ-երկիր դասի հրթիռներով խոցել սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ մեծ քանակությամբ հրետանային արկեր կային: Նպատակն էր դետոնացիայի միջոցով պայթյուն առաջացնել: Սակայն Ադրբեջանի ապագա հերոսը չի կարողանում արդարացնել իր ժողովրդի վստահությունը: 1992թ. մայիսի 7-ին ադրբեջանական հետեւակն ու զրահատեխնիկան երեք «Մի-24» մարտական ուղղաթիռների աջակցությամբ հարձակվում են Ստեփանակերտի հարավարեւմտյան հատվածի պաշտպանական դիրքերի վրա: Հաջորդ օրը ցերեկը ադրբեջանական ուղղաթիռները ռմբակոծում են Մարտունու Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն, Ասկերանի Շոշ եւ այլ գյուղերը:
1992թ. հայերի մայիսյան փայլուն հաղթանակներից հետո ադրբեջանցիներն ավելի կատաղի դարձան: Չկարողանալով մարտադաշտում հաղթել՝ նրանք փորձում էին վրեժ լուծել խաղաղ բնակիչներից: Մայիսի ընթացքում ռմբակոծվել են Վերինշեն, Այպարիս, Դագրազ, Ալբուլաղ եւ այլ հայկական գյուղերը, Ստեփանակերտը, Ասկերան եւ Մարտունի շրջկենտրոնները: Շատ ակտիվ էր Կուրբանովի «Սու-25»-ը: Արցախը հողին հավասարեցնելու խնդիրը կատարում էին նաեւ այլ ինքնաթիռներ: Բայց Կուրբանովի անպատիժ թռիչքները երկար չեն տեւում: Հունիսի 13-ին Ասկերանի բերդի մոտ հայ հրաձիգներից մեկն իր «Ստրելա-2Մ» դյուրակիր ԶՀՀ-ով խոցում է Կուրբանովի ինքնաթիռը: «Սու-25»-ի դեմ «աշխատում» էր նաեւ Ալբերտ Դանիելյանի «ԶՍՈւ-23-4 Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքը (ԶԻԿ): Վերջապես Կուրբանովի «վաստակն» արժանի «գնահատական» է ստանում:
1992թ. մայիսի 13-ին Թիֆլիսից Նախիջեւան էր թռչում ռուսական բեռնատար «Մի-26» ուղղաթիռը, որը Ղազախի մոտակայքում վթարի է ենթարկվում, մայոր Սերգեյ Վոեվոդինի հրամանատարությամբ անձնակազմը զոհվում է: Քննությունն այդպես էլ չի կարողանում պարզել վթարի իսկական պատճառները: 1992թ. մայիսի 26-ին ադրբեջանցիներն Աղդամի կողմից Մարտակերտի վրա են արձակում «երկիր-երկիր» տիպի հրթիռներ:
Հուլիսին Մարտակերտի համար մղված մարտերում ադրբեջանական ավիացիան գործում էր կազմակերպված եւ խելամտորեն: Բարձունքների վրա տեղակայված հայկական բոլոր ուժերը ծանր կորուստներ են կրում ուղղաթիռների հարվածներից: Դրանց օդաչուներն այլազգիներ էին, եւ զգացվում էր նրանց աֆղանական փորձը: Ինքնապաշտպանական ուժերը կորցնում են զենիթային միջոցներ: Մարտերի ամբողջ ընթացքում ադրբեջանական օդուժը բացի ուղղաթիռներից կիրառում էր նաեւ «Սու-25» գրոհիչներ եւ ձեւափոխված ուսումնամարզական «Լ-29» ինքնաթիռներ: Հակառակորդը կորցնում է նաեւ որոշ քանակությամբ տեխնիկա, սակայն հայերը զենիթային միջոցների խիստ պակաս էին զգում: Հուլիսի 31-ին հակառակորդի ինքնաթիռները մեծ բարձրությունից ռմբակոծում են Ստեփանակերտը: Նույնը կրկնվում է օգոստոսի 5-ին:
1992թ. օգոստոսից ռմբակոծությունները հաճախանում են: Մեծ վնաս էին հասցնում հատկապես «ՌԲԿ-250» եւ «ՌԲԿ-500» ռմբային կասետները: 1992թ. օգոստոսի 23-ին Ստեփանակերտի վրա գցված «ՌԲԿ-500» ռմբային կասետից զոհվում է 14 խաղաղ բնակիչ: Նույն ամսի 31-ին նետվում են 12 (այլ տվյալներով՝ 20) նմանատիպ ռումբեր, որոնցից զոհվում է 16 եւ վիրավորվում 121 մարդ: Մեկ շաբաթվա ընթացքում քաղաքի վրա նետվում է ավելի քան 20 տոննա ռումբ: Օգոստոսի 20-ին ադրբեջանական զինուժի կողմից Մարտակերտի Մեհմանա, Գյուլաթաղ եւ Հարությունագոմեր գյուղերի վրա լայնածավալ հարձակման ժամանակ կիրառվում էր նաեւ օդուժ: (Նույն ամսի վերջին Հայաստանից Արցախ տեղափոխվեցին երեք «Օսա» ԶՀՀ-ները): Սեպտեմբերի 4-ին ադրբեջանցիներն Աղդամի կողմից մեծաքանակ ուժերով հարձակվում են Մարտունու Ավդուռ, Հացի եւ Նորշեն գյուղերի վրա: Հիմնական ուժերին աջակցում էր նաեւ օդուժը:
Ականատեսների վկայությամբ՝ 1992թ. հոկտեմբերի 28-ի երեկոյան անհայտ մակնիշի ռազմական ինքնաթիռը մի քանի տասնյակ չղեկավարվող հրթիռներ է արձակել Գանձասարի վանքի վրա: Նույն օրը եւ նախորդ երեկոյան հակառակորդի օդուժը մի քանի անգամ ռմբակոծել էր նաեւ Ստեփանակերտը:
1993թ. ապրիլի 7-ին ադրբեջանական ինքնաթիռը 500 կիլոգրամանոց ռումբ է նետել Մարտունու շրջկենտրոնի վրա: 1993թ. օգոստոսի 19-ին ադրբեջանական երեք ինքնաթիռներ հարվածներ են հասցնում Կապան քաղաքին: Օդաչուների ռմբահարության սխալների պատճառով 1994թ. մարտի 25-ին երկու ինքնաթիռ Հորադիզում հարվածում են նաեւ ադրբեջանական դիրքերին: 1994թ. ապրիլի 13-ին մի քանի ադրբեջանական ինքնաթիռներ, բազմիցս խախտելով օդային սահմանը, ռմբակոծում են Ստեփանակերտը եւ այլ բնակավայրեր: Այդ օրերին նման ռմբակոծությունները՝ օրական մինչեւ մի քանի տասնյակ մարտական թռիչքներով, դարձել էին սովորական:
«ՄիԳ-25ՌԲ» ռմբակոծիչները 1994թ. ռմբակոծել են Հադրութ եւ Ստեփանակերտ քաղաքները, եւ չնայած պատճառած մեծ ավերածություններին, ռազմական տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չեն գործել: Մի անգամ օտարազգի օդաչուները այսպիսի մարտավարություն են փորձարկում. բավականին բարձր եւ արագ թռչող երկու «ՄիԳ»եր մոտենում են Ստեփանակերտին: Միեւնույն ժամանակ, բավականին ցածր թռչելով, քաղաքին են մոտենում նաեւ երկու այլ, հավանաբար «Սու-24» (կամ` «Սու-25») ինքնաթիռներ: Դա ծուղակ էր հայկական ՀՕՊ-ի համար, բայց «ներքեւի» ինքնաթիռները հայտնաբերվում են, իսկ «վերեւի» ինքնաթիռները չեն կարողանում դիպուկ ռմբանետում կատարել:
Մինչ հրադադարն ադրբեջանական ինքնաթիռները մշտապես հարվածում էին Ստեփանակերտին: Եթե անգամ ճակատներում տիրեր հարաբերական անդորր, միեւնույն է, մայրաքաղաքը պիտի ենթարկվեր հարվածների:
Ադրբեջանական օդուժի կատարած մարտական թռիչքները մոտենում են 10.000-ին, ինչն աննախադեպ է մեր տարածաշրջանի համար: Ինքնապաշտպանական ուժերը ոչ միայն սովորել էին ժամանակին հայտնաբերել թշնամու ինքնաթիռները, այլ նաեւ զինվել էին հակազդելու համապատասխան միջոցներով: 1992թ. աշնանը Արցախում արդեն հայտնվել էր «Կրուգ» ԶՀՀ-ը, որը զգալիորեն ավելի հեռահար եւ բարձրահար էր, քան «Օսա»-ն, որից ադրբեջանական օդաչուները կարողանում էին խուսափել՝ փոխելով մարտավարությունը: «Կրուգ»-ի մասնագետներ եւս չկային, սակայն հայ հակաօդայինները, որոնցից շատերը բարձրագույն տեխնիկական կրթություն ունեին, մի քանի շաբաթում յուրացրին համալիրի շահագործման եղանակը եւ ինքնաթիռներ էին խոցում:
Դեռ 1992թ., երբ առաջին անգամ ռմբակոծվեց Կապանը, այդ ուղղությամբ տեղադրվեցին ՀՕՊ-ի միջոցներ, մասնավորապես, մի քանի 57 մմ-ոց «Ս-60» հրանոթներ:
Ադրբեջանական խոցված ինքնաթիռների քանակի վերաբերյալ տեղեկությունները տարբերվում են ըստ աղբյուրների: Ադրբեջանական կողմը խոստովանել է 10 ինքնաթիռի եւ ուղղաթիռի կորուստը: Հեղինակավոր ռուս փորձագետ Ա. Խրամչիխինը բերում է ադրբեջանական 20-21 թռչող սարքերի խոցման փաստ: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք գերազանցում են երեք տասնյակը:

(շարունակելի)

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Պատմության էջերից


10/03/2011