Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔ



ԹԵ ԻՆՉՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ԶԻՋԻ ԳՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ

«Գոյության իրավունք չունի այն պետությունը, որը բանակցության սեղանի շուրջ հանձնում է իր զինվորների արյամբ նվաճված հողը»:

Ուինսթոն Չերչիլ

Մեր նախորդ հոդվածում («Ռուսաստանի «մուտքը» Մերձավոր Արևելք. Տ.Մեյսանի վարկածը») ներկայացրել էինք ֆրանսիացի հայտնի լրագրող և քաղաքագետ Տիերի Մեյսանի` մոտ կես տարի առաջ կատարված այն կանխատեսումը, ըստ որի՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին թույլ է տալու մեծացնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` զորք մտցնել Սիրիա: Նկատել էինք նաև, որ հունիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Գոլանի բարձունքներ ռուս խաղաղապահներ ուղարկելու առաջարկությունը միանգամայն համահունչ է Տ.Մեյսանի տեսությանը: Սակայն նշել էինք, որ դա չի նշանակում, թե ֆրանսիացի քաղաքագետի բոլոր կանխատեսումներն իրականանալու են: Մասնավորապես, խիստ անհավանական է Իսրայելի` Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու հեռանկարը: Ստորև կանդրադառնանք դրա պատճառներին:

ՀԱՐՑԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գոլանի բարձունքները (հրաբխային ծագման լեռնային պլատո, հարում է Տիբերիական ծովակին, ներկայումս Իսրայելի հսկողության տակ եղած տարածքի մակերեսը 1150 քառ.կմ է` 60 կմ երկարությամբ, 25 կմ լայնությամբ) հրեաների Ավետյաց երկրի տարածքում են: Նույնիսկ 70 թ. հռոմեացիների` հրեական պետությունը կործանելուց հետո այնտեղ հրեաներ են ապրել, ընդհուպ մինչև 7-րդ դարը: Հետո տարածքը հայտնվել է մահմեդականների իշխանության տակ, որոնք հրեաներին հալածել-արտաքսել են այդտեղից: Տարածքում բնակություն են հաստատել մահմեդական տարբեր ժողովուրդներ` բեդվիններ, թուրքմեններ, քրդեր, դրուզներ, հետագայում` չերքեզներ, հյուսիսաֆրիկացիներ և այլն: Թուրքական տիրապետության տարիներին` 1517-1918 թթ. Գոլանի բարձունքներում գտնվող բնակավայրերը համարյա ամայացել են:

1917թ. նոյեմբերին, երբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Արթուր Բալֆուրը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը «բարեհաճորեն է վերաբերվում Պաղեստինում հրեաների հայրենիք ստեղծելուն և իր բոլոր հնարավորություններով արագացնելու է այդ նպատակի իրագործումը», հրեաները 1300 տարվա ընդմիջումից հետո սկսում են աստիճանաբար բնակվել Գոլանի բարձունքներում:

1920թ. Ազգերի Լիգան Գոլանի բարձունքները ներառում է բրիտանական մանդատի ներքո գտնվող տարածքների մեջ: Նույն թվականին ստեղծվում է Սիրիայի արաբական թագավորությունը` Դամասկոս կենտրոնով: 1922թ. Ազգերի Լիգայի որոշման համաձայն` Մեծ Բրիտանիան ստանում է Պաղեստինը, որը ներառում էր այժմյան Հորդանանը, իսկ Ֆրանսիան` Սիրիայի տարածքն ու Լիբանանը:

1923թ. մարտին Անգլիան ու Ֆրանսիան իրար միջև բաժանում են Սիրիան, Պաղեստինն ու Լիբանանը: Անգլիացիները Հյուսիսային Իրաքի նավթով հարուստ շրջանների դիմաց Ֆրանսիային են հանձնում Գոլանի բարձունքները` դրժելով հրեական պետություն հիմնելու մասին իրենց խոստումը: Ֆրանսիացիները մինչև 1943թ. թույլ չեն տալիս, որ հրեաները բնակեցնեն Գոլանի բարձունքները: 1944թ. հունվարին Սիրիան անկախություն է հռչակում` Գոլանի տարածքով հանդերձ:

1948թ. մայիսի 14-ին ստեղծվում է հրեական անկախ պետություն` ՄԱԿ-ի կողմից հատկացված տարածքների վրա: Հաջորդ օրը արաբական հինգ երկրները` Սիրիան, Եգիպտոսը, Լիբանանը, Իրաքը և Անդրհորդանանը, հարձակվում են Իսրայելի վրա: 1949թ. հուլիսի 20-ին Սիրիան և Իսրայելը զինադադար են կնքում:

Սիրիան Գոլանի բարձունքի վրա հրետանու հենակետեր է ստեղծում և 18 տարի շարունակ` մինչև 1967թ., պարբերաբար հրետակոծում է Իսրայելի տարածքը: 1967թ. հունիսին Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելական զորքերը 24- ժամյա ծանր մարտերի արդյունքում գրավում են Գոլանի բարձունքները: 1973թ. հոկտեմբերին Դատաստանի օրվա պատերազմի ընթացքում Սիրիան փորձում է վերադարձնել Գոլանը, բայց ապարդյուն. 1974թ. մայիսի 31-ին Սիրիայի և Իսրայելի միջև պայմանագիր է կնքվում ուժերի տարանջատման մասին:

1981թ. Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, ընդունում է «Գոլանի բարձունքների մասին» օրենքը, որի համաձայն՝ միակողմանիորեն հռչակում է Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձևով ապօրինի է հռչակում Իսրայելի խորհրդարանի որոշումը:

1967թ. ի վեր Իսրայելը Գոլանում կառուցել է 34 բնակավայր: 2007թ. տվյալներով՝ այնտեղ բնակվում էին մոտ 20 հազար հրեա և 18 հազար դրուզ:

Իսրայելը Գոլանի բարձունքները չզիջելու առնվազն չորս պատճառ ունի` ռազմական, տնտեսական, սոցիալ-քաղաքական և սակրալ: Քննարկենք հերթականությամբ.

ԽՆԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Ինչպես ցույց է տվել 1949-1967թթ. փորձը, Գոլանը հանձնել Սիրիային նշանակում է ուղղակի հրետակոծության սպառնալիք ստեղծել Իսրայելի տարածքի համարյա կեսի համար: Իսրայելի քաղաքական գործիչներն իրավացիորեն պնդում են, որ Գոլանի կորուստը կտրուկ կթուլացնի իրենց երկրի պաշտպանունակությունը և այդպիսով կխախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Բացի դրանից, Գոլանի բարձունքներում են Իսրայելի ռադիոէլեկտրոնային հետախուզության խոշոր կայանները (մեկը` Հերմոն լեռան վրա` Դամասկոսից 60կմ հեռավորությամբ), ինչը նույնպես կարևոր է Իսրայելի համար:

ՏՆՏԵՍԱԿԱՆԸ

Իսրայելի խմելու ջրի պահանջարկի 30%-ն ապահովում են Գոլանի բարձունքներից սկիզբ առնող աղբյուրները: Իսրայելցի փորձագետների կարծիքով, եթե Գոլանի բարձունքները հանձնվեն Սիրիային, Իսրայելը կկորցնի Տիբերիական ծովակի ավազանի ջրի պաշարների 70%-ը, ինչը կհանգեցնի բնապահպանական աղետի և ծարավի:

Բացի դրանից, Գոլանի բարձունքները Իսրայելի տնտեսապես ամենաբարգավաճ շրջանն է, որտեղ գործազրկություն չկա, զբոսաշրջության և հանգստի գոտի է: Իսրայելցի մասնագետների հաշվարկով, Գոլանի բարձունքից հեռանալը Իսրայելի վրա կնստի առնվազն 10 մլրդ դոլար, գումարած Սիրիայի հետ ունեցած սահմանին զորախմբի թվաքանակն ավելացնելու ծախսերը:

ՍՈՑԻԱԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆԸ

Գոլանի բարձունքների ոչ հրեա բնակչությունը բաղկացած է հիմնականում դրուզներից: Նրանք ամենևին չեն դժգոհում, որ հայտնվել են Իսրայելի իշխանության ներքո, շատերն ունեն և՛ Սիրիայի, և՛ Իսրայելի քաղաքացիություն: Մինչև Սիրիայում Ասադների իշխանության հաստատվելը դրուզները Սիրիայի կառավարության համար «անբարեհույս» տարր էին: Պատմության ընթացքում դրուզները ավելի հաճախ կռվել են ալևիների (մահմեդական աղանդ) դեմ, քան նրանց հետ միասին` թուրքերի դեմ: Ավելորդ չէ նշելը, որ Սիրիայի նախկին նախագահ (1949-1954) Ադիբ Շիշակլիին 1964թ. Բրազիլիայում սպանողը հենց դրուզ է եղել, որն այդպիսով վրեժ է լուծել Ջեբել-Դրուզ քաղաքի ավերման համար:

Ճիշտ է, երբ Սիրիայում իշխանության եկավ ալևի Հաֆեզ ալ Ասադը (ներկայիս նախագահի հայրը), դրուզների համար երաշխավորվեց իրավահավասարությունը մյուս ժողովուրդների հետ, նրանք սկսեցին պետական պաշտոններ ստանալ, և սոցիալական խնդիրները կարծես հարթվեցին: Այնինչ Իսրայելում նույնպես դրուզների սոցիալական կարգավիճակը բարձր է` նրանք իրենց ցանկությամբ ծառայում են Իսրայելի պաշտպանության բանակում (թեպետ կարող էին չծառայել), մասնակցել են Իսրայելի վարած բոլոր պատերազմներին և ունեն քաջարի ռազմիկների համբավ:

Դրուզների լոյալությունը հրեաների նկատմամբ հավելյալ բացատրության կարիք ունի: Նրանց ծագումը առեղծված է. ընդունված տեսակետի համաձայն` դրուզները արաբների և արամեացիների խառնուրդ են: Սիրիայում դրուզները համարվում են մահմեդականներ, բայց նրանց դավանանքն այնքան յուրահատուկ է (դրուզները գաղտնի են պահում այն), որ այդ հարցն էլ է վիճելի: Եվրոպացի էզոթերիկ մտածողներն ու օկուլտիստները (օրինակ` Ելենա Բլավատսկայան) դրուզների (ի դեպ` նաև ալևիների) կրոնը համարում են հնագույն էզոթերիկ պաշտամունքների (պլատոնականների և գնոստիկների) այլափոխված տարբերակը (բավական է ասել, որ դրուզների պատկերացումների համաձայն` կինը աստվածապաշտության մեջ «հոգևոր բարձունքների» հասնելու բնածին ավելի մեծ ունակություն ունի, քան տղամարդը: Որոշ ենթադրությունների համաձայն` դրուզներն իրենց հավաքույթներում երկրպագում են հորթի գլխի: Նրանց նաև մեղադրել են սեռական օրգիաներ կազմակերպելու համար): Որոշ հետազոտողներ նշում են, որ դրուզների ավանդության համաձայն` իրենց կրոնի հիմնադիրը աստվածաշնչյան Մովսեսի հեթանոս կինն է` Սեփորան` մադիանացիների քրմի` Յոթորի դուստրը (որի հետ Մովսեսն ամուսնանում է Եգիպտոսից Մադիամի երկիր փախչելուց հետո (Ելք, 2:15-20)):

ՍԱԿՐԱԼԸ

Գոլանի բարձունքների սակրալ (սրբազան կամ աստվածապաշտ) նշանակությունը հրեաների համար չի սահմանափակվում այդ տարածքի` Ավետյաց երկրի մեջ եղած լինելու հանգամանքով (բնականաբար, հրեաները համարում են, որ դա հնուց ի վեր իրենց պատկանող հող է, որն «ապօրինաբար» Սիրիային է տրվել 1923թ.):

Բանն այն է, որ Գոլանի բարձունքների կենտրոնում 1968թ. հայտնաբերվել է Անգլիայի Ուոլտշիր կոմսությունում գտնվող Սթոունհենջը հիշեցնող հնադարյա մի կառույց, որն անվանում են «Ոգիների անիվ» կամ «Ռեֆաիմների (բիբլիական հսկաների) շրջաններ»: Դրանք քարե բլրապատնեշներից բաղկացած հինգ համակենտրոն շրջանագծեր են, որոնց կենտրոնում 20մ տրամագծով գերեզմանաթումբ է (այն, որ դրանք շրջանագծեր են, հնարավոր է հայտնաբերել միայն օդից, ինչպես և եղել է` կառույցը հայտնաբերել է ռազմական օդաչուն): Արտաքին շրջանագծի բարձրությունը հասնում է 1.8մ-ի, տրամագիծը` 156մ, ամենամեծ քարերի զանգվածը` 20 տոննայի: Տարօրինակ կառույցից ոչ հեռու կան բազմաթիվ (այսօր հայտնի են 8500-ը) քարե արկղ հիշեցնող գերեզմաններ` դոլմեններ:

Իսրայելցի պատմաբանները համոզված են (ուշագրավ հանգամանք` առանց բավարար ապացույցներ ունենալու), որ կառույցի հեղինակը բիբլիական հսկաների ցեղն է (Ծննդ., 6:4): Քանանական (Քանանը Պաղեստինի, Սիրիայի և Փյունիկիայի տարածքների հնագույն անվանումն է) սրբազան տեքստերի պատառիկները վկայում են, որ հսկաները մասնակցել են ինչ-որ ծիսական զոհաբերության: Այնքան կարևոր, որ ծիսակատարության մեջ ներգրավվել են նաև «նախկին ռեֆաիմները», այսինքն` մեռածները: Այս հանգամանքը նկատի ունենալով` ենթադրվում է, որ «Ոգիների անիվը» ոչ միայն աստղագիտական, այլև կրոնական կառույց է:

Հաշվի առնելով հրեաների պաշտամունքային վերաբերմունքը իրենց հնություններին ու «հին հավատալիքներին»` կարելի է վստահաբար ասել, որ տվյալ տարածքը նրանք ընկալում են որպես սրբավայր:

Այսպիսով, Գոլանի բարձունքներից Իսրայելի հեռանալու վերաբերյալ կանխատեսումներն անիրատեսական են:

Ա. ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


04/07/2013