ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:
6. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ռազմական կրթությունը, համարվելով ընդհանուր կրթության բաղկացուցիչ մասը, բնականորեն իր գործառույթներում ուղղորդվում է ՀՀ կրթության մասին օրենքի դրույթներով:
Ռազմական բուհի կառավարման աշխատանքի բովանդակությունն ու կազմակերպումը, գիտության և կրթության նախարարության ղեկավար փաստաթղթերի հետ միասին, որոշվում է ՀՀ ՊՆ հրամաններով, ցուցումներով և այլ իրավական փաստաթղթերով ու ձեռնարկներով:
Ռազմական բուհի ղեկավարման առանձնահատկություններից է զինվորական կանոնագրքերով սահմանված միանձնյա կառավարման սկզբունքների և կառավարման տարբեր օղակներում միանման պահանջների կիրառումը: Այստեղ գործում է ռազմահրամանատարական բնույթի կառավարման բարդ համակարգ, որի հատկանիշներից են.
– ՀՀ զինված ուժերի կրթության ընդհանուր համակարգում ուսումնական հաստատության ներառումը,
– վարչակազմի մասնագիտական բավարար ունակությունը,
– ուսումնական հաստատության յուրաքանչյուր ստորաբաժանման կրթության որակի գնահատման, վերահսկման համակարգի արդյունավետությունը:
Առանձնահատկությունը նաև այն է, որ ռազմական բուհի շրջանավարտները` զինվորական մասնագետները, պետք է լավ պատրաստված լինեն ոչ միայն կատարողական, այլև վարչական, կառավարչական գործառույթներ կատարելու համար: Դրանից հետևում է, որ կառավարման, ուսուցման և դաստիարակության համակարգերն անխզելիորեն կապված են միմյանց հետ:
Ղեկավար կազմի որակավորման բարձրացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ռազմական բուհում մշակվում են հեռանկարային և տարեկան պլաններ, նրանց տրվում են զորքերի զորավարժություններին, սպառազինության և ռազմական տեխնիկայի փորձարկումներին մասնակցելու հնարավորություններ:
7. ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ, ԳՅՈՒՏԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներից է նորարարական, գյուտարարական աշխատանքների, հետազոտությունների կազմակերպումը և իրականացումը: ՀՀ պաշտպանության նախարարն իր ցուցումներում առանձնակի ուշադրություն է դարձրել զորքերում վաշտերի հասարակական ակտիվի կարգավիճակով ստեղծված գյուտարարական և նորարարական աշխատանքների կազմակերպման խմբերի գործունեությանը: Ունկնդրի (կուրսանտի) խնդիրը ուսումնական հաստատությունում, նաև ստորաբաժանումներում գյուտարարական, նորարարական աշխատանքները ճիշտ պլանավորելու և կազմակերպելու գործընթացին տիրապետելն է:
Ռազմական բուհում, խրախուսանքի կարգով, նորարարական, գյուտարարական աշխատանքների հեղինակը, ինչպես նաև զորային ստաժավորման ընթացքում հետազոտական բնույթի առաջադրանքներ կատարած ունկնդիրը (կուրսանտը) սահմանված կարգով ազատվում է համապատասխան ուսումնական առարկայի քննությունը (ստուգարքը) հանձնելուց՝ «գերազանց» («ստուգված է») գնահատականի նշանակմամբ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով ռազմական ուսուցման առանձնահատկություններն ու ակնկալվող դրական միտումների գործընթացը՝ ռազմական կրթության բարեփոխումների համատեքստում առաջարկվում է.
– որակի բարելավման հաշվին կրթության արդյունավետության բարձրացում, որակի ապահովման ներքին համակարգի հիմնում,
– դասախոսական կազմի ոչ արտադրողական, անարդյունավետ աշխատանքի բացառում, կրթական միջավայրի մասնագիտացում,
– գիտելիքների ավելի տարբերակված գնահատում, կուտակային և վարկանիշային գնահատմամբ պարբերաբար կատարվող աշխատանքների լրացուցիչ խթանների ստեղծում,
– ճկուն ուսումնական պլանի և ոչ ավանդական ուսուցման համակարգի ստեղծում,
– ունկնդրի (կուրսանտի) հրամանատարակառավարչական ունակություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով կառավարման, ուսուցման և դաստիարակության միասնական համակարգի ստեղծում,
– ռազմական բուհերի ինտեգրում քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգ,
– ուսումնական գործընթացի շարժառիթավորում:
Հայտնի է, որ զինվորների մարտական, բարոյահոգեբանական ոգին, նրանց՝ ցանկացած իրավիճակում կողմնորոշվելու ունակությունները, ինչպես նաև հրամանատարական կազմի արհեստավարժությունը կարող են հրաշքներ գործել մարտադաշտում, եթե կա կայացած ռազմական կրթական համակարգ՝ հագեցած պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերով, մասնագիտական ու մեթոդական բարձր պատրաստվածությամբ դասախոսական կազմով և ուսումնական նյութատեխնիկական բազայով:
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
գնդապետ