ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐ
Մարտակերտի շրջանի առաջին կամավորական գումարտակի Մաղավուզի վաշտի առաջին դասակի հրամանատար Սլավիկ Սերոբի Աբրահամյանին
Զինակի՛ց եղբայր, ընկեր մարտական,
Զինվեցիր հույսով, ելար պայքարի,
Քեզ հետ պայքարի տարար մի սերունդ՝
Հանուն մայր հողի ու հաղթանակի:
Անհագ թշնամին զորք է հավաքել,
Փռվել տարածվել սահմանից անդին,
Հրետակոծվում են խոշոր զենքերից
Քաջաց դիրքերը կրկին ու կրկին:
Օդուժն է գալիս ազերիների
«ՍՈՒ»-ի խմբերով ու «կոբրաներով»
Մահեր են սփռում այստեղ ու այնտեղ,
Գյուղեր ու շեներ այրվում են ավեր:
Սահմանից այս կողմ, մեզնից ոչ հեռու
Երեք կոբրաներ «շուրջպար» են բռնել,
Մահ են տարածում «նուրսերով» բազում,
Դիրքերում՝ …ավաղ, ողջ մարդ չմնաց…
Փոշեխառն ծխից դուրս եկար անվախ
Կեցվածքով հպարտ ինչպես մահապարտ,
Զենքդ ճոճելով ոսոխին վայրագ
Մարտի կանչեցիր «կոբրային» անարգ:
Գազազած «կոբրան» շանթ էր արձակում,
Քեզ փոշիացնելու մոլուցքով տարված,
Որպես քարակուռ արձան ահարկու
Առանց խոցվելու մնացիր կանգնած:
Նշանացույցի հատիկը խաչվեց
Թռչող ոսոխի գունազարդ կողին
Մի ակնթարթում օդը սեւացավ,
Թշնամին ոռնաց հոգեվարքի մեջ:
Անհագ վրեժի ծարավով տարված,
Խոցեցիր տանկեր, զրահամեքենա,
Գերեցիր տասնյակ ազերիների,
Բայց Քարվաճառն ազատ չտեսար:
Դաժան բեկորը քո կյանքը խլեց,
Ռազմատենչ ոգիդ մնաց սարերում,
Մարտիկի փառքով, կեցվածքով հպարտ
Հավերժ կմնաս դու մեր սրտերում:
Զինակի՛ց եղբայր, ընկեր մարտական,
Քո գովքը երգել պատիվ է հարկավ,
Ինչ էլ պատահի ինձ հետ ողջ կյանքում,
Փառքդ կտանեմ ինձ հետ ուղեկից:
Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Հոգևոր-մշակութային