Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂՈՒՇՉԻԻ ԱՂԲՅՈՒՐԸ



Սթունիսից դեպի հյուսիս՝ ավելի բարձր դիրքում է գտնվում /1500-1600 մ/ Ղուշչի գյուղը, որը նույն անվամբ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ՝ Տաթևի վանքի հարկատու բնակավայրերի ցուցակում/1600 պտղաչափով/: Գյուղի արևելյան կողմում խոր ձոր կա, որտեղ մի քանի քարանձավներ կան, իսկ դրանց դիմաց բարձրաբերձ սնկաձև ժայռեր են: Գյուղի մեջ պահպանվել են 2 կամարակապ աղբյուրներ: Մեկը գտնվում է հյուսիսային մասում, մյուսը՝ հարավայինում: Առաջին իսկ հայացքից զգացվում է, որ հայ վարպետն է կերտել դրանք: Հարավային կողմի աղբյուրն ավելի է կարևորվում ձախակողմյան վերին անկյունաքարով, որն ունի արաբատառ արձանագրություն: Սակայն, երբ ուշադիր զննում ենք, պարզվում է՝ քարի անկյուններում փոքր խաչեր են քանդակված, իսկ արձանագրության միջին մասում կարդում ենք՝ 1895 թիւ: Թվականը վկայում է, որ այն կառուցվել է քրդաթուրքերի տիրապետության ժամանակ, իսկ վարպետը «ԹԻՒ» բառը գրել է և քանդակել խաչեր: Հավանաբար մահմեդականները չեն նկատել, հակառակ դեպքում քարն իր տեղում չէր մնա:

Ղուշչիի աղբյուրից քիչ հեռու կա ավելի հին աղբյուր, որն ունի ավելի բարձր պատեր՝ կառուցված սրբատաշ քարից: Այն, որ Ղուշչին ունի ավելի հին անցյալ և եղել է տարածքի կարևոր բնակավայրերից, հաստատում է գյուղի արևելյան մասում գտնվող ժայռակերտ բլուրը, որի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի հետքերը: Բլրի ստորոտն սկսվում է Աղավնո գետի աջ ափից և թեքությամբ բարձրանում:

Զ. ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Հոգևոր-մշակութային


04/07/2013