ՎԱՐԴԱՎԱՌ
այս տարի նշվում է հուլիսի 7-ին
Այս տոնին սովորություն կա ժողովրդի մեջ աղավնիներ թռցնելու և միմյանց վրա ջուր ցողելու, ինչը գալիս է Նոյ նահապետի օրերից` ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն:
Քրիստոնեական լուսավոր Գրքերից իմանում ենք, որ այս տոնն օրենքներով ու մարգարեություններով չի նկարագրված, այլ հետագայում` Քրիստոսի միջոցով երևաց, և դրա կատարումը հանդերձյալում է լինելու, քանզի սա գալիք` ութերորդ անվախճան օրվա պատկերն է, որը սկզբնավորվում է դատաստանի ատյանից:
Մյուս տոների պատճառները շոշափելի կերպով են երևում, ինչպես, օրինակ՝ Ծննդյան, Հարության և այլն, որոնց մասին օրենքներում և մարգարեություններում ասվեց, իսկ այսօրվա սքանչելիքների փոքր մասն անգամ չկարողացան տեսնել աշակերտներն իրենց կիսաբաց աչքերով, քանի որ թմրած ընկել էին իրենց երեսների վրա: Թաբոր լեռան վրա Տերը նրանց հանդերձյալ փառքը ցույց տվեց, սակայն նրանց ո՛չ աչքը տեսավ և ո՛չ ականջը լսեց: Ահա այդ պատճառով են բացակայում ընթերցվածներն օրենքներում և մարգարեություններում:
Հոգեգալուստից հիսուն օր անց, Սուրբ Հոգու հրամանով և առաքյալների հավանությամբ, Պետրոս առաքյալը Հակոբոս Տյառնեղբորը ձեռնադրեց Երուսաղեմի առաջին եպիսկոպոս և քահանայապետ: Մինչ այդ օրն առաքյալները չգիտեին նոր քահանայության մասին և հնով էին վարում, իսկ այդ օրը Սուրբ Հոգուց հրաման ստացան փոխել ղևտական քահանայությունը քրիստոնեական քահանայությամբ, քանզի մինչ այդ օրը Քրիստոսի Մարմինն ու Արյունը չէր պատարագվում:
-Ինչո՞ւ ենք այս տոնը Վարդավառ կոչում:
-Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում` նախքան բացվելը, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը, բացվելով, բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերն այսօր պայծառակերպվելով` հայտնում է Իր Աստվածությունը: Վարդը փշերի մեջ է բուսնում, այդպես էլ մեր տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան: Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան խոր քնի մեջ:
Իսկ նախնիներն այդ տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ո՛չ իր գեղեցկությունը և ո՛չ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես քաղցրությունից շարժվելով փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ ինչպես կոկոն և ապա ծնվելով` աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին` հայտնվեց մարդկանց` նշաններով ու սքանչելիքներով:
Տերը մարմնի վարագույրով ծածկվելով, ինչպես կոկոն, այսօր բացվելով հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով` Աստվածությունը: Վարդն ունի երեք որակ` կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը` անմեղությունը, իսկ անուշահոտությունը` Հոգին, որ փչեց առաքյալների վրա` ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին»: Եվ դա ըստ այս խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է` տասը հազարից» (Երգ, Ե:10):
Այսօր առաքյալները կարգվեցին ուսուցիչ ու վարդապետ ողջ աշխարհի համար, և Տերն այսօր համբերության ու աղքատության դաս տվեց աշակերտներին Մովսեսի ու Եղիայի միջոցով, որպեսզի աշակերտները նրանց նման լինեն:
-Ինչո՞ւ ենք Վարդավառը տոնում Հարությունից ու Համբարձումից հետո, քանզի Տերը խաչելությունից քառասուն օր առաջ պայծառակերպվեց:
-Քանզի Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր` մեռելներից հարություն առնելը (տե՛ս Մատթ. ԺԷ 9), այդ պատճառով Հարության տոնը կատարելուց հետո ենք Վարդավառը տոնում:
Այն բանից հետո, երբ մեռելները հարություն առան, մտան քաղաք և շատերին հանդիպեցին, ժողովուրդը հավատաց, որ Վարդապետը բերել է Եղիային և Մովսեսին հարություն է տվել: Իսկ երբ տեսան կատարվածները` երկրաշարժը, արեգակի խավարումը, Տիրոջ Հարությունը և Սուրբ Հոգու գալուստը, հավատացին, որ Տերը պայծառակերպվել է:
ՏԵՐ ՀԱՄԲԱՐԶՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Հոգևոր-մշակութային