Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է»



Հարցազրույց «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագիր ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԻ հետ

-Վերջերս Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցավ Մեծ ութնյակի գագաթաժողովը: Հայտնի է, որ լուրջ քննարկումներ տեղի ունեցան Սիրիայի վերաբերյալ: Ի վերջո, ի՞նչ որոշեցին աշխարհի ութ տերությունների ղեկավարները:

-Մեծ ութնյակի երկրները գագաթաժողովի ժամանակ սիրիական հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին պայքարել Ալ-Ղաիդայի դեմ։ Այս մասին ասվում է գագաթաժողովում նրանց ընդունած կոմյունիկեում։ Ութնյակի երկրների առաջնորդները Սիրիայի ընդդիմությանն ու իշխանությանն առաջարկեցին համախմբել ուժերը Ալ-Ղաիդային ու բոլոր նրանց, ովքեր կապված են խմբավորման հետ, երկրից դուրս հանելու համար։ Բացի այդ, նշվում է Ժնևում սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի անցկացման անհրաժեշտությունը։ Կոմյունիկեի բոլոր հեղինակները համաձայնել են, որ անթույլատրելի է քաղաքացիական պատերազմում ռազմական միջամտությունը և պնդում են հարցի քաղաքական լուծումը։ Առաջնորդները փաստաթղթում չեն կենտրոնացել նախագահ Բաշար Ասադի ճակատագրի վրա։ Նրանք միաձայն քննադատել են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը և կոչ են արել իշխանություններին ու միջազգային դիտորդներին հետաքննել համապատասխան միջադեպերը։ Գագաթաժողովի մասնակիցները համաձայնել են հումանիտար օգնություն ուղարկելու Սիրիային ու հարևան երկրներին։

-Գագաթաժողովի վերաբերյալ ի՞նչ արձագանքներ կան սիրիական ընդդիմության կողմից:

-Սիրիացի ապստամբները քննադատել են Մեծ ութնյակի գագաթաժողովում ընդունված հայտարարությունը: G8-ի ղեկավարները միասնական դիրքորոշում ունեն Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ տալու և հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հարցում։ Սակայն հայտարարության մեջ չի եղել նախագահ Բաշար Ասադին ուղղված հեռանալու կոչ, ինչի մասին խոսում են արևմտյան երկրներն ու սիրիական ընդդիմությունը: Վերջինս գտնում է, որ դա Ասադի ռեժիմին շատ ժամանակ կտա, որի ընթացքում Ռուսաստանը կշարունակի ռազմաքաղաքական աջակցությունը, Իրանը` խորհրդատվական, «Հըզբոլլահը»` կամավորականների։

-Գագաթաժողովից առաջ արևմտյան ԶԼՄ-ները թմբկահարում էին, թե Ռուսաստանը մենակ կմնա սիրիական հարցում, և հանդիպումը կվերածվի «G7+1»-ի: Սակայն հանդիպման ավարտին վերաբերմունքը փոխվեց: Ներկայացրեք, խնդրեմ, Ռուսաստանի դիրքորոշումը:

-Ռուսաստանի դիրքորոշումը արտահայտված է և՛ ՌԴ նախագահի, ե՛ւ ՌԴ արտաքին գործերի նախարարի միջոցով: Այսպես, նախագահ Պուտինը հայտարարեց, որ Սիրիայի ներկա իշխանությունների հարցը չի կարող որոշվել այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել Սիրիայում ապրող ժողովուրդների ապագան: Վերջինս կարևոր հարցադրում է, որովհետև սա նույնպես ցույց է տալիս, որ Արաբական գարնան համար Ռալֆ Պետերսի և նրա փորձագիտական խմբի առաջարկած մեխանիզմը լուրջ թերություններ է ի հայտ բերում: Բանն այն է, որ, ըստ այդ տրամաբանության, Միջին Արևելքի պետությունների նոր սահմանները գծվելու են «համաձայն արյունակցական կապերի և հավատի նմանությունների»: Ըստ այդմ՝ կանաչ լույս էր տրվում տարածաշրջանում բնակվող քրդերին, սուննի արաբներին, որոշ վերապահումներով նաև՝ շիաներին: Տարածաշրջանի մյուս ժողովուրդները ամբողջովին անտեսված էին, օրինակ` ալավիները, հայերը, նույն շիաները… որոնք նույնպես իրենց հայրենակիցների հետ միավորվելու միանգամայն բնական իրավունք ունեն: Այստեղ է, որ Մեծ ութնյակը «թայմ աութ» է վերցնում՝ հասկանալու, թե իրականում ինչպես պետք է լրացնել Ռալֆի փորձագիտական խմբի կողմից թույլ տրված կամայական և շատ լուրջ այդ բացթողումները, որոնք ստեղծել են սահմանային մի վիճակ, որտեղ Ռալֆի փորձագիտական խմբի անտեսած ժողովուրդներն իրենց գոյությանն ու անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներ են բացահայտում:

-Հայտնի է, որ Սիրիայի բնակչության շուրջ 3%-ը հայեր են` մոտ 300 հազար: Ի՞նչ վիճակում է այժմ Սիրիայի հայ համայնքը:

-Տարածաշրջանի հայերը Հայոց ցեղասպանությունից փրկվածներն են: Սիրիայում նրանք կենտրոնացած են Կամըշլի, Հալեպ, Դամասկոս քաղաքներում, և նրանց թիվը երկրում իրականում երկու անգամ ավելին է, քան նշվում է: 2012 թվականի օգոստոսի 9-ին, պետության գործառույթների բացակայության պայմաններում, հայերը ինքնակառավարման և ինքնապաշտպանության կառույցներին մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին, որոնք ձևավորվում էին երկրի հյուսիսային շրջաններում: Սիրիայի հայերը, սակայն, մեր արագընթաց և նպատակասլաց օգնության և օժանդակության կարիքն ունեն տեղերում` դպրոցները պահպանելու, շտապ օգնության կենտրոններ ստեղծելու, հոգեբանական օժանդակություն մատուցելու և փախստականների ժամանակավոր կացարաններ ապահովելու, անհրաժեշտ սնունդ տրամադրելու, սեփական գոյությունն ու անվտանգությունը ապահովելու համար: Այս պահին անհրաժեշտ է Սիրիայի հայության խնդիրը դիտել որպես հայության և Հայաստանի առաջնային խնդիր:

-Շատ է խոսվում քրդական գործոնի մասին: Ինչպիսի՞ն են այս խնդրի հեռանկարները տարածաշրջանում, և ինչպիսի՞ն են հայ-քրդական հարաբերությւոնները:

-Քրդական խնդիրը տարածաշրջանում նույնքան վտանգավոր մի հանգրվանում է, որքան հայկականն էր 1908 թվականին: Զուգահեռներն ու նմանությունները ակնհայտ են: Երիտթուրքական հեղափոխությանն ու թուրքական նոր սահմանադրությանը հաջորդեցին հայերի ցեղասպանությունն ու բռնագաղթը: Մյուս կողմից, վտանգ կա, որ տարածաշրջանում ապրող ժողովուրդները անթույլատրելի շռայլություն հանդես բերեն մեկը մյուսի խնդիրներն անտեսելու: Դա սեփական ծրագրերում անհաջողության մատնվելու ամենակարճ ճանապարհն է: Մենք նշում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն և կայուն զարգացում չի կարող հաստատվել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չեն կարգավորվել տարածաշրջանի ժողովուրդների բնական իրավունքները, այդ թվում` հայ ժողովրդի, իսկ ավելի կոնկրետ` արևմտահայերի իրավունքները: Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ տարածաշրջանի ժողովուրդների հետ ձեռք ձեռքի տված ընդհանուր անվտանգություն և փոխադարձ օժանդակություն իրականացնելու քայլերը նկատելի դրական առաջընթաց են արձանագրել:

-Ո՞րն է լինելու մեր` հայության և Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի և Սիրիայի հայ գաղթավայրի, Սիրիայի հայերի խնդիրների նկատմամբ:

-Թեև Սիրիայի հայության հարցում միասնական դիրքորոշում չկա, բայցեւ դրա հիմնական ուղղություններն իրականում քննարկումների ընթացքում ձևակերպված են: Դրանք երկուսն են: Առաջին` կազմակերպել Սիրիայի հայության ներգաղթ Հայաստանի Հանրապետություն: Եվ երկրորդ՝ ամեն կերպ պաշտպանել Սիրիայի հայության բոլոր իրավունքները տեղում` Սիրիայում և տարածաշրջանում: Առաջին դեպքում պետք է հաշվի առնել, որ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը նման լայնածավալ ներգաղթ կազմակերպելու ներուժ առայժմ չունի, մյուս կողմից` չափազանց մեծ է տարածաշրջանում Սիրիայի հայ գաղթավայրի արժեքն ու նշանակությունը, որպեսզի մեր իսկ ձեռքով լուծարենք, վերացնենք:

Հետևաբար, ճիշտ մոտեցումը հետեւյալն է. ՀՀ-ում հանգրվանած սիրիահայերին ցուցաբերվելիք հատուկ վերաբերմունք, ապա եւ, որ առավել քան կարևոր է, տեղում մնացած հայերի ամեն տեսակի սատարում` նկատի ունենալով, որ ինչպես նրանք, այնպես էլ Միջին Արևելքի այլ գաղթավայրերի հայությունը այլևս նահանջելու տեղ չունի: Պետք է հիշել, որ Սիրիայի հայությունը բազմաթիվ իրավունքներ ունի, որպես Սիրիայի քաղաքացի, որպես տարածաշրջանում բնիկ, որպես բնօրրան հայրենիքում` Արևմտյան Հայաստանում և Կիլիկյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված և այնտեղից բռնագաղթած հավաքականություն, որը բնօրրան հայրենիք վերադարձի իրավունք ունի` ինքնորոշման և անկախության լիարժեք գործառույթներով:

Հարցազրույցը ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Տարածաշրջան


04/07/2013