Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԻ



ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ

Խորհրդանշական է, որ հունիսի 26-ին, մինչ Ադրբեջանն իր «ուժն» էր ցուցադրում զորահանդեսում, Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը (առաջինն անցկացվել է 2011թ. մայիսի 19-20-ը` «ՀԱՊԿ և Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարները» խորագրով): Ֆորումի կազմակերպիչներն էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:

Ֆորումին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի ուղերձ էր հղել ֆորումի մասնակիցներին, որը մինչև առաջին նիստի սկսվելը ներկայացրեց ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ԱՌՀԻ պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Ուղերձում նշվում էր, որ ֆորումի հրատապությունը պայմանավորված է ինչպես թեմայով, այնպես էլ մասնակիցների` գիտական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական շրջանակները ներկայացնող կազմով: Ս.Սարգսյանի խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրների առաջատար մասնագետների երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը թույլ կտա իմաստավորելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) 2012թ. դեկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշումների գործնական նշանակությունը և մշակելու գիտական մոտեցումներ` դրանց իրագործման համար: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ՀԱԽ վերոնշյալ նիստում հաստատվել էին ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հիմնական ուղղությունները` մինչև 2020թ.: Այդ շրջանակներում նախատեսվում են ռազմական համագործակցության զարգացման միջոցառումներ ռազմական շինարարության, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների պատրաստության ոլորտներում: «ՀԱԽ որոշումների հետևողական և համալիր իրագործումը թույլ կտա կատարելագործել 21-րդ դարի նոր մարտահրավերներն ու սպառնալիքները բացահայտելու, չեզոքացնելու և կանխելու Կազմակերպության մեխանիզմները»,- ասվում էր ՀՀ նախագահի ուղերձում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է շեշտում այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ իր դաշնակիցների հետ միասին դարձել է ճանաչված ակադեմիական հարթակ` ՀԱՊԿ-ը թարմացնելու և հավաքական անվտանգության նոր որակի բազմագործառնական միջազգային ժամանակակից համակարգի փոխակերպելու վերաբերյալ ստեղծագործական գաղափարների փոխանակման համար: «Մեր կարծիքով, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման ռազմավարության մշակումը հնարավորություն է ընձեռում բարձրացնելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ Կազմակերպության անդամների միջև համագործակցության մակարդակը»,- ասվում էր ՀՀ նախագահի ուղերձում:

Այնուհետև ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նկատեց, որ այսօր աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն արագորեն փոխվում է, և հաճախ առաջանում է արագ որոշումներ ընդունելու անհրաժեշտություն: Այս պայմաններում Հայաստանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ՀԱՊԿ ռազմական բաղադրիչին: «Հայաստանը հետաքրքրված է կազմակերպության կայացման, տարբեր ոլորտներում նրա դերի բարձրացման գործընթացով»,- ասաց Ա.Բաղդասարյանը: Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է ՀԱՊԿ նոր հավաքական ստորաբաժանումների ստեղծում, առաջին հերթին՝ ավիացիոն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում կարևորեց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելը, որի վերաբերյալ կոնկրետ խնդիրներ են առաջադրվել ՀԱՊԿ ՀԱԽ 2012թ. դեկտեմբերին կայացած նիստում:

Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հիմնարար նշանակություն տվեց ՀԱՊԿ վերլուծական բաղադրիչին: Նիստի այս մասում ԱՌՀԻ պետ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության համակարգող Իգոր Պանարինը ստորագրեցին հուշագիր, որի համաձայն` ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ԱՌՀԻ-ն դարձավ ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության անդամ:

Ֆորումի առաջին նիստում հիմնական զեկուցումով հանդես եկավ գեներալ-գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա զեկուցման թեման էր «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկան` ՀԱՊԿ զարգացման ռազմավարության ենթատեքստում»: Սեյրան Օհանյանը նախ գնահատեց իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու կովկասյան տարածաշրջանում` այն որակելով որպես «պայթյունավտանգ»: Նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է կայունությամբ, մինչդեռ հարևան պետությունը ստեղծում է հակահայկական նոր դաշինքներ, նոր թափ է հաղորդում սպառազինությունների մրցավազքին, ընդլայնում ռազմատեխնիկական համագործակցության աշխարհագրությունը: «Սրանք վտանգավոր միտումներ են»,- ընդգծեց Ս.Օհանյանը` նկատելով, որ Հայաստանը ստիպված է իր ազգային հարստության մի զգալի մասը ծախսել պաշտպանության վրա` ներքաշվելով սպառազինությունների մրցավազքի մեջ: Բանախոսը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորն է:

Ս.Օհանյանի գնահատմամբ, ՀԱՊԿ-ը լուրջ ներուժ ունի` որպես հավաքական անվտանգության ապահովման համակարգ: Տարածաշրջանային ուժ է նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը, որը ներառում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը:

Նախարարը նշեց, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունները կատարելագործվում են. առանձին թեմաներով զորավարժություններից անցում է կատարվում համալիր թեմաներով զորավարժությունների: Այդպիսին էր 2012թ. սեպտեմբերին Ս.Օհանյանի անմիջական ղեկավարությամբ անցկացված «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը:

«ՀԱՊԿ-ի նշանակությունը ոչ միայն չի նվազում, այլև աճելու միտում ունի` հաշվի առնելով հարևան պետությունների քայլերը»,- նկատեց նախարարը: Վերջում նա առանձնացրեց ՀԱՊԿ-ի զարգացման այն ուղղությունները, որոնք Հայաստանը համարում է հեռանկարային և որոնք, նախարարի կարծիքով, կուժեղացնեն կազմակերպությունը: Այդ ուղղություններն են`

– տարածաշրջանային զորախմբավորումների կատարելագործումը,

– ՀՕՊ համատեղ համակարգի, հակահրթիռային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծումը,

– հավաքական ուժերի կատարելագործումը,

– զորքերի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումը,

– ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:

«ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը. վիճակը և հեռանկարները» թեմայով զեկուցում կարդաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Գնահատելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը` նա եզրակացրեց, որ «ներկայիս իրավիճակում ՀԱՊԿ ռազմական ներուժը պահանջված է»: Մասնավորապես, պետք է ստեղծվեն ՀԱՊԿ զորքեր և ավիացիա:

«Արտաքին քաղաքական համակարգումը ՀԱՊԿ-ում` որպես կազմակերպության զարգացման գործոն» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա նույնպես, գնահատելով ռազմաքաղաքական իրադարձությունները հարակից տարածաշրջաններում` Իրանում, Սիրիայում, Աֆղանստանում, նկատեց, որ «իրավիճակը լավատեսության հիմք չի տալիս»: «Այս ամենի արդյունքում կարևորվում է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը»,- նշեց Շ.Քոչարյանը: Որպես կազմակերպության զարգացման նախապատվելի ուղղություն` նա առանձնացրեց քաղաքական փոխգործակցության մակարդակի խորացումը և միջազգային տարբեր ատյաններում ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված ու միասնական դիրքորոշում ձևավորելու կարևորությունը, ինչպես նաև ռազմական միջամտություն պահանջող իրավիճակների կանխարգելումը:

Ֆորումի ընթացքում հնչեցին նաև այլ հետաքրքիր զեկուցումներ: Ելույթ ունեցողներն, ընդհանուր առմամբ, համակարծիք էին, որ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի դերը կարևոր է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կայունության և անվտանգության պահպանման գործում: Նրանք շեշտեցին նաև այդ ուղղությամբ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից միասնական քաղաքականության մշակման և իրականացման կարևորությունը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


04/07/2013