ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԿԱԼԸ
Մտածում եմ՝ հիրավի տեղին է ասված. «Մարգարեն իր գավառում պատիվ չունի»։ Բայց, չգիտես ինչու, պրոֆեսոր Մուրադյանի խոսքերն ինձ շատ ավելի դիպուկ, մանավանդ պարզ ու հասկանալի են թվում. «Ծառի բնի հաստությունը կտրելուց հետո է միայն երեւում… Մարդը մեր կողքին էր, մեզ հետ, բայց մենք արժեքը չիմացանք։ Անփոխարինելի մարդ էր»։ Եվ այս խոսքերին հաջորդում է երկարատեւ ու ծանր մի լռություն, սակայն որքա՜ն աղաղակող։ Եվ իմ՝ «երախտապարտ ժողովուրդ չենք» բարձրաձայն մտորումը, ավելի քան անտեղի ու ավելի քան անհեթեթ է հնչում։
Հանուն արդարության, սակայն, ասենք, որ Հակոբ Անասյանի՝ ընդամենը գիտության թեկնածուի անունը զարմանալիորեն, այնուամենայնիվ տեղ է գտել Հայկական սովետական հանրագիտարանում։ Գիտության անխոնջ մշակի, մեծ հայրենասերի ու նվիրյալի ստեղծագործական սխրանքն ամփոփվել է ընդամենը հետեւյալ եռատողում. «Ուսումնասիրել է հայ ազգային շարժումները, գիտական շրջանառության մեջ է դրել «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» եւ «17-րդ դարի լեհ-թուրք հարաբերությունների վրեաբերյալ հայկական աղբյուրները», Վարդան Այգեկցու «Արմատ հավատո» երկը»։ Այսքա՛նը։
«Ծառի բնի հաստությունը կտրելուց հետո է միայն երեւում»։ Մինչդեռ այդ երկնուղեշ «ծառի» հզոր բնով ու փարթամ սաղարթներով դեռ անցյալ դարասկզբին հիացել էր խոշոր հայագետ Արշակ Չոպանյանը, հայագիտության՝ տակավին նորանոր բացահայտումների կարոտ անդաստանում նրա վաղվա առատ ու քաղցր հունձքն էր տեսնում Վարպետը՝ Ավետիք Իսահակյանը… Ասում են… դարձյալ «ասում են», որովհետեւ խիստ դժվար է, եթե ոչ անհնարին, մեծագույն գիտնականի, նրա փոթորկահույզ ստեղծագործական կյանքի, մաքառումների, պայքարի եւ ըստ ամենայնի՝ դրամատիկ ու ողբերգական ճակատագրի մասին գրավոր տեղեկություն ձեռք բերելը։ Եղածն ընդամենը հուշերի պատառիկներ են՝ անթեղված ազնիվ ու բարեխիղճ մարդկանց սրտերում…
Ասում են՝ անցյալ դարի 30-ականների վերջերին երկրորդ անգամ եւ արդեն վերջնականապես հայրենիք վերադարձող Ավետիք Իսահակյանը Փարիզի հանրային գրադարաններից մեկում նկատում է գրքերի հսկայական կույտի մեջ կորած մի մարդու։ Մոտենում է, տեսնում՝ լատիներեն, հունարեն, գրաբար հնատիպ գրքեր են… «Ո՞վ է»,- հետաքրքրվում է բանաստեղծը։ Գրադարանի աշխատակիցները, որ շատ լավ էին ճանաչում Անասյանին, միմյանց են ծանոթացնում բանաստեղծին ու գիտնականին։ Ծանոթանալով՝ Վարպետն ասում է. «Որդի՛ս, մենք բոլորս մի հանգրվան ունենք՝ հայրենիքը, եւ մեր տեղը՝ իմ, քո, բոլորիս, այնտեղ է՝ Հայաստանում։ Այստեղ մենք անելիք չունենք, հայրենիքը մեզ է սպասում»։
Այսպես, նախախնամության կամոք, իրար են խաչվում մեծ բանաստեղծի եւ մեծ հայագետի կյանքի ճանապարհները։ Եվ նրանք՝ համաժողովրդական փառքի գագաթին գտնվող բանաստեղծն ու Վիեննայի Մխիթարյան միաբանության նախկին սանն ու արդեն ճանաչված մատենագետը, հայրենիք են վերադառնում… Իսկ հայրենիքում մոլեգնում էր ստալինյան բռնապետությունը։
…Հակոբ Անասյանը հայրենիքում է, սակայն նրա կյանքի նավը դեռ հեռու էր խաղաղ հանգրվանից։ Հազիվ հայրենի հողին ոտք դրած, պայթում է Հայրենական մեծ պատերազմը։ Եվ գիտնականը, որ խաղաղ պայմաններում կարճ հասակի եւ նաեւ թեթեւ քաշի պատճառով թերեւս բանակ չզորակոչվեր, շուտով կարմիրբանակային զորքերի շարքում՝ զենքը ձեռքին, մեկնում է ռազմաճակատ, մարտնչելու ֆաշիզմի դեմ։ Ափսոս, Անասյանի պարագայում չենք կարող օգտագործել այնքան հայտնի եւ այնքան սիրված «գրիչը զենքով փոխարինեց» կամ «երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են» թեւավոր խոսքերը… Անասյանը շատ կարճ էր ապրել խորհրդային երկրում եւ վերոհիշյալ արտահայտությունները նրան թերեւս անծանոթ էին, քանզի ճակատ է մեկնում ուսապարկում ունենալով Խորենացի, հունարեն, լատիներեն, գրաբար գրքեր եւ ամենակարեւորը՝ հայտնի բյուզանդագետ Մինի «Հայրաբանություն» 167 գրքից բաղկացած աշխատության ստվարածավալ հատորներից մեկը՝ «պատերազմից ազատ ժամերին աշխատելու համար»։
Այնինչ Հակոբ Անասյանի պատերազմը շատ կարճ է տեւում. շուտով խորհրդային հազարավոր զինվորների հետ նա եւս գերեվարվում եւ տարվում է Ռումինիա՝ ֆաշիստական գաղափարախոսության ամենամոլեռանդ հետեւորդների երկիրը։
Ասում են… (եւ դարձյալ ասվածը անհավատալի է, ինչպես հեքիաթը, առասպելը) գերմանացի եւ ռումին բարձրաստիճան սպաները զարմանքից քարանում են, երբ խորհրդային գերու ուսապարկում ծխախոտի կամ ուտելիքի փոխարեն հայտնաբերում են հունարեն եւ լատիներեն գրքեր՝ մանավանդ, երբ տեսնում են, որ նա խոսում է ընտրագույն ֆրանսերենով։ «Ո՞վ է»,- շատ ավելի են զարմանում հիտլերականները։ Անասյանի անձով հետաքրքրվում է գեստապոն… Քրքրում են գերու «ունեցվածքը»՝ գրքերը եւ հանկարծ, ով զարմանք, գրքերի միջից հատակին է ընկնում Անասյանի մոր (ըստ ոմանց՝ կնոջ) հայերենով գրված նամակը… «Ի՞նչ հանձնարարական է պարունակում այդ նամակը»։ Թարգմանիչ է կանչվում… Եվ ասում են՝ երբ թարգմանիչը բառ առ բառ կարդում եւ թարգմանում է նամակը, գեստապոյական բարձրաստիճան սպաները մեկ նայում են փոքրամարմին, հսկայական շինելի մեջ կորած գերուն, մեկ թարգմանչին եւ… ծիծաղից ուշաթափվում են։ Անասյանի մայրը որդուն հորդորում էր. «Հակոբ ջան, մինչեւ վերջին գերմանացուն չոչնչացնես, մինչեւ Բեռլինը չքանդես, հողին հավասարեցնես, տուն չվերադառնաս…»։
Եվ ինչպես չհավատաս ճակատագրին. խորհրդային ռազմագերի Անասյանը Բուխարեստի հայ գաղութի օժանդակությամբ տեղափոխվում է հայկական գրադարան եւ գերության մնացած տարիները զբաղվում այն գործով, ինչի համար ծնվել, աշխարհ էր եկել՝ հայագիտությամբ։ Իսկ հայագիտությունը Անասյանի խաչն էր, որ նա տանում էր անխոս ու լուռ, անտրտունջ՝ գիշեր թե ցերեկ, կուշտ կամ քաղցած, օտարության մեջ թե հայրենիքում, տանում էր առաջին քրիստոնյայի ջերմեռանդությամբ եւ իսկական առաջամարտիկի նվիրվածությամբ։
Մատենադարանում, ամենայն հավանականությամբ, դեռ պահվում է, կա այն սեղանը, որը նշանավոր գիտնականի 30 տարվա տառապանքի ու տքնանքի, ստեղծագործ մտքի թռիչքների լուռ ու համր վկան է, սակայն քանի դեռ այն, իբրեւ հիշեցում-պատգամ, իր վրա փակցված չունի «այս սեղանի վրա աշխատել է նշանավոր մատենագետ Հակոբ Անասյանը» փորագրությամբ պղնձի փոքրիկ կտորը՝ կմնա որպես անշունչ առարկա, որպես ընթերցասրահի կահույքի մի մաս՝ զուրկ հոգեւոր արժեքից ու բովանդակությունից։
♦♦♦
Հիշում է պատմաբան, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը. «Ամառային մի օր անակնկալ իրարանցում է սկսվում Մատենադարանի ամենօրյա՝ այնքան սովորական ու խաղաղ կյանքում… Հանկարծ սենյակից սենյակ, սրահից սրահ շշուկ է տարածվում, թե Անասյանը չկա։ Դա նույնն էր, եթե ասենք, առավոտ կանուխ Մատենադարանի աստիճաններով բարձրացողը հանկարծ դատարկ տեսներ մուտքի աջ եւ ձախ կողմերում տեղադրված արձանների պատվանդաններից մեկը… Եվ երբ պարզվում է, որ Անասյանը մեկնել է Սոչի՝ հանգստի, անհանգստությունը վերածվում է խուլ աղմուկի. «Ինչպե՞ս թե՝ Անասյա՞նն էլ հանգստանա, այն էլ՝ ծովափո՞ւմ… Հանգստանա մե՞զ պես, սովորական մահկանացուների՞ս նման…»։
Ահա ով էր Հակոբ Անասյանը…
Սեղանիս հայրենանվեր գիտնականի տողերն են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Զորավար Անդրանիկի մասին. «Աշխարհում չկա մի հայ, որի սիրտը չդողա՝ արտասանելով այդ պաշտելի անունը՝ Զորավար Անդրանիկ։ Նա մեր պատմության ամենաթանկագին գոհարներից մեկն է»։ Ախ, եթե մենք էլ կարողանայինք որդիական նույնպիսի պատկառանքով գլուխ խոնարհել ականավոր գիտնականի, նրա մեծ վաստակի առջեւ եւ, նրա իսկ խոսքերը իրեն վերադարձնելով, գոնե ասեինք. «Ամեն հայ պետք է իմանա եւ հպարտորեն արտասանի Հակոբ Անասյան անունը։ Նա մեր գիտության թանկագին գոհարներից մեկն է»։ Եթե ասեինք… ավա՜ղ, չասացինք։
Ի դեպ, ինչպես տեսնում ենք, Անասյանի կյանքում ամեն ինչ ենթարկվել է նախախնամության վերին կամքին։ Նրա բուն ազգանունը Սոյլամազյան է եղել, որ թուրքերենից թարգմանվում է չխոսկանյան, սակավախոսյան։ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում սովորելու տարիներին սուրբ հայրերն իրենց շնորհալի սանի ազգանունը թարգմանել՝ դարձրել են Ան-աս-յան։ Եվ ինչպես չզարմանալ. հայ մատենագիտության թերեւս ամենավառ, ամենախոսուն դեմքերից մեկի ազգանունը՝ Անասյան։
-Անասյանի հետաքրքրությունների աշխարհը միջնադարն էր, հին, վաղնջական ժամանակները։ Եվ աշխարհի ու կյանքի հետ հարաբերվելու նրա լեզուն ասես գրաբարն էր,- հիշում է պրոֆեսոր Մարգարյանը։ -Նրա լեզուն գիտության լեզուն էր՝ չոր, փաստարկված, ճշգրիտ, եւ Անասյանը, որ մի ամբողջ կյանք հավատարիմ մնաց գիտնականի իր այդ սկզբունքին, այնուամենայնիվ, մի անգամ ազատություն է տալիս իր զգացմունքին… 1982թ. Լոս Անջելեսում լույս տեսած «Մանր երկերի» վերջին էջում զետեղում է «Մեսրոպ Մաշտոցն ու թոռնիկս» մանրապատումը… Այնտեղ բազմավաստակ գիտնականը գորովանքով ու խանդաղատանքով պատմում է, թե ինչպես իր թոռնիկը առաջին անգամ իր փոքրիկ թաթիկներով գրել է մեսրոպյան տառերը… Սա ականավոր գիտնականի թերեւս միակ զգացմունքային պոռթկումն էր ստեղծագործական երկարամյա տքնանքի ընթացքում։ Հանկարծ բոլորս մեզ համար պարզում ենք, որ Անասյանը միայն առաջին հայացքից էր անհաղորդ, ծանրաբարո ու անմարդամոտ, մինչդեռ խորքում ուներ անսահման բարի, քնքուշ ու ջերմ մի սիրտ …
Ահա ով էր Հակոբ Անասյանը եւ ինչպիսին էր նրա, ըստ ամենայնի, ողբերգական ճակատագիրը։
Այս ճակատագիրը թերեւս տխուր մտորումների առիթ տա բոլոր-բոլոր նրանց, ովքեր «գլուխները բարձին դնելուց առաջ մի պահ կխորհեն իրենց ազգի մասին (դարձյալ հանրահայտ մի կաղապար, որ հաճախակի, մանավանդ անտեղի օգտագործելուց վաղուց մաշվել, արժեզրկվել է), կփորձեն հասկանալ, գտնել բազմաթիվ ու բազմազան այն հարցերի պատասխանները, թե… թե ինչո՞ւ… ինչո՞ւ ենք դեռ Խորենացու ժամանակներից այսպես սակավաթիվ ու փոքր, ինչո՞ւ չենք կարողանում համաքայլ ընթանալ առաջադեմ ազգերի հետ, ինչո՞ւ մշտապես այն չենք, ինչ երազել ու երազում ենք, ինչո՞ւ ենք ապրում այնպիսի կյանքով, որին մեզ արժանի չենք համարում եւ ինչո՞ւ համառորեն չենք դառնում այն երկիրը՝ Ավետյա՜՜ց, որին ձգտել ենք երկար-երկար դարեր… Մտահոգող հարցեր, մտատանջող հարցեր, մարդու հոգուն ցավ բերող, մարդու միտքը լլկող, հոշոտող, կաթվածահար անող հարցեր, անվերջանալի հարցեր…
Անասյան գիտնականի ճակատագիրը, թերեւս, դառը մտորումներ արթնացնի բոլոր նրանց սրտերում, ովքեր սեփական վրիպումների, բացթողումների, թերացումների, անկումների պատճառը չեն փնտրի հեռուներում, ուրիշ տեղերում եւ չեն վերագրի «չարաղետ ժամանակներին»…
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Հոգևոր-մշակութային