Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԱՎԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՕՐ



Օրերս ՀՀ վետերանների միավորման խորհրդում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Անչափահաս գերիների միջազգային կազմակերպության 25 -ամյակին: Ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հյուրեր, հասարակական կազմակերպության անդամներ, լրագրողներ: Ելույթ ունեցան միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Ս. Եսայանը, տեղակալ Մ. Ստեփանյանը, Անչափահաս գերիների միջազգային կազմակերպության անդամ, համակենտրոնացման ճամբարի անչափահաս գերի Ն. Հակոբյանը:

Այսպես է կոչվում միջազգային կազմակերպությունը, որը կազմավորվել է 1988թ. հունիսի 22-ին, նույն այն օրը, երբ սկսվեց Մեծ հայրենականը: Կազմակերպությունը աշխարհում եզակի, հարյուր հազարավոր քաղաքացիների հասարակական միավորման մի կառույց է, որն իր մեջ ընդգրկում է նախկին խորհրդային հանրապետությունների այն քաղաքացիներին, որոնք մանկահասակ տարիքում անցել են ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների սարսափներով, բանտերով:

-Ֆաշիզմի անչափահաս գերիների միջազգային կազմակերպությունը, կազմավորվելով 25 տարի առաջ` 1988թ. հունիսի 22-ին, որպես «Ցավի և հիշողության օր» կանցնի պատմության գիրկը վերջին գերու հետ,- իր ելույթում ասաց վետերանների միավորման խորհրդի նախագահ Ս. Եսայանը:- Մեր հանրապետության ղեկավարությունը արդարացի կերպով նրանց հավասարեցրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին` տալով բոլոր գործող արտոնությունները: Դա իր արտացոլումն է գտել Մոսկվայի, Կիևի, Մինսկի ՀՄՊ թանգարաններում: «Մայր Հայաստան» թանգարանը նույնպես կանդրադառնա այս գործին, և Մեծ հաղթանակի 70-ամյակի շեմին թանգարանում իրենց արժանի տեղը կգտնեն մեր նախկին անչափահաս գերիները` իրենց կորցրած մանկությամբ ու պատանեկությամբ…

Հայաստանում եղել են 50 անչափահաս գերիներ, որոնցից այսօր ապրում են 19-ը: Ընդհանուր առմամբ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարներում 2 մլն երեխա է զոհվել, իսկ ողջ պատերազմի ընթացքում զոհվել է 13 մլն երեխա: Ավելի քան 5 մլն երեխաներ դարձան բռնազավթված Եվրոպայի ողջ տարածքում սփռված համակենտրոնացման ճամբարների գերիներ: Այդ անմեղ արարածները, զրկված լինելով կյանքի ամենաերջանիկ պահերից` մանկությունից, լռելյայն տանում էին իրենց բաժին հասած տանջանքներն ու կտտանքները: Նրանց թվում են եղել նաև հայազգի երեխաներ, որոնցից 13-ը (6-ը վատառողջ լինելու պատճառով չէին մասնակցում միջոցառմանը) ներկա են դահլիճում:

Վետերանների միավորման նախագահ Ս. Եսայանը կարդում է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրամանը: Նրանց է հանձնում գերատեսչական մեդալներ, ինչպես նաև պատվոգրեր և դրամական օգնություն:

Այնուհետև ելույթ են ունենում անչափահաս գերիները, որոնք չնայած համառոտ պատմում են իրենց կենսագրությունը, սակայն հուզիչ է ու տխուր այն լսելը…

Նելլի Չինչիլյան, Վարվառա և Մնացական զույգեր, Լյուդմիլա Բալախյան, Սերգեյ Թումասով, Վերա Ակոպովա, Թամարա Ստեփանյան, Լյուդմիլա Զախարյան…

Աննա Մազմանյանը պատմում է. «Հայրս թաղված է Գերմանիայում, մայրս` Հայաստանում: Ծնվել եմ 1942թ. Կրասնոդարի երկրամասում: 1943-ին ծնողներիս հետ տարվել եմ Գերմանիա: Փոքր եմ եղել և ճամբարում մեր անցկացրած դաժան կյանքի մասին հիշում եմ մայրիկիս պատմածներից: 1950թ. կարողացանք վերադառնալ հայրենիք: Մեզ աքսորեցին Սիբիր»:

Անգելինա Սրապյան. «Ծնվել եմ 1931թ. Կիրովականում: 1940թ. օգոստոսին մեր ընտանիքը տեղափոխվեց ՌԴ Նովոռոսիյսկի շրջան, որտեղ ապրում էին հայրիկիս բարեկամները: 1941թ. մենք դարձանք գերմանացիների գերին, և ընտանիքներով մեզ քշեցին Գերմանիա: Մինչև պատերազմի վերջը աշխատեցինք: 1945թ. սեպտեմբերին Թամանյան դիվիզիայի զորքի հետ, նույն գնացքով վերադարձանք և ապրում էինք Կիրովականում: Հայրս 1942թ. զոհվեց Նովոռոսիյսկի կռիվներում»:

Նինա Հակոբյան. «1943թ. 13 տարեկան հասակում իմ ընտանիքի հետ` ես, մայրս, հայրս, եղբայրս, Կերչից տարվել ենք Գերմանիա` հարկադիր աշխատանքների: Ազատագրվել ենք 1945թ. ամերիկյան զորքերի կողմից: Ես 2002թ. անդամակցում եմ նախկին անչափահաս գերիների միջազգային միությանը և ամեն տարի մասնակցում եմ ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր անցկացվող միջոցառումներին և կոնֆերանսներին»:

Ճակատագրեր, ճակատագրեր` դառը և տխուր: Երեխաներ, մարդիկ, որոնց կարելի է կոչել մանկություն չունեցող մարդիկ: Եվ նրանք կարիքն ունեն մեր՝ հասարակության աջակցությանն ու գուրգուրանքին: Գովասանքի են արժանի ՀՀ վետերանների միավորման խորհրդի անդամները, գնդապետ Ս. Եսայանը և բոլոր նրանք, ովքեր կազմակերպել էին այս միջոցառումը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Բանակ և հասարակություն


04/07/2013