ՀՈՒՆԻՍԻ 28-Ը ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՆ Է
ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՄԵՆ ՏԱՐԻ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
20 տարի առաջ այս օրերին Արցախը ծանր, բայց հերոսկան օրեր էր ապրում:
Արցախի ժողովրդին պարտադրված պատերազմը լայնամասշտաբ բնույթ էր կրում: Հակառակորդը ռազմաճակատի բոլոր հատվածներում կուտակելով հսկայական մարդուժ եւ զինտեխնիկա՝ փորձում էր խորանալ դեպի Արցախի կենտրոնական մասերը:
Ադրբեջանում նոր իշխանության գլուխ անցած Հեյդար Ալիեւը մեծ խոստումներով ռազմաճակատ էր բերել նորանոր ուժեր: Օրըստօրե մեծանում էր նաեւ ադրբեջանական իշխանությունների՝ տարբեր երկրներից վարձկանների հավաքագրումը, սակայն հայկական կամավորական ուժերը ռազմաճակատի բոլոր հատվածներում, մշակելով պաշտպանական եւ հարձակվողական ռազմավարություն, հակահարված էին տալիս հակառակորդին:
Հունիսի երկրորդ կեսին, հյուսիսային ռազմաճակատում հաջողությամբ իրականացնելով իրենց առջեւ դրած մարտական խնդիրները, մեր կամավորական ուժերն արդեն զբաղեցնում էին մարտավարական տեսակետից շահավետ մի քանի բարձունքներ եւ մոտենում էին արդեն մեկ տարի գերության մեջ գտնվող Մարտակերտ քաղաքին:
Միանշանակ կարելի է պնդել, որ Արցախյան ազատամարտի տարիներին ամենաշատ տառապանքները բաժին հասան Մարտակերտի գյուղերին ու բուն Մարտակերտ քաղաքին: Տեղահանվեց ողջ բնակչությունը: Մարտակերտի պատմական գյուղերը բռնազավթվեցին հակառակորդի կողմից: Որոշ գյուղեր մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով` ռմբակոծություններից հիմնովին ավերվեցին:
Հունիսի 26-ին, դիրք առ դիրք առաջ ընթացող հայաստանյան կամավորական ուժերի եւ Արցախի ինքնապաշտպանական զորամիավորումների դեմ հակառակորդը ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտի մեջ մտցրեց զրահատեխնիկան, ծանր հրետանին եւ նաեւ մարտական ինքնաթիռները:
Ռազմաճակատի հարավային հատվածում 5-րդ կամավորական բրիգադի մարտիկները, ամրացնելով իրենց դիրքերը եւ ոչնչացնելով հակառակորդի կրակակետերը, արդեն առաջ էին շարժվում:
Հրամանատար Մանվել Գրիգորյանի եւ շտաբի պետ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ մի գումարտակ արդեն հասել էր Մարտակերտի ռազմաճակատ եւ դիրքավորվելով «Բերդեր» հատվածում՝ մասնակցում էր Մարտակերտի ազատագրման գործողությանը: Չընկճվելով հակառակորդի կողմից մարտադաշտ հանված տասնապատիկ անգամ ավելի ուժերի ճնշումներից, մեր կամավորական ջոկատներն ու ղարաբաղյան զորամիավորումները իրենց համաձայնեցված գործողությունների շնորհիվ հունիսի 28-ին, ընդհանուր ջանքերով ազատագրեցին արդեն մեկ տարուց ավելի բռնազավթված Մարտակերտ քաղաքը:
1993 թվականի այսօրվանից սկսվեց հայոց զինուժի ազատագրումների փայլուն շրջանը: Ռազմաճակատի հյուսիսային հատվածում արդեն կորցնելով Մարտակերտը, ադրբեջանական կողմը հունիսի վերջին, հուլիսի սկզբին, ռազմական ուժգին գործողություններ սկսեց Ֆիզուլիի հատվածում, փորձելով ճեղքել կամավորական բրիգադի գումարտակների ստեղծած ինքնապաշտպանական ամուր դիրքերը: Բայց կամավորական գումարտակները կարողացան ջախջախիչ հակահարված տալ, քայլ առ քայլ մոտենալով Ֆիզուլի քաղաքին: Իրար հետեւից ոչնչացվեցին թշնամու կրակակետերը Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի հատվածում: Կամավորականների, հայոց մարտնչող զինուժի բուն խնդիրը դարձավ Մարտակերտի բռնազավթված գյուղերի ազատագրումը:
Եվ ամեն անգամ ավանդական ուխտագնացության օրերին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ երկրապահները այցելում են Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշակոթողին, որը վեր է խոյանում Մարտակերտ քաղաքի կենտրոնում:
♦♦♦
Պատերազմի վերքերը տակավին չեն ամոքվել, բայց, ի պատասխան հակառակորդի այսօր էլ հնչող ռազմատենչ հայտարարությունների, խաղաղասեր մարտակերտցին տուն է կառուցում, հարսանիք անում, երկիր շենացնում: Արցախ աշխարհի ողջ տարածքում՝ Մարտակերտի հատվածում մասնավորապես, բազմաթիվ հուշակոթողներ ու խաչքարեր կան, որոնք հիշատակումն են լեգենդար 5-րդ կամավորական բրիգադի անցած մարտական փառապանծ ուղու:
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում