Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ



Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հուլիսի 3-ին դարձավ 60 տարեկան

Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մեր ժողովրդի լավագույն հատկանիշներից մեկը` օրհասի պահին միավորվելու եւ, մոռանալով ինչպես անձնական, այնպես էլ կուսակցական ու գաղափարական բոլոր մեծ ու փոքր տարաձայնությունները, թշնամուն հակահարված տալու պատրաստակամությունը։ Եվ երբ անցյալ դարավերջին Ադրբեջանը արագ հաջողության հասնելու մտադրությամբ լայնամասշտաբ գործողություններ սկսեց անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղի դեմ, չէր էլ մտածում, որ Արցախի իրենց եղբայրների կողքին մեկ մարդու պես կկանգնեն ու նրանց արդարացի պատերազմին կմասնակցեն ի սփյուռս աշխարհի ցրված հազարավոր հայեր։ Նրանց թվում էին նաև խորհրդային բանակում ծառայող հայազգի բազմաթիվ սպաներ, որոնք, անսալով հայրենիքի կանչին, թողեցին իրենց պաշտոններն ու բարձր աշխատավարձը և առանց դույզն-ինչ երկմտելու շտապեցին Հայաստան, հետո էլ` Արցախ։

♦♦♦

Ստեփանավանցի սպա Միքայել Գուրգենի Գրիգորյանը 1992-ին ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցնում էր զորամիավորման հրթիռահրետանային զորքերի շտաբի պետի պաշտոնը։ Իմանալով, որ ադրբեջանցիները հարձակվել են Արցախի բնակավայրերի վրա, հրետակոծում են Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու քաղաքները, փոխգնդապետ Գրիգորյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր է գրում, թողնում բարձր ու հեռանկարային պաշտոնը, ծառայողական հարմարավետ բնակարանն ու գալիս Երևան, նշանակվում հրետանային բրիգադի հրամանատար։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հաղթանակով ավարտելով եւ այնուհետ զինվորական կոչումների ու պաշտոնների աստիճաններով բարձրանալով, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանն իր կյանքի 60-րդ տարին այժմ դիմավորում է ՀՀ ԶՈՒ և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնում։

♦♦♦

2003 թվականի այս օրերին, երբ լրանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանի կեսդարյա հոբելյանը, եւ ես հարցազրույց էի վերցնում նրանից, նրան հուզում էին նորաստեղծ մեր բանակի հիմնախնդիրները, զենք-զինամթերքի ձեռք բերման, զինված ուժերը սպայական նոր գրագետ կադրերով համալրման դժվարություններն ու կոմունալ-կենցաղային հարցերը։ Տասը տարվա մեջ բանակում, բարեբախտաբար, շատ բան է փոխվել, ուստի եւ վերջերս՝ մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի օրը, հանդիպելով եւ շնորհավորելով գեներալին, Սարդարապատում անցկացված զորահանդեսը գերազանց կազմակերպելու եւ իր փայլուն զեկույցի առիթով, այսօրվա իր պաշտոնին հարիր մի քանի հարց ուղղեցի։

– Պարոն գեներալ, սկսենք այսօր շատ լրատվամիջոցներում հոլովվող հարցից. մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի նորագույն զենք է վաճառել մեր հակառակորդ Ադրբեջանին։ Դուք նորմա՞լ եք համարում այդ գործարքը։

-Միանգամայն։ Գիտեք, մենք հետաքրքիր ժողովուրդ ենք։ Մեզնից շատերը կարծում են, որ երկրագունդը Հայաստանի շուրջն է պտտվում, և աշխարհի պետությունները պիտի իրենց որոշումները համաձայնեցնեն մեզ հետ։ Այդպես չի լինում, Ռուսաստանն ունի իր տնտեսական շահերը և հետամուտ է դրանց։ Այլ բան է՝ մենք պատրա՞ստ էինք այդ գործարքին։ Այո, պատրաստ էինք: Եթե դուք կարծում եք, որ նրանց նավթադոլարները, գնած մեծաքանակ զենք-զինամթերքը բավարար են մեր նկատմամբ գերակշռություն ունենալու համար, ապա, ներողություն, սխալվում եք։ Իսկ ե՞րբ նրանց ունեցածը մերից շատ չէր։ Հաղթեցի՞ն։ Միանգամայն իրավացի էր ռուս բանաստեղծը, որ ասում էր` պոեզիայում կարևորը ոչ թե բառերն են, այլ նրանց մեջ դրված ոգին։ Նույնն է նաև բանակում։ Ոգին հզոր ուժ է։ Քի՞չ է եղել, երբ մենք մի քանի հոգով հաղթել ենք քանակով տասնապատիկ գերազանցող թշնամուն։ Եվ հետո, -ժպտալով շարունակում է գեներալը,- թող ունենան, ինչ վատ բան կա դրանից, մեկ է, հենց այդ տանկերն ու զրահամեքենաներն սկսեն շարժվել մեր դեմ, րոպեներ անց կդառնան մերը։ Օրինակները բազում են։ Միայն Մոնթե Մելքոնյանը ժամանակին իր ջոկատով ադրբեջանցու շուրջ 40 տանկ առգրավեց…

-Պարոն Գրիգորյան, պատերազմը դեռ չի ավարտվել։ Ադրբեջանի սնապարծ նախագահն էլ այստեղ-այնտեղ հոխորտում է, թե զենքի ուժով է լուծելու Ղարաբաղի հարցը։ Ժամանակին մենք կարող էինք ընդհուպ մինչև Բաքու հասնել։ Դուք ճի՞շտ եք համարում գործի կեսից հետ կանգնելը։

-Որպես զինվորական, ես իրավունք չունեի, այսօր էլ չունեմ` քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշումները, բայց որպես մարդ, քաղաքացի, գործի կեսից հետ քաշվելը համարում եմ սխալ, որովհետև, նախ, ադրբեջանցիներն իրենք էին սկսել պատերազմը։ Սկզբում մենք ո՛չ պատրաստ էինք պատերազմելու, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեինք։ Սկսե՞լ էին, թող պատրաստ լինեին վայելելու պատերազմի դառը պտուղները ևս։ Ինչի՞ վրա էին հույսները դրել, իրենց ունեցած մարդուժի՞, զենք-զինամթերքի՞։ Իսկ որ 1994 թվականին մենք կարող էինք շարունակել գրոհը, անկասկած է, քանի որ կրած պարտությունները լիովին կազմալուծել էին ադրբեջանական բանակը, իսկ մեր բանակն օր օրի ավելի էր հզորանում և, ինչպես միշտ, պատրաստ էր շարունակելու հաղթական կռիվները, որին խոչընդոտում էր միայն զինամթերքի ոչ բավարար լինելը: Այս կարծիքը մենք` բոլոր հրամանատարներս, զեկուցեցինք այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, և նա հրամայեց առայժմ առաջ չշարժվել: Պարզվեց՝ հրադադարի աղաչանք-պաղատանքով նրան էր դիմել Ադրբեջանի նախագահը` հասկանալով, որ իրենց պարտությունն անխուսափելի է:

Եթե մենք շարունակեինք մեր ազատագրական պայքարը, իմ կարծիքով, Ադրբեջանում ինքնորոշման հարց կբարձրացնեին նաև այդ երկրի բնակչության մեծամասնությունը կազմող ազգային փոքրամասնությունները` թալիշները, լեզգիները, ալավիները, քրդերը…Մի խոսքով, Ադրբեջանը կդադարեր պետություն լինելուց և այսօր չէր հոխորտա։ Ինչ վերաբերում է կրտսեր Ալիևի հոխորտանքին, ռուսներն ասում են. «Собака лает, а караван идет»:

Ինչ ասեմ, եթե գլուխները ցավում է, թող սկսեն, և թող մեր սերունդով էլ վերջանա այս պատերազմը… Մենք միշտ պատրաստ ենք։

♦♦♦

Ինձ մնում է հայոց բանակի գեներալների ու սպաների, ենթասպաների ու սերժանտների, զինվորների ու բոլոր բոլորի անունից սրտանց շնորհավորել մեր բանակի նշանավոր զորականին՝ ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթել ամուր առողջություն, անձնական երջանկություն, նվիրական իղձերի ու երազանքների իրականացում։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Ազգային բանակ


04/07/2013