ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է
Ինձ` որպես զինվորական լրագրողի, միշտ էլ դժվարությամբ է հաջողվել հարցազրույց վերցնել զորամասի առաջին դեմքից` հրամանատարից։ Հերթական գործուղման ժամանակ, երբ տեղեկացա, որ գնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ մեր երկրի հարավային դարպասը անառիկ պահող զորամասի գումարտակներից մեկը մարտական պատրաստության ծրագրով մարտավարական զորավարժություն է անցկացնում, և հրամանատարն ինքը պատրաստվում է մեկնել դիրքեր` անձամբ հսկելու զորավարժության ընթացքը, ցանկություն հայտնեցի նրա հետ մեկնելու։ Զորավարժության ավարտից հետո, վերադարձի ճանապարհին, երբ հրամանատարը կանգնեց մի փոքր շունչ առնելու, խնդրեցի պատասխանել մի քանի հարցերի։
-Պարոն գնդապետ, քիչ առաջ ավարտվեց մարտական ծրագրով նախատեսված հերթական զորավարժությունը։ Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս այն անցավ։
-Ունենք պաշտպանության նախարարի հանձնարարականը` առանց մարտական հրաձգության վաշտային գումարտակային զորավարժություններն անցկացնելու տվյալ ստորաբաժանումների մարտական կիրառման շրջանում։ Պաշտպանության նախարարի հանձնարարականի և պատրաստության պլանի համաձայն` գումարտակի հետ անցկացրինք մարտավարական զորավարժություն առանց մարտական հրաձգության։ Ըստ զորավարժության սցենարի` պայմանական հակառակորդը շփման գծում խախտելով հրադադարի պայմանները, հանկարծակի հարձակվել է գումարտակի պահպանությանը վստահված տեղամասի ուղղությամբ` գրավելով հենակետերից մեկը։ Տագնապ ազդանշանով գումարտակը բերվեց մարտական պատրաստության բարձր աստիճանի, դուրս եկավ մարտական կիրառման շրջան և զբաղեցրեց պաշտպանական դիրքեր։ Կազմվեց գումարտակի գործողությունների պլանը, ծառայության պետերին իմ կողմից տրվեց նախնական մարտական կարգադրություն և ժամանակ` զեկուցելու մարտավարման մտահղացումը։ Առավոտյան զորավարժության մեջ ընդգրկված բոլոր ստորաբաժանումները պատերազմական իրավիճակին համապատասխան զեկուցեցին իրենց խնդիրները։ Սպայակազմին տրվեցին ներածականներ, թե ինչպես պետք է գործեն, որոշումներ կայացնեն մարտի ժամանակ և իրավիճակի փոփոխության դեպքում։ Ընդունվեցին նորմատիվներ։ Մարտական գործողությունների ընթացքում գումարտակը պաշտպանությունից հակագրոհի միջոցով վաշտերից մեկի հենակետում ճեղքեց հակառակորդի պաշտպանությունը, լիովին ոչնչացրեց նրան և վերականգնեց դիրքային հավասարակշռությունը սահմանում։ Առաջադրանքը կատարվեց, որից հետո ստորաբաժանումները վերադարձան նախնական տեղակայման վայր։
-Մոտ 2700 մետր բարձրության վրա զորավարժություն անցկացնելն ամենևին էլ դյուրին գործ չէ, և Ձեր տրամադրությունից կռահեցի, որ գոհ եք Ձեր ենթակաների գործողություններից։
-Ստորաբաժանման թե՛ սպաները, թե՛ զինվորները գործեցին վարժ ու հմուտ։ Նրանք տարաբնույթ զորավարժություններ անցկացնելու փորձ ունեն։ Իրենց հմտությունները նրանք ձեռք են բերել ամենօրյա տքնաջան վարժանքների ընթացքում, և ամենակարևորը՝ անձնակազմը ձեռք է բերում դաշտային վարժվածություն։ Վաղը ևեթ կպատրաստվեն ամփոփ հրամաններ, լավագույնները կխրախուսվեն արձակուրդով, շնորհավորական նամակով, թանկարժեք նվերներով։
-Պարոն հրամանատար, ձմեռային փուլի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Հասցրե՞լ եք մարտական պատրաստության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կատարել։
-Չկա պատրաստության ծրագրով նախատեսված մի միջոցառում, որ ձմեռային ուսումնական փուլի ընթացքում կատարված չլինի, և ակնկալում եմ, որ զորամասը ամփոփիչ քննությունների ընթացքում կստանա բարձր գնահատական։
-Սահմանի այս հատվածում ինչպիսի՞ն է իրավիճակը, հրադադարի խախտումներ ի՞նչ հաճախականությամբ են լինում։
-Սահմանում իրավիճակը կայուն է եւ լիովին գտնվում է մեր վերահսկողության տակ։ Հրադադարի խախտումներ հակառակորդի կողմից մերթընդմերթ լինում են, բայց դրանք առանձնապես վտանգավոր չեն։ Մինչև այս պահը հակառակորդը ակտիվ գործողություններ չի իրականացրել, իսկ սահմանի այն հատվածները, որտեղից սպասելի է հակառակորդի որևէ նախահարձակ գործողություն, վերցված են խիստ հսկողության տակ։ Մեր դիրքապահները զգոն են, աչալուրջ և այստեղ հարձակման կամ էլ դիվերսիայի ցանկացած փորձ դատապարտված է։
-Շատ հաճախ թշնամին դիվերսիաների համար օգտագործում է զինվորական լեզվով ասած՝ մեռյալ գոտիները։
– Մեր զորամասի պահպանությանը վստահված պետական սահմանի ողջ երկայնքով այնպիսի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են կատարվել և մշտապես կատարվում ու թարմացվում են, որ, ինչպես մեր ժողովուրդն է ասում, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մտնել։
-Հայտնի է՝ զորամասում տեղի ունեցած ցանկացած տհաճ միջադեպ վերագրվում է թույլ կարգապահությանը։ Ինչպիսի՞ն է իրականում վիճակը Ձեր զինվորական ընտանիքում։
-Կարգապահության հիմքերը մեր զորամասում ամուր են։ Իհարկե, պետք է է՛լ ավելի լավացնենք եւ այս առումով չենք կարող ձեռքներս ծալած նստել, անգամ, եթե ամեն ինչ բարեհաջող է։ Սա ես վստահաբար ասում եմ, քանի որ իմ դիտարկման արդյունքներն ինձ բերել են մի համոզման, որ այն պատանին, որը զինվորական խիստ օրենքների և պայմանների ներքո փորձում է, մեղմ ասած, աչքի ընկնել իր վատ կարգապահությամբ, զինվորական ծառայությանն անհարիր վարք ու բարքով, նիստ ու կացով, կնշանակի՝ նա վարքի հետ կապված խնդիրներ է ունեցել նաև քաղաքացիական կյանքում, հասարակության մեջ` տանը, դպրոցում, շրջապատում։ Մեր սպաների գերլարված աշխատանքի շնորհիվ մենք արագորեն բացահայտում ենք կարգազանցության հակում ունեցող զինծառայողներին, վերցնում հաշվառման և մշտապես պահում հսկողության տակ։ Գործընթացը ամբողջովին գտնվում է մեր զորամասի լավագույն սպաներից մեկի, ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս.Ադամյանի հսկողության տակ։
-Պարոն գնդապետ, պաշտպանության նախարարի հրամանով կազմվել է մարտական հերթապահության իրականացման ուղեցույց։ Զինվորներն ու սպայակազմը հասցրե՞լ են ծանոթանալ ուղեցույցին։
-Ուղեցույցը ստանալու հաջորդ օրն արդեն այն անմիջապես հասցվել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներին և մարտական հենակետերին, ինչպես նաեւ կազմակերպվել է գնդի սպայակազմի ծանոթացումը ուղեցույցին։
– Ինչպիսի՞ն է զորամասում սննդի ապահովման վիճակը։ Զինվորը գո՞հ է իրեն տրվող սննդից, դրա չափաբաժնից։
– Մի քանի օր է, ինչ զորամասում եք, եղաք նաեւ դիրքերում, զորանոցներում, ճաշարանում` առանց որևիցե մեկի ուղեկցության: Ենթադրում եմ, որ այս հարցը հենց զինվորներին էլ տված կլինեք, և անշուշտ նրանք էլ պատասխանած կլինեն ձեր հարցին։ Իսկ եթե ուզում եք անձամբ իմ կարծիքը իմանալ, ապա ասեմ, որ մեր բանակի և՛ զինվորը, և՛ սպան ստանում են այն ամենը, ինչ պետությունը նախատեսել է նրանց համար։ Մեր զինվորն ու սպան ապահովված են թե՛ որակյալ եւ բավարար սննդով եւ թե՛ համազգեստով ու այլ հասանելիք իրերով։
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում