Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆ



Հունիսի 28-ին իսկական տոն էր մայրաքաղաքի Էրեբունի օդանավակայանում: Այստեղ հանդիսավորությամբ նշվեց հակաօդային պաշտպանության, ավիացիայի և ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի մասնագիտական տոնը: Թեպետ այս զորատեսակներն ունեն իրենց առանձին օրերը, բայց այս անգամ որոշվել էր դրանք միավորել և միասնական ձևով ներկայացնել ձեռքբերումները, զարգացման աստիճանը, մարտական պատրաստականության վիճակը, դերն ու նշանակությունը մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության գործում: Զորամասերը ցուցադրության համար ներկայացրել էին իրենց զինանոցից մարտական տեխնիկայի առանձին նմուշներ, և քանի որ միջոցառումը բաց էր հանրության համար, մայրաքաղաքի բնակիչները, հիմնականում ընտանիքներով, մեծով ու փոքրով վաղ առավոտից եկել էին օդանավակայան և սկսել ծանոթությունը ռազմական տեխնիկայի հետ: Բնականաբար, երեխաներին շատ էին հետաքրքրում թռչող սարքերը` ինքնաթիռներն ու ուղղաթիռները, մանավանդ մանուկները անձամբ դրանք շոշափելու եւ իրենց օդաչու զգալու հաճելի հնարավորություն ունեին:

Շարահրապարակում հանդիսավորությամբ՝ մարտական դրոշներով ու պատվադրոշներով շարվել էին զորամասերի ստորաբաժանումները: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց տոնական միջոցառման առթիվ զորքերի շարված լինելու մասին: Ընդունելով զեկույցը` նախարար Սեյրան Օհանյանը, նախ ողջունեց, ապա շնորհավորեց տոնի մասնակիցներին: Ի պատասխան՝ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Ելույթ ունենալով և շնորհավորելով զինակիցներին, անձնակազմերին՝ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը համառոտ ներկայացրեց զորատեսակների ձևավորման ու զարգացման ուղին, հիշեց նրանց, ովքեր մեծ ավանդ ունեն հայրենիքի պաշտպանության և զորատեսակների կայացման գործում, բայց, ցավոք, այժմ մեզ հետ շարքերում չեն: Նա ներկաներին հավաստիացրեց, որ ՀՕՊ-ի, ավիացիայի և ՌԷՊ-ի զորամասերն ունեն ռազմատեխնիկական անհրաժեշտ միջոցներ, մարտունակ են և հավուր պատշաճի իրականացնում են մարտական հերթապահությունը, իսկ հարկ եղած դեպքում կարող են պատվով պաշտպանել մեր պետության տարածքը, ժողովրդի խաղաղ կյանքը:

Զինծառայողների տոնը շնորհավորեցին մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Քոչարյանը, ՀՕՊ զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանը: Օրհնության խոսք ասաց գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

♦♦♦

-Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորման քսանմեկ տարիների ընթացքում փառավոր ճանապարհ են անցել` զարգացման հիմքում ունենալով հայ ժողովրդի պատմական անցյալն ու փորձառությունը, և այսօր կարող են հուսալիորեն ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, պաշտպանել անկախությունն ու խաղաղությունը,- ելույթ ունենալով ու մեկ անգամ ևս զորքերին շնորհավորելով` ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:- Մեզ պարտադրված պատերազմում կարողացանք հաղթանակ տոնել մեր միասնականության, անկոտրում հավատի ու կամքի ուժի շնորհիվ: Հենց պատերազմի ընթացքում մեր կամավորականները հարստացրին իրենց գիտելիքները, կատարելագործեցին հմտությունները և ստեղծեցին կանոնավոր ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից, որոնք իրար հետ համագործակցելով՝ ապահովեցին հաղթանակը: Հետաքրքիր զուգադիպությամբ մեր այսօրվա տոնական միջոցառումը համընկնում է Մարտակերտի ազատագրման օրվան:

Նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ այն իրողությանը, որ այսօր մեզանում պաշտպանության մեջ ներգրավված են պետության բոլոր կառույցները` կառավարման մարմինները, տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, գիտությունը, ողջ ժողովուրդը…

-Այս միասնականությունը բազմապատկում է երկրի պաշտպանունակությունը,-ասաց նախարարը, որից հետո անդրադարձավ միջազգային համագործակցությանը, մասնավորապես՝ կարևորեց համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը տարածաշրջանի համար երկարատև խաղաղության երաշխիք է: Նա տոնի մասնակիցներին, հյուրերին հավաստիացրեց, որ զինված ուժերն օրըստօրե զարգանում, կատարելագործվում են:

Այնուհետև նախարար Սեյրան Օհանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը մի շարք զինծառայողների պարգևատրեցին խրախուսական պարգևներով:

Տոնական միջոցառումն ավարտվեց զորամասերի ստորաբաժանումների հանդիսավոր երթով, որից հետո տոնական տրամադրությունը տեղափոխվեց երկինք: Թռիչքային հարուստ ծրագրով հանդես եկան ավիացիայի ուսումնական, մարտական ուղղաթիռային և ինքնաթիռային զորամասերի էսկադրիլիաները, անօդաչու ինքնաթիռները, դեսանտայինները: Նրանց վարժ թռիչքները, կատարած բարդ անցումներն ու շրջապտույտները հիացրին տոնահանդեսի մասնակիցներին և համոզեցին մասնագետներին, որ իսկապես էլ այս զորատեսակներն ուսումնական փուլը եզրափակում են բարձր մարտունակությամբ:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/07/2013