Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԵԱ՞ԹՆ Է ՍՊԱՆԵԼ ՕՍՄԱՆՅԱՆ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԻՆ…



Ես հազվադեպ եմ անդրադառնում առեղծվածային սպանություններին, սակայն այս անգամ բացառություն կանեմ՝ հաշվի առնելով 1916 թվականին օսմանյան թագաժառանգ արքայազնի մահվան արտասովոր հանգամանքները և դրա հնարավոր կապը Թալեաթի ու Հայոց ցեղասպանության հետ:

Գաղտնիքը բացելու առաջին բանալին, որ ձեռքս ընկավ, 1921 թ. ապրիլի 3-ին «Պիտսբուրգ պրես» թերթում հրապարակված մի հոդվածն էր հետևյալ վերնագրով. «Համբերատար հետևել է նրան թաքստոցում և սպանել. ինչպե՞ս թուրք արյունարբու Մեծ վեզիր Թալեաթ փաշան, որ ծրագրել էր միլիոնավոր հայերի ջարդը, հանդիպեց իր ճակատագրին»: Այս լուրը հրապարակվել էր 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության առիթով:

Լայնածավալ հոդվածի մի պարբերություն hատուկ ցնցող բացահայտում էր պարունակում. «Թալեաթի առաջխաղացման հետ կապված թերևս ամենատարօրինակ իրողությունն այն է, որ նա այդ բարձրագույն պաշտոնին հասնելու համար իր ճանապարհը հարթել է սպանելով թագաժառանգ արքայազն Յուսուֆ Էդինին` իշխող սուլթանի զարմիկին: Երիտասարդ արքան կտրականապես դեմ էր Թալեաթի` հայերի ոչնչացման քաղաքականությանը: Թալեաթը, լուրջ դիմադրության հեռանկար տեսնելով, կրակել էր արքայազնի վրա, նրան շան նման սպանելով»:

Այս զարմանալի լուրի հավաստիությունը ճշտելու համար ես համացանցում երկարատև որոնումներ կատարեցի` պրպտելով հրապարակումներ ինչպես անգլերենով, ֆրանսերենով, թուրքերենով ու իսպաներենով, այնպես էլ հայերենով՝ նկատի ունենալով արքայազնի անվան տարբեր ուղղագրությունները` Յուսուֆ Էդին, Յասուֆ Իզեդին, Յուսուֆ Իզեթին և այլն:

Աղբյուրների մեծ մասը հաստատում է, որ թագաժառանգ արքայազնը մահացել է կասկածելի հանգամանքներում, սակայն նրանք ներկայացնում են երեք տարբեր դրվագներ, թե ինչպես է նա կնքել իր մահկանացուն: Այս առեղծվածի մասին նույնիսկ թուրքերեն մի ամբողջ գիրք գոյություն ունի. «Shehzade Yusuf Izzedin olduruldu mu, intihar mi etti?» (Թագաժառանգ արքայազն Յուսուֆ Իզեդինին սպանե՞լ են, թե՞ ինքնասպան է եղել):

Առաջին դրվագը «Պիտսբուրգ պրես» թերթում նշվածն է, որը հաստատում է` թագաժառանգ արքայազնին սպանել է Թալեաթը` հայ ժողովրդի բնաջնջմանն ընդդիմանալու համար:

Թագաժառանգ արքայազնի վաղաժամ մահվան երկրորդ բացատրությունն այն է, որ նա ինքնասպանություն է գործել կտրելով դաստակը: Երիտթուրքերի կառավարությունը 1916 թ. փետրվարի 3-ին հանդես է եկել հետևյալ պաշտոնական հայտարարությամբ. «Նորին գերազանցություն գահաժառանգը, երկարատև հիվանդությամբ տառապելու պատճառով, այսօր առավոտյան ժամը յոթն անց կեսին ինքնասպան է եղել Զինդջիրլիի ամառանոցի հարեմի հարկաբաժնի ննջարանում` կտրելով ձախ ձեռքի երակները»:

Այս պաշտոնական հայտարարությունը համատարած թերահավատությամբ ընդունվեց` տեղիք տալով թագաժառանգ արքայազնի մահվան երրորդ բացատրությանը: Ֆրանսիայի պետնախարար Իվ Գայոն 1916 թվականին հրատարակված իր «Պատերազմի պատճառներն ու հետևանքները» գրքի անգլերեն խմբագրության նախաբանում գրում է` ովքեր կարդացել էին պաշտոնական հաղորդագրությունը, համոզված էին, որ երիտթուրքերը «ստիպել էին թագաժառանգին «ինքնասպան լինել»: Տարբեր աղբյուրների տեղեկատվությունը հաստատում է այդ կասկածը»:

Գայոն և այլ պատմիչներ պնդում են, որ ռազմական նախարար Էնվեր փաշան է սպանել Իզեդինին, քանի որ նա ընդդիմանում էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի հետ Օսմանյան կայսրության դաշինք կապելուն: «Թուրքական նավատորմի՝ Օդեսան ռմբակոծելուց հետո նա [Իզեդինը] իր անհավանությունը հայտնեց բացահայտ ձևով: Այդ պահից սկսած՝ նրա ճակատագիրը որոշված էր»,- գրել է ֆրանսիացի նախարարը:

Հայոց ցեղասպանության ականավոր վերապրող եպիսկոպոս Գրիգորիս Բալաքյանն իր «Հայոց Գողգոթա» հուշագրության մեջ պնդում է, որ թագաժառանգին «սպանել է Էնվերի և Թալեաթի քրեական հանցախումբը…. Էնվերն անձամբ է սպանել Յուսուֆ Իզիդինին Բալմոմջիի կայսերական ագարակում»: Դարդանելի ճակատամարտում ականատես լինելով հազարավոր թուրք զինվորների դիակներին՝ թագաժառանգը բողոքել է Էնվերին՝ ասելով. «Դարդանելը դարձել է թուրքական բանակի գերեզմանը»: Նա սպանվել է՝ Էնվերին ատրճանակով սպառնալուց հետո:

Նրանք, ովքեր կարծում են, թե թագաժառանգի սպանությունը անհավատալի մի պատմություն է, պետք է գիտակցեն, որ նման պալատական սադրանքները սովորական երևույթ էին Օսմանյան կայսրության երկարատև պատմության ընթացքում: Շատ հաճախ սուլթանները ոչնչացնում էին դավադիր ժառանգորդներին, իսկ մրցակից արքայազններն սպանում էին միմյանց՝ գահին տիրանալու համար: Իրականում, 36 սուլթաններից 15-ը վերացվել են տարբեր միջոցներով` երեքը հրաժարվել են գահից, յոթը` գահընկեց արվել, իսկ հինգը` սպանվել:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի
հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Պատմության էջերից


11/07/2013