ԽՈՆԱՐՀ ՈՒ ԼՈՒՌ ԽԱՉՔԱՐԵՐ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի աշխատասենյակում զրույցի են բռնվել պատերազմի բովով անցած տղաները: Հիմնական խոսակցությունը Նորիկ Մկրտչյանի մասին է, որի մահվան լուրը հիշողությունների գիրկն է տարել նրանց: Սեղանին Նորիկի վերջին լուսանկարն է, որն արվել է հենց այստեղ` Գրիգորի աշխատասենյակում: Գրիգոր Սարիբեկյանն է, Նորիկը, «ՀԱԲ-ի Արամոն»` Արամ Թորգոմյանը, և էլի ուրիշներ:
-Սկզբունքային էր, հայրենասեր, միայնակ 100-ի դեմ դուրս կգար, որձ տղա էր,- ասում է Գ. Սարիբեկյանն ու արտասանում տողեր իր բանաստեղծություններից.
-Ես զենք վերցրի`
Արյամբ ժառանգված, ինձնից խռոված
Երազանքիս հետ հաշտվելու համար…
-Հաճախ էր գալիս, նստում, զրուցում էինք, վերհիշում անցածը,- ասում է Գ. Սարիբեկյանը:
-Թոշնում են, գնում, հալվում են տղաները, խաղաղության ժամանակ ծանր է ընկերոջ կորուստը, – ասում է «ՀԱԲ-ի Արամո» ջոկատի հրամանատար, գնդապետ Արամ Թորգոմյանը – հայրենասեր էր Նորիկը, իր հերոսներն էին Անդրանիկը, Նժդեհը: Ապրում էր, կռվում հերոսաբար` ամեն պահ մահը աչքի առաջ…
Նորիկ Մկրտչյանի` Նոր Նորքում գտնվող հայրական տանն ենք: Այստեղ են ծնվել Արամայիս և Քնարիկ Մկրտչյանների Լևոն, Լենա, Նորիկ երեխաները: Արամայիս հայրը ծառայող էր, մայրը` բուժաշխատող. ապրում էին, ինչպես բոլորը: Ծնողները արմատներով Գառնիից էին, և նախնիների ծննդավայրի հետ կապը կար: Երեխաների հետ հաճախ էին լինում այնտեղ: Առանց այդ էլ պատմական հնագույն հուշարձաններով հարուստ բնակավայրի պատմություններին երբ հայրն ավելացնում էր 20-րդ դարասկզբի իրադարձությունները, պատմում էր Գառնիի խմբապետերից, նրանց հայրենասիրական գործերից, հերոսական կռիվներից, եղբայրների հոգում բոցավառվում էր հայոց հին ու անցած օրերի փառքը:
Եվ երբ սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, ու հայրն արդեն կյանքից հեռացել էր, երկու եղբայր զինվորագրվեցին այդ սուրբ գործին:
-Մայրս ամեն անգամ կռիվ ճանապարհելիս ասում էր` խնդրում եմ ինձ մենակ չթողնեք, տուն կվերադառնաք ողջ ու առողջ, – վերհիշում է քույրը:
Իսկ մարտական ընկեր Արտաշ Մկրտչյանը ավելացնում է.
-Կռվի մեկնելիս երկու եղբայր վիճում էին, մեկը մյուսին փորձում էր համոզել, որ մնա: Կրտսերը Նորիկն էր, որի 18 տարին նոր-նոր էր բոլորել ու այնքան հասուն էր, այնքան բանիմաց, մեր պատմությանը քաջածանոթ:
Տղաները հիմնականում խոսում են Նորիկից: Պատերազմից հետո ապրում էր հին վերքերի մրմուռով, երկրորդ կարգի հաշմանդամ էր: Եվ հիմա ընկերները տխուր են ու լուռ:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է հոգեհանգստյան արարողությունը: Այցելուները բազմաթիվ են: Գալիս, ներս են մտնում, իրենց հարգանքի տուրքը մատուցում ու դանդաղ քայլերով դուրս գնում: Մարտական ընկերները խումբ-խումբ պտտվում են եկեղեցու բակում, նորից ներս մտնում ու զինվորի նման կանգնում իրենց ընկերոջ կողքին:
Ներսում հոգևոր երաժշտություն է, հոգեզմայլ. խաղաղ հնչյուններ.
-Ամենասուրբ Երրորդություն
Տուր աշխարհիս խաղաղություն…
Երգում է Լուսինե Զաքարյանը: Մահվան մահճում պառկած է Նորիկը: Եռագույնը առջևում է: Խորանին Տիրամայրն է: Ներքևում բարձիկների վրա Նորիկի ստացած պարգև մեդալներն են` «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն», «Զորավար Անդրանիկ»… և այսպես 20-ից ավելի պարգևներ…
Ու մտովի այդ պարգևները քեզ տանում են Նորիկ Արամայիսի Մկրտչյանի անցած մարտական ճանապարհով…
Անդամագրվելով ՀԱԲ-ի «Արամո» ջոկատին` մասնակցել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանային մարտերին` Աղբուլաղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Խոզնավար, Երասխ, Վարդենիս, Սիսիան, Մատաղիս, Բուզլուխ, Էրքեջ…Այսպես մինչև 1992 թվականը: Հիշատակված բնակավայրերը թվարկեցի ըստ հերթականության, սակայն կան բնակավայրեր, որտեղ երկու անգամ է եղել Նորիկը:
1992 թվականի հունվարից եղել է «Արծիվ-24» գումարտակի (հրամանատար՝ գնդապետ Սամվել Հովսեփյան` «Ադմիրալ») Նորքի տղաներից կազմված վաշտի հրամանատարը:
Եվ նորից սկսվում է Արցախի և Հայոց բնակավայրերի անունների շարքը, որտեղ մարտնչել են գումարտակի տղաները և նրանց հետ Նորիկը` Ղարադաղլու, Խոջալուի ազատագրում, Ոսկեպար (որտեղ վիրավորվել է), Լաչինի ազատագրում, Կապան, Կարմիրավան, Գորիս, Լաչին Ղոչազ, Կուբաթլու, Շուռնուխ, Մուրադխանլի, «Կոբրայի» դիրքերը, Օմար, Եղնիկներ, Մարտակերտ, Ֆիզուլի, Հորադիզ…
Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեզմայլ աստվածային երաժշտություն է: Երգում է Լուսինեն, ու հիշում եմ բանաստեղծ Վահագն Դավթյանին, որ երգչուհուն բնորոշել էր այսպես` «Երգող խաչքար»:
Նայելով ազատամարտիկներին, վիրավոր տղաներին, որոնք խոնարհաբար անցնում էին իրենց ընկերոջ կողքով, կանգնում հանց պատվո պահակախմբի զինվոր, մտքովս նրանց պատկերացնում, նմանեցնում եմ դարերից եկած մեր խաչքարերին, եկեղեցիներին:
Խոնարհված խաչքար, խոնարհված եկեղեցի` մեր հոգևոր հայրերը երբեք չեն օգտագործել քանդված, ավերված բառերը ոչ աշխարհիկ կառույցների՝ եկեղեցիների ու խաչքարերի համար: Եվ մեր ազատամարտի տղաներին ես ուզում եմ բնորոշել որպես խոնարհ եկեղեցի ու խաչքար…
Նրանց մարմինները բզկտված են գնդակներից, արկերից, այրված են արևից, սառնամանիքից, և նրանք նմանվել են ոչ թե ավերված, քանդված շինությունների, այլ խոնարհ եկեղեցու և խաչքարի…Ու թե անգամ գնդակն ու արկի բեկորը նրանց մարմնից մի մասնիկ են տանում` նրանք չե՛ն քանդվում, նրանք չե՛ն ավերվում` աստիճանաբար խոնարհվում են մայր հողին…
Ու Եռաբլուրում զինվորական նվագախմբի հնչյունների տակ Նորիկին ընդունում է մայր հողը, ընդունում են իր մարտական ընկերները: Իսկ ապրողների լռությունից պոկված խոսքերից ամբողջանում է նրա կերպարը.
Սամվել Հովսեփյան (Ադմիրալ). – Նորիկի նման տղաները ազգային արժեք են, մասունք, որոնց համար ընտանիքից մինչեւ զինանշան ու օրհներգ սրբություն է: Վերջին հրաժեշտի այս արարողությունները նկարահանվում են, որպեսզի Նորիկի երեխան` Արամը, վաղը, մյուս օրը ճանաչի իր հերոս հորը…
Նորիկը հերոս էր…եթե ադրբեջանցիները այսօր 120-ից ավելի հերոսներ ունեն` նրանք վազքի, գլուխն ազատելու հերոսներ են: Իսկական հերոսները մեր տղաներն էին, Նորիկը…
Արտաշ Մկրտչյան. – Անշահախնդիր էր, իսկական ազգի նվիրյալ, ընկերասեր էր. մի կտոր հացը պետք է կիսեր ընկերոջ հետ, չէր սիրում լուսանկարվել, խոսել (ինչպես մեր բոլոր տղաները), լուռումունջ մեր գործն էինք կատարում:
Սայաթ Առաքելյան. – Երբ որդու` Արամի հետ տեղ էինք գնում, ասում էր, որ լսենք հայրենասիրական երգեր, պատմենք մեր տղաների հերոսություններից:
Գագիկ Խաչատրյան. – Աստղով տղա էր, գառնեցի իր նախնիների իսկական ժառանգ:
Վալերի Միխայելյան. – Որպես մարդ, որպես ընկեր` վստահելի, ապահով: Բացի իրենից, բոլորի մասին մտածում էր: Միշտ կանգնում էր ամենադժվար դիրքերում: Վախ չուներ: Երբ հեռուստացույցով հերթականությամբ թվարկեցին «Շահումյանի վիշկեն» գրաված տղաների անունները, ես զանգեցի, ասացի, որ մեր անունները չկան, Նորոն իրեն հատուկ բարությամբ պատասխանեց.
-Ոչի՛նչ, կարևորը հայի անուն-ազգանուններ են եղել…
Նորոյի նման տղաներին պետք է պետության կողմից հոգացություն, աջակցություն…
Հովհանես Նիկողոսյան. -Նորիկը խղճի հիվանդ էր, բացի իրենից՝ բոլորի մասին մտածում էր…
Եվ պատերազմական հուշերը քաղցր անուններ, քաղցր հուշեր են արթնացնում: Սամվելի, Արայիկի, Սահակի, Սեյրանի, Անդրանիկի, Ռաֆիկի, «Բոցմանի», Սարգիսի, Արթուրի, Վալերիի, Ռուբիկի, Գևորգի հիշողություններում կա ցավ ու ափսոսանք, կա վիշտ ու միևնույն ժամանակ հպարտություն…
Նորիկի Լենա քրոջ աղջիկը (որը շատ է կապված եղել քեռուն) պատմում է, որ մեկ ամիս առաջ Նորիկը կարծես կանխազգալով իր մահը` շրջել է իր մարտական ճանապարհով, եղել է այն վայրերում, որտեղ մարտնչել է իր ընկերների հետ: Եվ ոչ մի տեղ տանը չի քնել, պառկել է բաց երկնքի տակ ու զրուցել աստղերի, լուսնի, այդ վայրերում զոհված իր ընկերների հետ: Տեսնես՝ ի՞նչ է մտորել Նորիկ Մկրտչյանը հայրենի եզերքներին… Սակայն ինչ էլ մտորել է` նրա խոհերը լուսավոր են եղել` հուսազեն ու հավատով լեցուն…
Սիրելի՛ Նորիկ, խաղաղություն հոգուդ և համբերություն հարազատներիդ, մարտական ընկերներիդ, որոնց պատմությունները քո մասին մի ամբողջական վեպի համար են…
Այսպես գրվեց, որովհետև դու չփշրվեցիր, չքանդվեցիր, այլ խոնարհվեցիր խաչքարի ու եկեղեցու նման…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ճակատագրեր